727 view

Հայաստանի սողանքների հիմնախնդիրները դարձան «ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի» կազմակերպած առաջին կլոր սեղան – քննարկումների թեման

kzknist-09.07.12-3 11.07.2012
ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնը» (ԿԶԿ) հուլիսի 9-ին, ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում, կայուն զարգացման հիմնարար կոնցեպցիաների (տնտեսական, սոցիալակն և էկոլոգիական) քննարկումներին նվիրված կլոր-սեղան քննարկումներ էր կազմակերպել, որոնց ընթացքում հատուկ ուշադրություն էր դարձվել Հայաստանում սողանքների հիմնախնդիրներին Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն համալսարանականներ (ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ), այլև մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ բնապահպանական ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների («Արազա» բարեգործական ՀԿ, Էկոլոգիական հասարակական դաշինք, «Ազգային ջրային համագործակցություն», «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» , «Սպառողների աջակցման կենտրոն» և այլ ՀԿ-ների), Երևանի Օրհուս կենտրոնի, ՀԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի ներկայացուցիչները:

Մի քանի զեկուցողների առաջարկվել էր ներկայացնել իրենց զեկույցներն և մասնակցել քննարկումների:

Կայուն զարգացման կենտրոնի ղեկավար Ռուբեն Մովսեսյանն իր բացման խոսքում կարևորեց կենտրոնի այս անդրանիկ մեծ միջոցառումը՝ ակնկալելով, որ ոչ միայն հետաքրքիր զեկուցումներ կլինեն, այլև կհնչեն կարևոր առաջարկներ, որոնց շուրջ կծավալվի առողջ քննարկում:

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն էլ ողջույնի իր խոսքում նշեց, որ Կայուն զարգացման կենտրոնն իր առջեւ մի շարք կարեւոր նպատակներ է դրել, ինչը ողջունվում է ԵՊՀ ղեկավարության կողմից. «ԵՊՀ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակն արդյունավետ համագործակցում են արդեն շուրջ 7 տարի և “ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի” ստեղծումն այդ փոխշահավետ համագործակցության շարունակությունն է: Կենտրոնն այս տարվա մարտ ամսից սկսած հաջողությամբ գործում է: Իհարկե, կան նաեւ խնդիրներ, սակայն դրանք մոտ ապագայում կկարողանաք լուծել: Առողջ քննարկում եմ մաղթում բոլորիդ ու եւս մեկ անգամ շնորհավորում նման բնույթի կլոր սեղան-քննարկումներ անցկացնելու համար»:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մի քանի զեկույցներ:

Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը հանդես եկավ «ՀՀ տարածքում սողանքային երևույթների հետազոտությունների արդյունքները և ներկա իրավիճակը» զեկուցմամբ, որով նա ոչ միայն տեղեկություններ հաղորդեց ՀՀ տարածքում մեծ տարածում ունեցող այնպիսի վտանգավոր պրոցեսների և երևույթների մասին, ինչպիսիք են սողանքները, փլուզումները, քարաթափումները, հողաշերտերի նստվածքները, սելավները, որոնք մեծ վնաս են հասցնում երկրի տնտեսությանը, ինչպես նաև մարդկային զոհերի պատճառ դառնում, այլև ներկայացրեց այդ աղետների կանխարգելմանն ուղղված մի շարք առաջարկներ: Զեկույցի հեղինակը տեղեկացրեց, որ ”Ճապոնական “Միջազգային համագործակցության կազմակերպության“ և հայկական «Գեոռիսկ» ընկերության մասնագետների 2005թ-ին իրականացրած համատեղ հետազոտությունների արդյունքում ՀՀ-ում հայտնաբերվել են 2504 սողանքային տեղամասեր, որոնք առանձնացվել են արբայնակային լուսանկարների վերծանման արդյունքում, իսկ 2008-2009 թվականներին «Ջրհան» ՊՓԲԸ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված «ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական երևույթների (սողանքների) մշտադիտարկումների և ամփոփագրի (կադաստրի) կազման աշխատանքների» հաշվետվության մեջ ՀՀ բնակավայրերի տարածքում փաստագրվել է 387 սողանք, կազմվել են նշված սողանքների ամփոփագրային (կադաստրային) տվյալները: kzknist-09.07.12-1 ՀՀ ողջ տարածքում սողանքային երևույթների հասցրած սոցիալ- տնտեսական վնասներն նկարագրելու համար Մ. Գրիգորյանը թվարկեց հետևյալ տվյալները `

- սողանքային տեղամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 122 հազար քառ. կմ,

- սողանքային երևույթներ են գրանցվել 233 համայնքներում,

- 280 սողանքային երևույթների հետևանքով ընդհանուր առմամբ վնասվել են 240 կմ երկարությամբ ճանապարհներ,

- 10 սողանքների հետևանքով վնասվել է մոտավորապես 5 կմ երկարությամբ երկաթգիծ,

- ըստ սողանքային տեղամասերի ուսումնասիրությունների արդյունքներում ստացված տվյալների, սողանքային երևույթներից ուղղակի վնասը կազմել է մոտ 43մլն ԱՄՆ դոլար, իսկ պոտենցիալ վնասը՝ շուրջ 54 մլն ԱՄՆ դոլար:

