1,994 view
Արարատի մարզպետարանում քննարկվել են մարզի բնապահպանական հիմնախնդիրները
28.11.2016
Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուների հետ Արարատի Օրհուս կենտրոնի համակարգողի հանդիպմանը քննարկվել են մարզի բնապահպանական հիմնախնդիրները, ինչպես նաև երկու տարի առաջ ՀՀ կառավարության կողմից հաստատված, Արարատի մարզի 2015-2018 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի բնապահպանության ոլորտի խնդիրները և ռազմավարությունը:Կենտրոնի համակարգողը և վարչության պետ Հայկազ Տերտերյանը մանրամասնորեն քննարկել են մինչ օրս կատարված բնապահպանական աշխատանքները, մասնավորապես`Արարատյան արտեզյան

ջրահավաք ավազանի, արոտավայրերի, օդային ավազանի և հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև մարզի ոչ մետաղական հանքավայրերի շահագործմանը և արդյունքում առաջ եկած խնդիրներին:

Համակարգողը նաև ներկայացրել է, թե անցած երկու ամսում ինչ գործունեություն է ծավալել Արարատի Օրհուս կենտրոնը, և առաջիկայում, ըստ նախատեսվածի, ինչ ծրագրեր պետք է իրականացվեն: Հատկապես կարևորել է հասարակության էկոկրթությունը:

Վարչության պետը ողջունել է Օրհուս կենտրոնի կողմից իրականացվող բնապահպանական դասընթացների շարքը և նշել, կարևոր է Արարատի Օրհուս կենտրոնի ծրագրերում ամբողջ մարզի` Մասիսի, Վեդիի, Արարատի և Արտաշատի տարածաշրջանների ընդգրկումը: Նա կենտրոնի համակարգողին շնորհակալություն է հայտնել վարչության մասնագետների հետ սերտ համագործակցության, բնապահպանական տեղեկատվության փոխանակման համար:

Վերջում քննարկման մասնակիցները պայմանավորվել են հաճախակի դարձնել իրենց հանդիպումները և փորձել լուծում գտնել առկա բնապահպանական խնդիրների համար:

Գալուստ Նանյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Խմբագիր` Մարի Չաքրյան