3,371 view
Օրհուս կենտրոնների 2016թ. տարեկան հանդիպմանը կարևորվել է դրանց դերակատարությունը Կանաչ տնտեսության և ռեսուրսների արդյունավետ կառավարման գործում
30.11.2016
Նոյեմբերի 21-23-ը Վիեննայում տեղի ունեցած Օրհուս կենտրոնների 2016թ. տարեկան հանդիպման օրակարգում Կայուն զարգացման օրակարգ 2030 փաստաթղթի իրականացման համատեքստում Օրհուս կենտրոնների դերի քննարկումն էր և անելիքների ուրվագծումը: Մասնավորապես, ԵԱՀԿ քարտուղարության նախաձեռնությամբ մեկտեղված 14 երկրների Օրհուս կենտրոնների ներկայացուցիչները, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգողները, գործընկերները, փորձագետներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ԵԱՀԿ գրասենյակների ներկայացուցիչները համատեղ
քննարկեցին Կանաչ տնտեսության կյանքի կոչման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցերը:2002թ.-ից ի վեր ԵԱՀԿ Տնտեսական և շրջակա միջավայրի հարցերին ուղղված գործողությունների շրջանակում ԵԱՀԿ լոկալ գրասենյակների միջոցով աջակցություն է ցուցաբերվում Օրհուսի կոնվենցիայի իրականացմանը՝ որպես հիմնական գործիք ստեղծելով Օրհուս կենտրոններ Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի մի շարք երկրներում և ապահովելով դրանց շարունակական գործունեությունը:

Հանդիպմանն իր ողջույնի խոսքում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ընդգծեց, որ Օրհուս կենտրոնները ԵԱՀԿ-ի առաջնային նախաձեռնությունների թվում են, որոնք միանշանակ միավորում են ժողովրդավարական ինստիտուտների, շրջակա միջավայրի պաշտպանության և անվտանգության ամրապնդմանն ուղղված կազմակերպության ջանքերը:

Բանախոսն ընդգծեց, որ Կանաչ տնտեսությունը շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերի համակարգված նրդրում պահանջող հսկայական առաջադրանք է: «Սա այն ոլորտն է, որտեղ Օրհուս կենտրոնները կարող են մտցնել փոփոխություն, քանի որ դրանք դարձել են ապահով կամուրջ հանրության ու կառավարման մարմինների, որոշ դեպքերում նաև մասնավոր հատվածի միջև»,- ավելացրեց նա:

Հանդիպման առաջին օրվա երեկոյան, ԵԱՀԿ Տնտեսական և շրջակա միջավայրի հարցերը համակարգող մարմնի նախաձեռնած ընդունելության ժամանակ, Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդես եկավ ողջույնի խոսքով։ Նա ողջունեց միջոցառման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին նման բարձր ներկայացուցչական միջոցառման նախաձեռնման և Հայաստանի պատվիակությանը մասնակցության հնարավորություն ընձեռելու համար: Կարևորեց այս տարի ԵԱՀԿ նախագահող երկիր Գերմանիայի և 2017թ․-ին այդ դերը ստանձնել պատրաստվող Ավստիայի կողմից Կանաչ տնտեսության արժևորումը և Օրհուս կենտրոնների դերի գնահատումն այդ գաղափարախոսության տարածման ու կյանքի կոչման գործում։
Հանդիպումը հնարավորություն է ընձեռեց Օրհուս կենտրոններին խորացնել իրենց պատկերացումները Կանաչ տնտեսության հայեցակարգի մասին և քննարկել, թե ինչպես կարող են նպաստել այս նախաձեռնությանը հետագայում: Կանաչ տնտեսությունը միտված է տնտեսության զարգացմանը բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման նոր մոտեցուների ներդրման միջոցով՝ նվազեցնելով շրջակա միջավայրի ռիսկերը և էկոլոգիական դեֆիցիտը։

Օրհուս կենտրոնների հիմնական դերակատարումը հանդիպման մասնակիցները տեսան Կայուն զարգացման 2030 օրակարգի սկզբունքների իրականացմանն աջակցելու գործում` ապահովելով տեղական համայնքների և քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը: Քննարկվեցին կենտրոնների աշխատանքի շարունանականության ապահովման մարտահրավերները, այդ թվում իրավական ստատուսի, ֆինանսավորման, ֆոնդահայթայթման ու այլ հարցեր:

Նոյեմբերի 23-ին միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու Վիեննայի աղբի կառավարման համակարգին՝ որպես ռեսուրսների արդյունավետ օգտագործման օրինակելի փորձ: Այն իսկապես տպավորիչ էր: Հյուրերը տեղեկացան, որ Վիեննայում մասամբ իրականացվում է աղբի տեսակավորված հավաքագրում, յուրաքանչյուր 200-250մ հեռավորության վրա կարելի է գնտնել տեսակավորման աղբամանները: Իսկ չտեսակավորված աղբն այրվում է հատուկ տեխնոլոգիայով, որի արդյունքում անջատված ջերմային էներգիան ուղղվում է Վիեննայի բնակելի շենքերի մեծ մասի ջեռուցմանը՝ ավելի քան 50 000 բնակարան: Հենց աղբի գործարանի տարածքում մենք ականատես եղանք, թե ինչպես են բնակիչներն իրենք իրենց սեփական մեքենաներով տեսակավորված աղբը բերում աղբավայր, որն իհարկե լիովին տարբերվում էր աղբավայրի մասին մինչ օրս մեր ունեցած պատկերացումներից:

Այնուհետև միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու, թե շրջակա միջավայրի պահպանության և կանաչ տնտեսության ներդրման ուղղությամբ ինչ գործողություններ են իրականացվում մայրաքաղաքից մոտ 50 կմ հեռավորության վրա, Դանուբ գետի ափին գտնվող, 15 000 բնակչություն ունեցող Տուլն քաղաքում՝ հողատարածքների խելամիտ օգտագործումից մինչև էլեկտրոմոբիլների ներդրում:

Օրհուս կենտրոնների 2016թ. տարեկան ժողովն իրականություն դարձավ ԵԱՀԿ նախագահության՝ ի դեմս Գերմանիայի, Ավստրիայի հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարության ու Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ (http://www.osce.org/secretariat/280271) :

Պատրաստեց՝ Մարի Չաքրյանը