3,481 view
Հոկտեմբերի 30-ին լրանում է Օրհուսի կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 15-ամյակը

02.11.2016

Aarhus_02_11

Այս տարի նշվում է Օրհուսի Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 15-ամյակը։ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին Օրհուսի կոնվենցիան ընդունվել է 1998թ․-ի հունիսի 25-ին, Դանիայի Օրհուս քաղաքում, Նախարարական չորրորդ համաժողովին` որպես «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» գործընթացի անքակտելի մաս:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2001թ.-ի հոկտեմբերի 30-ին։ Ընդ որում, հենց Հայաստանը հանդիսացավ այն որոշիչ` 16-րդ երկիրը, որի վավերացմամբ ապահովվեց կոնվենցիայի ուժի մեջ մտնելը:

Օրհուսի Կոնվենցիան քաղաքացուն և քաղաքացիական հասարակական կազմակերպություններին տալիս է տեղեկատվության մատչելիության իրավունք՝ կապված աղտոտման, շրջակա միջավայրի վրա արդյունաբերական գործարանների ազդեցության և այլ գործունեության հետ:

Ըստ մարդու իրավունքների և շրջակա միջավայրի Հատուկ զեկուցողի, Օրհուսի կոնվենցիան դարձել է մարդու էկոլոգիական իրավունքների իրականացման պարտավորությունների «առաջատար օրինակ»։
Այդ իսկ պատճառով այս Կոնվենցիան բացառիկ է, ինչը շատ կարևոր է բնապահպանական քաղաքականության և կոնվենցիային միացած բոլոր 46 երկրների մասնակցության համար:

Այն օգնում է փրկել մարդկային կյանքեր վտանգավոր աղտոտիչներից, վտանգավոր օբյեկտներից և բնապահպանական աղետներից: Այն մեծապես օգնում քաղաքականություն մշակողներին` ամրապնդելու երկխոսությունը քաղաքացիների հետ, որն իր հերթին հանգեցնում է ավելի լավ և ավելի տեղեկացված որոշումների կայացմանը:

Այսօր Օրհուսի կոնվենցիայի սկզբունքները և փորձը չափազանց կարևոր են Կայուն զարգացման նոր նպատակների իրականացման համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, կենսաբազմազանության պաշտպանությունը, առողջապահությունը, աշխատատեղերի ստեղծումն ու աղքատության հաղթահարումը։

Կոնվենցիան նպատակային է, երբ խոսքը վերաբերում է կայուն զարգացման 16-րդ նպատակին՝ թափանցիկության, հաշվետվողականության և լավ կառավարման առումով։

Ի շնորհիվ Կառավարությունների, տարբեր գործընկեր կազմակերպությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների, ակադեմիաների, քաղաքացիական հասարակության և 59 Օրհուս կենտրոնների աշխատանքի, «Օրհուս» բառը դարձել է բնապահպանական ժողովրդավարության հոմանիշ և օգնել է կառուցել նոր ընդհանուր չափանիշներ Եվրասիա մայրցամաքում և նրա սահմաններից դուրս։

Օրհուսի կոնվենցիայի քարտուղարը, շնորհավորելով բոլորին հոբելյանական տարվա առիթով, ուշադրություն է հրավիրում ՄԱԿ-ի ԵՏՀ գործադիր քարտուղարության Օրհուսի կոնվենցիային նվիրված նորաստեղծ բլոգի վրա, որտեղ բարձր է գնահատված այն ամենը, որին արդեն հասել ենք վերջին 15 տարիների ընթացքում, և կարևորվում են այն մարտահրավերները, որոնք դրված են մեր առջև իրականացնելու Կայուն զարգացման օրակարգ 2030-ի և Փարիզի համաձայնագրի ներքո:

Բլոգը հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.unece.org/info/media/blog/previous-blogs/handbook-for-bush-sneakers.html/։

Ինչպես նշում է բլոգեր Քրիստիան Ֆռից Բախը. «Օրհուսի կոնվենցիան հիանալի կոնվենցիա է: Հուսով եմ, որ ավելի շատ երկրներ կմիանան և քաղաքացիներն ու քաղաքացիական հասարակությունը կշարունակեն կիրառել այն»:

Պատրաստեց Անուշ Բեյբությանը
Խմբագիր` Մարի Չաքրյան