3,636 view

Խորհրդատվական հանդիպում Վեդու քաղաքապետարանում

14.11.2016
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգողը հանդիպումներ է ունեցել Արարատի մարզի Վեդու քաղաքապետարանում: Նախ համակարգողը հանդիպել է Վեդու փոխքաղաքապետ Ալբերտ Սարոյանին, խոսել համայնքի բնապահպանական խնդիրների մասին, որից հետո հանդիպումը շարունակվել է նույն քաղաքապետարանի ընդհանուր բաժնի մասնագետների հետ, որտեղ այս օրերին նախապատրաստում և մշակում են հաջորդ՝ 2017-2021 թվականների Վեդի քաղաքի զարգացման հնգամյա ծրագիրը:
Մինչ նոր հնգամյա ծրագրին անդրադառնալը, Արարատի Օրհուս կնտրոնի համակարգողը փորձել է հասկանալ, թե մինչ օրս ինչ ծրագրով է զարգացել

Վեդի քաղաքը և այդ փաստաթղթում ինչ բնապահպանական հիմնախնդիրներ են ներառված եղել, որոնց քաղաքապետարանը պետք է լուծում տար մինչ 2016 թվականը:

Պարզվել է, որ մինչ օրս Վեդի քաղաքի համար օրակարգային հարց է մնում Արարատի Ցեմենտի գործարանի կողմից շրջակա միջավայրին հասցվող վնասը, որի պատճառով համայնքի հողերը և մթնոլորտային օդը աղտոտված են տարբեր վնասակար նյութերով:«Վեդի քաղաքի բոլոր հողերը հատում են աղտոտման բարձր մակարդակի շեմը (ԱԳԳ=32-128)»,-նշված է Վեդի քաղաքի զարգացման ծրագրում:Համայնքի զարգացման նոր ծրագրում առաջնային հիմնախնդիր է դրվել կանաչ տարածքների ընդլայնման և ոռոգման ջրագծերի հիմնանորոգման հարցը: Վեդի քաղաքի մեկ բնակչին հասնող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքը կազմում է 7.5 քմ, ինչը 2-2,2 անգամ պակաս է նախատեսված չափանիշից: Ըստ վիճակագրության համայնքն այսօր ունի 50 000 քմ մակերես կանաչապատ: Առկա է 1200 ծառ և 200 թուփ, ինչպես հուշարձանի շրջակա պուրակում, այնպես էլ փողոցների երկայնքով, քաղաքապետարանի վարչական շենքի տարածքում, կենտրոնական այգում և այլուր: Ոռոգման ջրագծերի ընդհանուր երկարությունը կազմում է 1850 գծմ:

«1980-ականներին կառուցված ոռոգման ներքին ցանցի քայքայման պատճառով կանաչապատ տարածքներն աստիճանաբար նվազել են: Վերջին 2 տարիներին համայնքի ուժերով հնարավոր է եղել պոլիէթիլենային խողովակներով նորոգել ոռոգման ցանցի 150մ հատվածը (արժեքը՝ 2մլն դրամ), քաղաքի կանաչ տնկարկների պաշտպանական և էկոլոգիական գործառույթը ոչնչացման եզրին է, ինչի ստեղծման և երկարատև խնամքի վրա ծախսվել են մի քանի սերունդների ջանքեր և բյուջետային միջոցներ»,- հայտնել են քաղաքապետարանից:

Դեռևս 2015թ.-ին պատրաստվել է 3 498մ ոռոգման ցանցի վերականգնման նախագիծ, որը հնարավորություն կտա ոռոգել և վերականգնել 10 հա կանաչ տարածք. «Նախատեսվում է նոր ցանցը կառուցել ժամանակակից ջրի և էներգիախնայողական տեխնոլոգիաների հաշվառմամբ՝ նվազեցնելու համար բնական սպառվող ռեսուրսների օգտագործումը և ոռոգման արժեքը՝ բյուջետային խնայված միջոցներն ուղղելով տնկարկների ընդլայնմանը»:

Ինչ վերաբերում է աղբահանության խնդիրներին, ապա Վեդու քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն, աղբահանության և սանիտարական մաքրման ենթակա փողոցների, հրապարակների, մայթերի, բակային տարածքների և այլ կառույցների ընդհանուր մակերեսը կազմում է 52 782քմ: Վեդի քաղաքի աղբահանության աշխատանքներն իրականացնում է «Մաքուր երկիր» մասնագիտացված կազմակերպությունը: Սանիտարական մաքրման (ներառյալ ձմռան ամիսներին) աշխատանքներն իրականացվում են Վեդու քաղաքային կոմունալ ծառայության կողմից:

Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռքբերվեց, որ հնգամյա ծրագրի ընդունմանը նախորդող հասարակական լսումներին և քննարկումներին Արարատի Օրհուս կենտրոնի համակարգողը նույնպես մասնակցություն ունենա:

Գալուստ Նանյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Խմբագիր՝ Մարի Չաքրյան