3,727 view
Մշուշ, թե՞` աղտոտված օդ
01.11.2016
Ալավերդու պղնձաձուլական գործարանի վնասակար արտանետումները նվազեցնելու նպատակով` դեռևս 2011 թվականին գործարանի հին ծխնելույզին փոխարինելու եկավ Կոշաբերդ սարի գլխին կառուցված նոր ծխնելույզը, որը բնապահպանների համոզմամբ, ոչնչով չմեղմացրեց ո’չ Ալավերդի, ոչ էլ՝ Աքորի, Օձուն, Հաղպատ, Հագվի և Ախթալա համայնքերի բնապահպանական հիմնախնդիրները:Սակայն «Արմենիա Քափր Փրոգրամ» ՓԲԸ-ը (APC- Վալեքս խմբի ընկերություն) տնօրինությունը երբևիցե չհաշվարկեց, որ ժամանակավոր տեղակայված նոր ծխնելույզի վնասակար ազդեցությունն ավելի է,

քան` կար նախկինում: Չհաշվարկեց, որ նոր ծխատարի կառուցմամբ Ալավերդի քաղաքում վնասակար արտանետումների քանակի մասնակի նվազմանը զուգահեռ, որքանով է մեծանում հարակից բնակավայրերին և անռաներին հասցվող վնասը:

Դա թողնենք մասնագետներին և Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությանը, որի գործառույցների մեջ է մտնում ստուգել և համապատասխան եզրահանգումնրի գալ, անրադառնանք երեկ տեղի ունեցած միջադեպին, որ արձանագրել էին Ալավերդու քաղաքացիներն ու ահազանգել Ալավերդու բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոն:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան «Արմենիա Քափր Փրոգրամ» ՓԲԸ պղնձաձուլական գործարանի կոնվերտորային վառարանից նկատվել է չկազմակերպված արտանետումների նկատելի հոսք, որը, խառնվելով մառախուղին, սմոգի տեսքով տարածվել էր քաղաքով մեկ: Դրան հաջորդել են ակտիվ քննարկումները սոցիալական ցանցերում` դատապարտելով ընկերության անբարեխիղճ գործունեությունը:
https://web.facebook.com/anush.evoyan/videos/1097885933613638/

Հիշեցնենք, որ նույն վիճակում Ալավերդին հայտնվել էր անցյալ տարվա հունիս ամսին, և ընկերության ղեկավարությունը, ընդամենը ներողություն խնդրելով ալավերդցիներից, հայտարարություն տարածեց, որ չի գործում «Վալլեքս» խմբի ընկերությունների կազմում գտնվող «ACP» ընկերության Ալավերդու պղնձաձուլարանի Կոշաբերդ սարի գլխին կառուցված նոր ծխնելույզը, և իրենք գործի են դրել հինը:

Ի՞նչ է ստացվում, որ ամեն անգամ ալավերդցիները կամ անորակ ծխատարի պատճառով, կամ կոնվերտորային վառարանի չկազմակերպված արտանետումների պատճառով պետք է խեղդվեն ծխից:
Մինչդեռ Ալավերդու Օրհուս կետրոնի հոկտեմբերի 31-ի հարցմանն ի պատասխան, «Արմենիա Քափր Փրոգրամ» ՓԲԸ տնօրինությունը երեկ հայտարարել է, որ արձանագրված լուսանկարներում և տեսանյութերում առկա են մշուշ ու ամպամածություն, և, որ ամբողջ օրվա ընթացքում «Արմենիա Քափր Փրոգրամ» ՓԲԸ-ին պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ծավալը և բաղադրությունը նախորդ ամիսների համեմատ չի փոխվել (պատասխան):

Հատկանշական է, որ 2016 թվականի համար «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն պետական բյուջեից, սուբվենցիաների տեսքով Ալավերդի համայնքին բնապահպանական սուբվենցիա չի տրամադրվել, սակայն 2017 թվականի համար սուբվենցիայի տեսքով պետբյուջեից Ալավերդի համայնքին հատկացվել է 28 մլն դրամ (Դրանց պատճառները և այլ պարզաբանումներ գտնելու համար նայել կից մասնագիտական մեկնաբանությունը):
Դեռևս Խորհրդային տարիներին գործարանն ունեցել է ծծմբաթթվի արտադրություն և փոշեզտման համակարգ, ինչը որոշ չափով նվազեցրել է մթնոլորտային արտանետումները: Տարիներ շարունակ «Վալեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը բոլորին համոզում է, որ շուտով կառուցվելու է ծծմբաթթվի կորզման արտադրամաս (վերջին անգամ նա այդ մասին խոսել է նոր ծխնելույզի շահագործման ժամանակ), որն էլ կտրուկ կնվազեցնի վնասակար արտանետումները և դրանցից որսված խիստ վտանգավոր ծծմբային անհիդրիդից կարտադրվի ծծմբական թթու:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերն ամբողջությամբ քաղցկեղածին են` ծծմբի երկօքսիդ, որի տարեկան արտանետումները մոտ 11-ից 12 անգամ գերազանցում են ՍԹՔ-ն:

Պատրաստեց Գալուստ Նանյանը
Խմբագիր` Մարի Չաքրյան
Լուսանկարները տրամադրեց Անուշ Էվոյանը