2,393 view
Երևանի վարչական տարածքում գտնվող ամենավտանգավոր օբյեկտներից մեկի՝ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման ծրագրի քննարկում
24.10.2016
Հոկտեմբերի 21-ին, Երևանի Օրհուս կենտրոնում քննարկման թեման Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման հարցն էր:
Հիշեցնենք, որ «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախաձեռնությամբ մի խումբ ՀԿ-ներ ՀՀ վարչապետին իրենց մտահոգությունն էին հայտնել Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարությունների կողմից համատեղ իրականացվելիք «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական

աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների ախտազերծում» ծրագրի վերաբերյալ: Խնդրի առնչությամբ բնապահպանության նախարարությունը պարզաբանում էր տվել, հարցը շահագրգիռ կողմերի, այդ թվում ՀԿ-ների հետ քննարկվել էր բնապահպանության նախարարությունում, այնուհանդերձ ՀԿ-ների մտահոգությունը չէր նվազել:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ Լիլիկ Սիմոյանը քննարկման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը գտնվում է սողանքային գոտում, արդեն 6 մետրով տեղաշարժվել է, տարածքում անհայտ անձիք պարբերաբար քանդման աշխատանքներ են ծավալում, ինչը չափազանց վտանգավոր է: Հիշեցրեց Ստոկհոլմյան կոնվենցիայով նման թունաքիմիկատները վերացնելու մեր երկրի ստանձնած պարտավորությունների մասին:

Կազմակերպության նախագահ Ելենա Մանվելյանի խոսքով իրենց մտահոգությունը ոչ թե թունաքիմիկատները պահեստարանում պահելն է, այլև տարածքի մոտ 7000 տոննա աղտահարված հողը տեղում վնասազերծելը, ավելին, այդ նպատակով մասնավոր կառույց ստեղծելը, որը կարող է հետագայում էլ ծառայել նմանատիպ լայնածավալ գործողությունների համար, ինչը բիզնեսի տեսանկյունից կարող է շահավետ դիտարկվել՝ անտեսելով շրջակա միջավայրի պահպանության ռիսկերը:

«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը նշեց, որ իրենք կողմ են, որ խնդիրը լուծվի, բայց խելամիտ ճանապարհը գտնելուց հետո միայն:

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն էլ պահանջեց, որ մանրակրկիտ ՇՄԱԳ արվի ու քննարկվի հատկապես Հրազդանի հանրության հետ, այլապես ծրագիրը կարող են լուրջ դիմադրության արժանանալ, ««Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնությունն արդեն ահազանգում է բնակիչների մտահոգության մասին»,-ավելացրեց նա:
«Հրազդանի մտավորականներ» ՀԿ ներկայացուցիչ Հակոբ Գաբրիելյանը նշեց, որ Հրազդանի բնակիչները, անգամ համայնքի ղեկավարի ու մարզպետարանիաշխատակազմը, տեղեկացված չեն իրենց մոտ կառուցվելիք թունաքիմիկատների պահեստարանի մասին:

Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը ողջունեց ՀԿ-ների հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ՝ որպես նախատեսված բոլոր գործողություններում առավել զգուշավորության խթան: Փորձեց փարատել բոլոր մտահոգությունները. «Այս ծրագրի շնորհիվ վերջապես կունենանք թունաքիմիկատների կարգավորված պահեստ»: Նա պարզաբանեց, որ փակ ու ապահով տարաներով թունաքիմիկատների ժամանակավոր պահեստավորման համար տարածքն ընտրվել է՝ հաշվի առնելով, որ այն դեռ Սովետական միության օրոք ծառայել է որպես քաղպաշտպանության և բժշկական միջոցների պահեստ, գտնվում է ԱԻՆ բալանսում, որով լուծվում է պահեստարանի հետակա պահպանության ու անվտանգության ապահվման հարցը: Հստակ պահանջ է դրված, որ պատշաճ գնահատում իրականացվի: Ինչ վերաբերում է հողի վնասազերծմանը, ապա. «7000 տ հող տարհանելն, առավել ևս այլ երկիր, անհնար է թե՛ գործնականորեն, թե՛ ֆինանսապես»,-ավելացրեց նա՝քննարկման մասնակիցներից 2-3 հոգու հրավիրելովծրագրի խորհրդատվական կոմիտեի առաջիկա նիստին՝ քննարկելու այլընտարնքային տարբերակները:

Պատրաստեց՝ Մարի Չաքրյանը