1,968 view
Տեղեկատվության հասանելիության ու հանրության մասնակցության հարցերի ներկայացում համայնքային ծառայողներին: Կապան
03.11.2016
Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 3-ը Կապանի Օրհուս կենտրոնում անցկացվեց ՀՀ Սյունիքի մարզի համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների վերապատրաստման 9-օրյա դասնթաց, որին մասնակցեցին Կապան, Քաջարան, Սիսիան քաղաքային և 6 գյուղական համայնքների 20 համայնքնային աշխատողներ:
Նոյեմբերի 2-ին` ՀՀ Սյունիքի մարզի համայնքային աշխատողների հերթական վերապատրաստման 9-օրյա դասընթացի նախավերջին հանդիպման թեման նվիրված էր տեղեկատվությանն ու տեղեկատվության ազատությանը: Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը ներկայացրեց, թե ինչ է տեղեկատվությունը,

տեղեկատվություն ստանալու և տրամադրելու եղանակները, տրամադրման-մերժման հիմքերը, տեղեկատվության տրամադրման արդյունավետության բարձրացման համար համայնքային տեղեկատվական համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, Օրհուսի կոնվենցիան:

Օրհուս կենտրոնի համակարգողը ներկայացրեց վերոհիշյալ հարցերը`հենվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի և Օրհուսի կոնվենցիայի դրույնթերի վրա: Նկատվեց, որ կոնվենցիային ծանոթ են հատկապես Կապանի և Քաջարանի քաղաքապետարանի աշխատակիցները, որոշ մասնակիցներ էլ տեղեկություններ ունեին` նախկինում Օրհուս կենտրոնի կողմից կազմակերպված նմանատիպ սեմինարների մասնակցության շնորհիվ:

Հարց բարձրացվեց, արդյոք նպատակահարմար է տրամադրել տեղեկատվություն ՀԿ-ների այդքան հարցումներին ի պատասխան, մասնավորապես համայնքային բյուջեի վերաբերյալ: Համակարգողը պարզաբանեց, որ եթե բյուջեի նախագիծը հասանելի լինի համայնքի կայքի միջոցով, այդքան մեծ թվով գրավոր հարցումներ չեն լինի, ինչ վերաբերվում է տարբեր ծախսերի վերլուծություններին, որոնք առկա չեն, անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան հիմնավորումները կամ պարզապես նշել, որ համայնքը բյուջեի նախագծի վերաբերյալ նման վերլուծություններ չունի:

Առավել ակտիվություն ցուցաբերվեց Օրհուսի կոնվենցիայի հասարակության մասնակցության հիմնադրույթի ներկայացման ժամանակ: Մասնակիցները ծանոթացան հանքարդյունաբերական, կոյուղատարերի, սանիտարական աղբահանության կազմակերպման և այլ հարցերի լուծման գործընթացին հանրության ներգրավման գործում Օրհուս կենտրոնի ձեռքբերումներին:

Մասնավորապես խոսվեց Կավարտ թաղամասի կոյուղատարի բացակայության մասին, որը լուրջ վտանգ է թաղամասում համաճարակի բռնկման առումով, առավել ևս, որ 30-40մ հեռավորության վրա են գտնվում մանկապարտեզն ու դպրոցը: Համակարգողը տեղեկացրեց, որ խնդրի վերաբերյալ Օրհուս կենտրոնը գրավոր առաջարկություն է ներկայացրել քաղաքապետարանին:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող