2,506 view

Բացառենք կապարը ներկերում

19.10.2016
«Կապարից թունավորվելու կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ» ամենամյա ակցիայի շրջանակում, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» և «Խազեր» էկոլոգամշակութային հկ-ների նախաձեռնությամբ, Երևանի Օրհուս կենտրոնի աջակցությամբ, հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ քննարկում։

Ներկերում կապարի պարունակության և դրա բացասական ազդեցության խնդիրը Հայաստանում առաջին անգամ բարձրացրել է «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն, 2011թ․-ին:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ ներկայացուցիչ Լիլիկ Սիմոնյանը ներկայացրեց, որ ամեն տարի երեխաների կապարային թունավորման 600 հազար դեպք է գրանցվում, որոնք արտահայտվում են մտավոր թերզարգացման տեսքով։

Այս և այլ հանգամանքներ պատճառ են հանդիսացել, որ Կապարային ներկերի բացառման գլոբալ ալյանսն առավել մանրամասն ուսումնասիրություններ իրականացնի կապար պարունակող նյութերի ու դրանց ազդեցության ուղղությամբ և ներկերում կապարի բացառման հարց դնի միջազգային կազմակերպությունների ու կառավարությունների առջև։Կազմակերպության փորձագետ Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ-ում վաճառվող էմալային ներկերում կապարի պարունակության վերաբերյալ 2013թ-ին և այս տարի իրականացված ուսումնասիրության արդյունքները։ Նրա խոսքով, Հայաստան ներկրվող և վաճառվող ներկերում կապարի քանակն ավելի բարձր է, քան այլ երկրներում։ Այս տարի ըստ գույների (կարմիր, կանաչ, դեղին) ուսումնասիրված 49 նմուշներից 29-ում կապարի քանակը գերազանցել է միջազգային ՍԹԽ-ն (Սահմանային թույլատրելի խտություն), որը 90 ppm է (մեկ միավորը միլիոնի մեջ), իսկ Հայաստանում ընդունված ՍԹԽ-ն՝ 5000 ppm-ը, գեզանցված է եղել 11 նմուշում։ Ընդ որում իրանական արտադրության դեղին ներկերից մեկում կապարի պարունակությունը 180 հազար ppm է եղել, մինչդեռ 10 հազար ppm-ն արդեն համարվում է չափազանց վտանգավոր։ Եթե ուսումնասիրության արդյունքները դիտարկենք ըստ արտադրման աշխարհագրության, ապա Հայաստանում վաճառվող ներկերում կապարի պարունակությունը միջազգային ստանդարտից պակաս է եղել Ամերիկյան արտադրության ներկերում, որոնք, սակայն, ավելի թանկարժեք են։

Քնարիկ Գրիգորյանի խոսքով ընդամենը երկու ներկի վրա է նշում եղել կապար չպարունակելու մասին, սակայն դրանցից մեկում կապարը միջազգային ՍԹԽ-ի սահմանում է եղել, մյուսում ՝ 11 անգամ ավելի։
Լինելով թունավոր մետաղ, կապարն անդառնալի ազդեցություն է թողնում հատկապես երեխաների առողջության վրա։ Այն, անցնելով օրգանիզմ, ոչ թե քայքայվում է, այլ՝ կուտակվում օրգանիզմում։
<Խազեր> էկոլոգամշակութային ՀԿ անդամ Ասյա Այվազյանը ներկայացրեց, որ Կապարային ներկերի բացառման գլոբալ ալյանսի ուսումնասիրության համաձայն, կապարի ազդեցության հետևանքով նվազում են երեխայի ինտելեկտուալ կարողություններն ու աշխատունակությունը, որը կարելի է արտահայտել ապագա կորցրած եկամուտներով։ Ըստ 2011թ․հաշվարկների, Հայաստանի համար այդ կորուստը կազմում է ՀՆԱ-ի 2%-ը (414 մլն դոլար)։

Հայաստանը հրաժարվել է կապար պարունակող էթիլացված բենզինից, բայց կապարը պարունակվում է մարտկոցներում, մետաղյա, պլաստիկ տարաներում, կերամիկայում, արդուզարդի պարագաներում, ներկերում, որոնք օգտագործվում են դռների պատուհանների, նույնիսկ խաղալիքների ներկման համար։
Արդյունաբերական զարգացած երկրներում նման ներկերի կիրառման հարցը վերանայվել ու արգելվել է դեռ քառասուն տարի առաջ, իսկ զարգացող երկրներում կապար պարունակող ներկերը շարունակում են արտադրվել, վաճառվել և օգտագործվել կենցաղում։ Ուստի միջոցառման նախաձեռնողները պատրաստվում են դիմել կառավարությանը, որպեսզի վերանայվի կապարի պարունակության ՍԹԽ-ն և կապար պարունակող ներկեր Հայաստան չներկրվեն։ Ինչպես նաև՝ Եվրոպական տնտեսական հանձնաժողովին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն մինչև 2020թ. ներկերում կապարի բացառման ուղղությամբ։

Պատրաստեց՝ Մարի Չաքրյանը