2,773 view

Դու իրավունք ունես իմանալու, մասնակցելու և փոխելու

16.11.2016
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն, Երևանի Օրհուս կենտրոնի հետ համագործակցությամբ, «Հանրության արդյունավետ մասնակցությունը Օրհուսի կոնվենցիայի ներքո» խորագրով սեմինար անցկացրեց «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ գրասենյակում:
Սեմինարը կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը՝ լուծելու շրջակա միջավայրին առնչվող հարցերը» ծրագրի շրջանակում:
Ծրագրի շրջակա միջավայրի հարցերի և Օրհուսի կոնվենցիայի երեք հիմնասյուների վերաբերյալ քաղաքացիական հասարակության և կառավարման

մարմինների իրազեկության մակարդակի բարձրացման բաղադրիչի պատասխանատու Մարի Չաքրյանը ներկայացրեց, թե ինչ ասել է հանրության արդյունավետ մասանակցություն շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը: Մանրամասնեց Օրհուսի կոնվենցիայի մշակման ու կյանքի կոչման փուլերը, թե ինչպես են կոնվենցիայի երկու՝ շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ու արդարադատության մատչելիության վերաբերյալ հիմնասյուները նպաստում երրորդ՝ որոշումների կայացմանը հանրության մասնակցության դրույթի իրականացմանը:

Որպես Օրհուսի կոնվենցիայով նախատեսված որոշումների կայացմանը հանրության մասնակցության բարելավման պրակտիկ գործիք՝ ներկայացրեց Մաստրիխտյան առաջարկությունները, որոնք միտված են աջակցելու կողմերին շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը հանրության մասնակցության սեփական իրավական հիմքերի ստեղծման գործում և պատկան մարմինների կողմից, իրենց անմիջական աշխատանքի ընթացքում հանրության մասնակցությանը վերաբերող գործողությունների պլանավորման և իրականացման գործում:

Անդրադառնալով այս առումով մեր երկրում օրենսդրական բացերին ու հանրային լսումների ու քննարկումների անցկացման մշակույթին՝ բանախոսը նշեց. «Շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող որոշումների կայացմանը հանրության մասնակցությունը բարձրացնում է այդ որոշումների և դրանց արդյունավետ իրականացման ընթացքի որակը: Հետևապես կոնվենցիայի բոլոր կողմերը, այդ թվում Հայաստանը, պետք է վերանայեն հանրության մասնակցության հարցերը ոչ թե որպես ձևական գործընթացային պահանջ, այլև՝ որպես հաջող գործունեության և իրական ազդեցության հնարավորության հիմք»: Նա տեղեկացրեց, որ որոշակի քայլեր են ձեռնարկվում Հայաստանում հանրության մասնակցության ընթացակարգը ներդնելու ուղղությամբ, որ Բնապահպանության նախարարությունն արդեն մշակել է «ՀՀ կառավարության 2014 թվականի նոյհեմբերի 19-ի N1325-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը նպատակաուղղված է Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի Հայաստանի վերաբերյալ V/9A որոշմամբ ներկայացված առաջարկությունների ընդունմանը: (Նախագիծը ներկայումս բաց է առաջարկությունների ու դիտողությունների համար):

Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, շարունակելով թեման, ներկայացրեց, թե Հայաստանի Օրհուս կենտրոններն ինչպես են նպաստում որոշումների կայացմանը հանրության մասնակցությանը:

Սեմինարի մասնակիցները բազում օրինակներ նշեցին, երբ հանրությունը վաղ փուլից պատշաճ չի իրազեկվել շրջակա միջավայրի փոփոխության նախատեսվող գործողությունների մասին և մասնակցություն չի ունեցել որոշման կայացման գործընթացին, լավագույն դեպքում միայն արտահայտել է իր կարծիքը, որը տեղ չի գտել վերջնական որոշման մեջ: Նրանք տարբեր հարցեր բարձրացրին, թե այս կամ այն դեպքում քաղաքացիական հասարակությունը կամ անհատները ինչպես կարող են պաշտպանել կոնվենցիայով իրենց տրված իրավունքները:

Սիլվա Այվազյանը մի քանի օրինակներ բերեց, երբ քաղաքացիական հասարակության, ակտիվ երիտասարդների խելամիտ և հիմնավոր պայքարի արդյունքում, փոխվել է արդեն կայացված որոշումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության:

Թեման հետաքրիքր էր ու ծավալուն, հետևապես պայմանավորվածություն ձեռք բերվեց կրկին հանդիպելու:

Պատրաստեց՝ Մարի Չաքրյանը