2,159 view
Վտանգավոր թափոնների պահեստավորման ու վնասազերծման ազգային կենտրոնի ստեղծման առնչությամբ մի շարք հասարակական կազմակերպությունների վեր հանած խնդիրների վերաբերյալ ԲՆ պարզաբանումը

06.10.2016

LOGO_mnpԳլոբալ Էկոլոգիական Ֆոնդի (ԳԷՖ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ իրականացվող «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» լայնածավալ ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) նախատեսվում է նշված վտանգավոր թափոնների պահեստավորման և կառավարման (ըստ անհրաժեշտության նաև հնարավոր ընդունող տարածք՝ վտանգավոր թափոնների վտանգազերծման համար) ազգային կենտրոնի ստեղծում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ։

Ծրագրի նախաձեռնման հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի դիմումը ուղղված միջազգային առաքելություններին և կազմակերպություններին՝ օժանդակել Երևանի տարածքում տեղակայված Նուբարաշենի թունաքիմիկատների թափոնների գերեզմանոցի մաքրմանն ու արտափորված թափոնի ոչնչացմանը։ Վարչապետի այս կոչն արձագանք էր «Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից Նուբարաշենի թունաքիմիկատների թափոնների գերեզմանոցի ներկայացրած վտանգին լուծում տալու բարձրաձայնված խնդրին։

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը 2001 թվականի մայիսի 23-ին ստորագրել և կողմ է դարձել Ստոկհոլմի կոնվենցիային , ինչը վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2003 թվականի հոկտեմբերի 22-ին։ Այս կոնվենցիային միացած երկրները պարտավորություն են ստանձնել սահմանափակել կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) օգտագործումը և ոչնչացնել եղած պաշարները մինչ 2025 թվականը։ Հայաստանի Հանրապետությունը նույնպես ստանձնել է պարտավորություն բնապահպանորեն անվտանգ եղանակով ոչնչացնել կամ վնասազերծել ՀՀ-ում առկա, ինչպես ԽՍՀՄ ժամանակներից ժառանգած ԿՕԱ աղտոտիչ հանդիսացող թափոնները՝ որոնց մեջ մաս է կազմում Նուբարաշենի արվարձանում թաղված ժամկետանց պեստիցիդների պաշարը՝ մոտ 1000 տոննա մաքուր պեստիցիդներ, և մոտ 7000 տոննա բարձր աղտոտվածության հողը։ Նախատեսվում է նաև ՀՀ համայնքներում պեստիցիդների պահեստավորման և բաշխման պահեստներում նախկինից մնացած ժամկետանց պեստիցիդների հավաքում և նույնպես ոչնչացում։ Այս քանակը գնահատվում է մոտ 150 տոննա։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) օժանդակությամբ պետք է հավաքի, փաթեթավորի այս պահեստներում մնացած ժամկետանց պեստիցիդները, և Նուբարաշենի թափոնի հետ միասին ուղղվի ոչնչացման։ Խորհրդային տարիներից ժառանգված նման պահեստներ (համեմատած լավ կամ շատ վատ վիճակում պահպանված) առկա են գրեթե բոլոր համայնքներում։ Գնահատվում է, որ դրանցից 24-ում առկա է առավել մեծ քանակի ժամկետանց պեստիցիդների պաշար, ինչը մասնավորապես պետք է լինի ՀՀ գյուղատնտեսության նախարարության թիրախը` հավաքելու և փաթեթավորելու, ոչնչացման նպատակով։

Ծրագիրը հաստատվել է երկամյա՝ 2012-2014թթ. նախապատրաստական փուլի աշխատանքների արդյունքում՝ ծրագրային փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև 2015թ մայիսի 25-ին։

Ինչպես վերևում նշվեց ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել 2011-2013 թվականներին ԵԱՀԿ-ի և չեխական աջակցությամբ և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի» բնապահպանական հասարակական կազմակերպության մասնակցությամբ իրականացված Նուբարաշենի տարածքի գնահատման, թափոնի տարածման բնապահպանական գնահատման արդյունքների վերլուծությունը։ Այս փուլում մասնակցել են միջազգային բնապահպանական, քիմիական-ինժեներական-տեխնոլոգիական մեծ փորձառություն ունեցող միջազգային փորձագետներ և կազմակերպություններ, իրականացվել են հանրային լսումներ, քննարկումներ՝ բնապահպանական և այլ պրոֆիլի հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Ծրագիրն ունի կառավարման խորհուրդ՝ ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների համատեղ ղեկավարմամբ, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ծրագրային փաստաթղթով հաստատվել և նախատեսվել է 7000 տոննա հողի տեղափոխում Հրազդանի պահեստային կենտրոն՝ հետագա վնասազերծման նպատակով։ Ներկա մրցութային փաթեթի տեխնիկական առաջադրանքով պահանջվում է այժմ ՀՀ ԱԻՆ-ի տնօրինման տակ գտնվող քաղպաշտպանության և բժշկական ապրանքների նախկին պահեստային տարածքի վերակառուցման առաջարկի մշակում։ Վերակառուցման արդյունքում կհիմնվի անվտանգության ՀՀ քաղաքաշինական նորմերի և միջազգային (ՄԱԿ-ի կողմից ընդունված) ստանդարտների պահանջներին համապատասխանող պահեստային հաստատություն, որը կգործի ՀՀ ԱԻՆ-ի կառավարման ներքո և կհանդիսանա քիմիական վտանգավոր թափոնների կառավարման կենտրոն։ Այս կենտրոնը կծառայի Նուբարաշենից արտափորված ժամկետանց պեստիցիդների ժամանակավոր պահեստավորման վայր։ Այն կշարունակի գործել որպես այլ քիմիական թափոնների (ներառյալ դպրոցների քիմիական կաբինետներում և այլ կրթական հաստատություններում, գիտական, բժշկական և այլ հաստատություններում կուտակված ժամկետանց քիմիական նյութերի) հավաքման և անվտանգ պահպանման վայր՝ ըստ սահմանված սխեմայի հետագա ոչնչացման հաստատություն ուղարկելու պայմանով։

Աղբյուրը` http://www.mnp.am/?aid=5592