2,289 view
Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին կոնվենցիայի Կողմերի իններորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28–30-ը, Լյուբլյանայում

17.11.2016

yerevan_17_11Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին կոնվենցիայի Կողմերի հանդիպման իններորդ խորհրդաժողովը տեղի կունենա նոյեմբերի 28–30-ը Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում: Այն կներառի նաև ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) համատեղ սեմինարը, որի նպատակն է, ըստ կայուն զարգացման օրակարգի, խթանել արդյունաբերական վթարների կանխարգելումը` պատրաստվածությունը և արձագանքը:

Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին կոնվենցիան կազմվել է ՄԱԿ-ի ԵՏՀ հովանու ներքո, ընդունվել է 1992 թ.-ի մարտի 17-ին, Հելսինկիում (Ֆինլանդիա): Ուժի մեջ է մտել 2000թ.-ի ապրիլի 19-ին` համաձայն իր 30-րդ հոդվածի:

Կոնվենցիայի նպատակն է` կանխել վթարների ընթացքը, կամ նվազեցնել դրանց հաճախականությունը և ուժգնությունը, ըստ անհրաժեշտության մեղմել դրանց հետևանքները: Կոնվենցիան նաև խթանում է ակտիվ միջազգային համագործակցությունը երկրների միջև արդյունաբերական վթարից առաջ, ընթացքում և հետո:
ՄԱԿ-ի ԵՏՀ Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին կոնվենցիայի Կողմերի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2000թ.-ի նոյեմբերի 22-24_ը Բրյուսելում (Բելգիա), որի ժամանակ ընդունվել է Կողմերի համաժողովի Կանոնակարգը, որը փոփոխության է ենթարկվել կոնվենցիայի կողմերի չորրորդ հանդիպմանը: Վերջինս տեղի է ունեցել 2006թ.-ի նոյեմբերի 15-17_ը, Հռոմում: Կարողությունների զարգացման գործընթացներին միտված այդ հանդիպմանը մասնակցել են պատվիրակություններ ՄԱԿ-ի ԵՏՀ անդամ 39 երկրներից, որոնց թվում է եղել նաև Հայաստանը:

Քարտուղարությունը զեկույց է ներկայացրել աջակցության ծրագրի նախապատրաստական փուլի աշխատանքների փաստահավաք առաքելությունների ու դրանց իրականացման արդյունքների վերաբերյալ: Այդ առաքելությունները կազմակերպվել են 11 երկրներում:

Վեց երկրներ`Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Մոլդովան, Ռումինիան, Ուկրաինան, իրականացնելով Կոնվենցիայով առաջադրված հիմնական խնդիրները, պատրաստ են եղել ընդունելու օգնություն բարդ խնդիրներ լուծելու համար: 4 երկրներում` Ադրբեջան, Վրաստան, Ղրղզստան և Տաջիկստան, հիմնական երեք խնդիրներից մեկն իրագործված չի եղել: Ինչ վերաբերում է Մակեդոնիային, չնայած բարձր մակարդակով հանձնառությանը, իշխանությունները մինչ այդ պահը հնարավորություն չեն ունեցել իրականացնելու հիմնական առաջադրանքները:

Սույն առաքելությունների իրականացման ընթացքում, մասնավորապես, բացահայտվել է, որ կողմ երկրները օժանդակության կարիք ունեն օրենսդրական դաշտի ամրապնդման, վտանգավոր գործունեության բացահայտման, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ իրականացման, արտակարգ իրավիճակներին արձագանքման և դրանց հետևանքների վերացման աշխատանքներն ավելի լավ ապահովելու առումով:
Երկրները բարձր են գնահատել Փաստահավաք խմբերի հետ քննարկումները` բացահայտելու համար Կոնվենցիայի իրականացման մակարդակը և աջակցության կարիքները` ակնկալելով օգնություն ստանալ մոտ ապագայում:

Այս հանդիպումից ի վեր իրականացվել են մի շարք գործողություններ, մշակվել է համապատասխան ծրագիր, սակայն խնդիրները շարունակում են օրակարգային մնալ:

Նոյեմբերի վերջին, Լուբլյանայում կայանալիք ԵՏՀ/ՏՀԶԿ համատեղ սեմինարի նպատակն է քննարկել, թե արդյունաբերական ու քիմիական վթարների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ այս կառույցների աշխատանքն ինչպես կարող է նպաստել կայուն զարգացման օրակարգի իրականացմանը, մասնավորապես «Կայուն զարգացման 2030օրակարգ»-ում ներառված նպատակներին, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրով (http://www.arnap.am/?p=3796) հաստատված նպատակների և առաջնահերթությունների ուղղությամբ գործողություններին:

Միջոցառման մանրամասները սույն հղումով. http://www.unece.org/index.php?id=41526#/ :

Պատրաստեց` Անուշ Բեյբությանը
Խմբագիր` Մարի Չաքրյան