1,908 view
Ապարանի Օրհուս կենտրոնի փորձագետները ծանոթացել են Կանաչ տնտեսության ներդրման Ավստրիայի փորձին
30.11.2016
Նոյեմբերի 28-ին Ապարանի Օրհուս կենտրոնում կայացավ կենտրոնի փորձագետների խորհրդի նիստ:
Օրակարգի առաջին հարցի` կենտրոնի 2016թ. սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում կատարված աշխատանքների մասին հաղորդումով հանդես եկավ կենտրոնի համակարգողը: Նշեց, որ անցած ամիսների ընթացքում բնակչության մասնակցությունը խթանելու և համայնքային խնդիրների լուծմանը ներգրավելու ուղղությամբ Օրհուս կենտրոնն իրականացրել է կլոր սեղան- քննարկումներ, հանդիպումներ, այցելություններ, էկո կրթական դասընթացներ բնակչության տարբեր տարիքային խմբերի և խավերի ներկայացուցիչների համար:

Կատարվել են առաջին քայլերը համայնքային խնդիրների վերաբերյալ համայնքի բնակիչներին հետաքրքրող հարցերը համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու ուղղությամբ, դրանով իսկ առաջարկություն կատարելու, նախաձեռնությամբ հանդես գալու մշակույթի, պրակտիկայի ձևավորման ուղղությամբ:

Կլոր սեղան –քննարկումների ընթացքում համայնքի մի շարք բնապահպանական խնդիրների լուծման վերաբերյալ (կենցաղային թափոնների կառավարում, կանաչապատման բարելավում) մասնակիցների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա Օրհուս կենտրոնը կազմել է առաջարկությունների փաթեթ և ներկայացրել քաղաքապետին` ավագանու խորհրդի նիստում քննարկելու, համայնքի կողմից կազմվող հնգամյա զարգացման ծրագրի բնապահպանական մասի մեջ ներառելու համար:

Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր «Կանաչ» տնտեսությանը և ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, թափոնների արդյունավետ կառավարման ոլորտում Ավստրիական առաջավոր փորձին:
Կենտրոնի համակարգողը տեղեկացրեց, որ նոյեմբերի 21– 23_ն ընկած ժամանակահատվածում Օրհուս կենտրոնի համակարգողները Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մասնակցել են ԵԱՀԿ քարտուղարության նախաձեռնությամբ տեղի ունեցած միջազգային հանդիպմանը` «Օրհուս կենտրոնների տարեկան հանդիպում 2016»-ին:

Ծանոթացել են այլ երկրների կենտրոնների գործունեությանն ու Օրհուսի Կոնվենցիայի իրականացման առաջավոր փորձին, քննարկել ձեռքբերումներն ու բացթողումները:

Օրհուս կենտրոնների Վիենյան հանդիպման ժամանակ առանձնահատուկ նշանակություն է տրվել «Կանաչ» էկոնոմիկայի և ռեսուրսների արդյունավետ օգտագործման գաղափարին: Շեշտադրում կատարվել Օրհուս կենտրոնների ներուժի ամրապնդմանը` հեռանկարում, իրենց երկրներում Կանաչ էկոնոմիկայի անցման գործընթացում կենտրոնների ակտիվ մասնակցության առումով:

«Կանաչ» տնտեսությունը բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, արտադրության վերջնական արդյունքի վերօգտագործման և անթափոն արտադրության շնորհիվ ապահովում է հասարակության բարեկեցությունն ու դրա բարձր մակարդակի պահպանումը: «Կանաչ» տնտեսությունն, առաջին հերթին, ուղղված է սպառվող ռեսուրսների խնայողական (օգտակար հանածոներից նավթը, գազը) և անսպառ բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը:

«Կանաչ» տնտեսությանն անցման առաջավոր փորձով, հատկապես թափոնների կառավարման ոլորտում առանձնանում է Ավստրիայի հանրապետությունը: Վիեննայում Օրհուս կենտրոնների տարեկան հանդիպման մասնակիցների համար կազմակերպվեց այցելություն աղբի վերամշակման և այրման ձեռնարկություն, ինչը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու «Կանաչ» տնտեսության ուղղություններից մեկին ` թափոնների արդյունավետ կառավարմանը:

Ձեռնարկությունն աշխատում է ժամանակակից էկոլոգիական պահանջներին համապատասխան, կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ և սարքավորումներ: Այստեղ այրվում է 250 000 տոննա աղբ, թափոն, որը գործարան է տեղափոխվում 200 աղբահավաք մեքենաների ամենօրյա աշխատանքի միջոցով : Գործարանն ունի աղբի ներբեռնման 12 կետ: Աղբի բունկերի ծավալը 18 000 խմ է : Այստեղ աղբը ժամանակավորապես պահպանվում է, լավ խառնվում, հետո այրվում է մոտ 1000° C-ում:

Գործարանում արտադրվող ջերմային էներգիան օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության ու բնակելի ֆոնդի ջեռուցման համար:

Այս, իրավմամբ հեղափոխական պրոյեկտը, հնարավորություն է տվել լուծել ոչ միայն Վիեննայի աղբահանության և շրջակա միջավայրի պահպանության խնդիրները, այլև դարձել ջերմային և էլեկտրական էներգիայի այլընտրանքային աղբյուր: Ավելի քան 50 000 բնակարան ջեռուցվում են և 25 000 տնային տնտեսության ապահովվում են էլեկտրաէներգիայով աղբի այրման այս ձեռնարկության շնորհիվ:

Ներկայացված տեղեկատվությունը հետաքրքրեց փորձագետներին: Նիստի ավարտին առաջարկվեց հավանություն տալ կենտրոնի կատարած աշխատանքներին և շարունակել գործունեությունը` հիմք ընդունելով կենտրոնի տարեկան աշխատանքային ծրագրի նպատակները, տեխնիկական առաջադրանքի պահանջները , ինչպես նաև կենտրոնի ներուժն օգտագործել «Կանաչ» տնտեսության գաղափարի տարածման համար:

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Խմբագիր` Մարի Չաքրյան