Մարատ Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ ներկայումս հանրապետության տարածքում գրանցված ոչ մի սողանքային դաշտում չի կիրառվում հակասողանքային որևէ միջոցառում: Նույնիսկ Դիլիջան քաղաքի սողանքային դաշտի տարածքում մոտ 2.5 կմ երկարությամբ կառուցված ցամաքուրդային թունելը կառուցման օրից մինչ այսօր չի շահագործվում: Ելնելով վերը նշվածից և ծառացած խնդիրներին լուծումներ տալու պահանջից՝ նա նշեց, որ սողանքային երևույթների ուսումնասիրության խնդիրները բազմաթիվ են, բայց առաջնային են համարվում այն խնդիրները, որոնցով հիմնականում պայմանավորված է սողանքային տեղաշարժերը և որոնց լուծումով հնարավոր է առաջարկել հակասողանքային միջոցառումների մի փաթեթ, որի կիրառումից հետո տեղի կունենա սողանքային գրունտների կայունացում և որը առաջ կբերի սողանքային մարմնի և սողանքային լանջի կայունացման: kzknist-09.07.12-5Առաջնային խնդիրները կայանում են հետևյալում՝

ա) Սողանքային լանջի երկրաբանական կտրվածքի լիթոլոգիական կազմի ուսումնասիրություն մինչև արմատական ապարները:

բ) Գործող սահքի հարթության տեղադրման ձևի և խորության որոշումը, սահքի հարթության համասեռության որոշումը:

գ) Ստորերկրյա ջրերի առկայության և դրանց մակարդակի խորության որոշում:

դ) Ստորերկրյա ջրերի հոսքերի ուղղությունների որոշում սողանքային մարմնում և նրա սահմաններից դուրս:

Նշված խնդիրները առաջնային են հատկապես հակասողանքային միջոցառումների պլանը կազմելիս, իսկ մյուս խնդիրների լուծումը, ինչպիսիք են գրունտների ֆիզիկո-մեխանիկական հատկությունների ուսումնասիրությունը, մակերեսային տեղաշարժերի ուսումնասիրությունը, սողանքային գրունտների առանձգականության դինամիկական գործակիցների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն կունենա սողանքային երևույթների ակտիվացումը կամ էլ դանդաղեցումը գրանցելու, ինչպես նաև հակասողանքային միջոցառման արդյունավետությունը գնահատելու առումներով:

Ելնելով վերը նշվածներից և ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից առաջարկվում է սողանքային դաշտերում իրականացնել հետևյալ ուսումնասիրությունները`

Ինժեներա – երկրաբանական հետազոտություններ
Հիդրոերկրաբանական հետազոտություններ
Երկրաֆիզիկական հետազոտություններ
Գեոմորֆոլոգիական հետազոտություններ
Հորատման աշխատանքներ
Արբանյակային դիրքորոշման կայանների միջոցով սողանքային մարմինների տեղաշարժման ուղղությունների և արագությունների որոշում:
Ուսումնասիրությունների արդյունքում պետք է ներկայացվեն հետևյալ նյութերը`

Տարածության մեջ, կայուն, չխախտված, արմատական ապարների տեղադրման ձևի և խորության քարտեզ
Ստորերկրյա ջրերի տեղադրման խորության, հոսքի ուղղությունների, առավելագույնս ներթափանցելիության խորությունների քարտեզը:
Գործող սողանքների սահքի հարթության խորության և տեղադրման ձևի քարտեզ
Տվյալներ ջրերի քիմիական կազմի վերաբերյալ
Գրունտների ֆիզիկա-մեխանիկական հատկությունները մասին տվյալներ
Կայուն և սահքի ենթարկված ապարների առաձգականության գործակցի (Ed) և սահքի մոդուլի (µ d ) դինամիկական արժեքների քարտեզ:
Սողանքային մարմնի տեղաշարժման ուղղությունների և արագությունների քարտեզ
Ստացված տվյալները տարվա մեջ երկու տարբեր ժամանակահատվածներում կենթարկվեն մշտադիտարկման և որից հետո կմշակվեն և կտրվեն հակասողանքային միջոցառումներ: Հակասողանքային միջոցառումներն իրականացնելուց հետո պետք է իրականացվի մշտադիտարկում (երկրաֆիզիկական, ջրաերկրաբանական, արբանյակային կայանների օգնությամբ), որը հնարավորություն կտա գնահատելու հակասողանքային միջոցառման արդյունավետությունը: Առաջարկվող համալիր ուսումնասիրությունները և սպասվող արդյունքների տվյալները կիրառելի և ընդունելի են սողանքային դաշտերի համար: Որևէ տեղամասի համար նախագիծ-նախահաշիվը իրականացնելու դեպքում հարկ կլինի մասնակի լրացումներ կամ փոփոխություններ կատարել՝ ելնելով տվյալ ժամանակահատվածում աշխատանքների իրականացումից:

«Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի պրոֆեսոր Կարինե Դանիելյանն էլ ներկայացրեց սույն թվականի հունիսի 12-22 Բրազիլիայի Ռիո Դե Ժանեյրո քաղաքում տեղի ունեցած «Կայուն զարգացմանը նվիրված ՄԱԿ-ի «Ռիո+20» գագաթնաժողովի արդյունքներն ու ՀՀ ներկայացուցիչների կողմից կազմակերպված միջոցառումը» զեկույցը:

Զեկուցումներից հետո ծավալվեցին բավականին հետաքրքիր քննարկումներ, որոնց ընթացքում արված առաջարկներ հետագայում կքննարկվեն ԿԶԿ կենտրոնի աշխատակիցների կողմից և կներկայացվեն ՀՀ Կառավարության համապատասխան ստորաբաժանումներին: