1,718 view
Արարատի Օրհուս կենտրոնը կհամագործակցի Մասիսի քաղաքապետարանի հետ
28.11.2016
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող Գալուստ Նանյանը նախօրեին հանդիպել է Մասիսի նորընտիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ` կենտրոնի գործունեությունը և առաջիկայում իրականացվելիք ծրագրերը ներկայացնելու նպատակով:
Մասիսի քաղաքապետը ողջունել է կենտրոնի գործունեությունը մարզում և ներկայացրել Մասիս քաղաքում առկա բազմաթիվ բնապահպանական խնդիրները, որոնցից են` կանաչ տարածքների բացակայությունը, համայնքին մոտ գտնվող աղբավայրը, խմելու ջրի վատ մատակարարումը և վատ որակը և այլն:

«Ներկայիս աղբավայրը գտնվում է Մասիս քաղաքին շատ մոտ, ընդգրկում է մոտ 10 հա տարածք: Աղբահանությամբ զբաղվող ընկերությունը արտոնագիր ստացել է 99 տարով, սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ նման տարածքում աղբավայրի գոյությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը: Աշխատանքներ են տարվում, որպեսզի վարձակալողի հետ խզվի նախկին պայմանագիրը, և փորձենք գտնել ճիշտ լուծում, անգամ` նոր աղբավայրի տեղ որոշելու և քաղաքից աղբավայրը հեռացնելու տարբերակով»,- կենտրոնի համակարգողին ասել է քաղաքապետ Համբարձումյանը:

Անդրադարձ արելով նաև խմելու խմելու ջրի խնդրին` քաղաքապետը նշել է, որ այսօր մասիսցիներին ջուրը մատակարարվում է ցածր որակով և ընդամենը մի քանի ժամով: Համայնքապետը նշել է նաև, որ քաղաքի կոյուղու, հեղեղատարների և դրենաժային համակարգերը գրեթե գոյություն չունեն, և այդ առումով նույնպես աշխատանքները շատ են:

Քաղաքապետը ցանկություն է հայտնել, որ նմանատիպ մի կենտրոն էլ բացվի հենց Մասիսում, որ առողջ և սերտ համագործակցության արդյունքում փորձեն լուծում տալ առկա բնապահպանական հիմնախնդիրներին:
Կենտրոնի համակարգողը Դավիթ Համբարձումյանին տեղեկացրել է, որ նախատեսում է բնապահպանական տեղեկատվական դասընթացների շարք սկսել նաև Մասիս քաղաքի հանրակրթական դպրոցներում, ինչը ողջունվել է:

Գալուստ Նանյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Խմբագիր` Մարի Չաքրյան