817 view

ՀՀ լեռնային արդյունաբերության տեխնածին թափոնները. օգտագործման տեխնոլոգիական, տնտեսական, բնապահպանական խնդիրները դարձան «ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի» ԵՊՀ-ում կազմակերպած երկրորդ կլոր սեղան

07.11_1 09.11.2012

ԵՊՀ «Կայուն զարգացման կենտրոնը» (ԿԶԿ) սույն թվականի նոյեմբերի 7-ին, Պալյանների անվան դահլիճում կլոր սեղան քննարկում էր կազմակերպել` հատուկ ուշադրություն սևեռելով Հայաստանում լեռնային արդյունաբերության տեխնածին թափոնների կառավարման պրոբլեմների վրա: Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն համալսարանականները (ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից և գիտական կենտրոններից), այլև բնապահպանական ոլորտում աշխատող մի շարք հասարակական և գիտական կազմակերպությունների («Կայուն Ջրային Միջավայր», «Խազեր՚» էկոլոգամշակութային, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» և այլ ՀԿ-ների), ԵՃՇՊՀ գեոէկոլոգիայի ամբիոնի, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի, Երևանի, Ալավերդու, Գավառի «Օրհուս» կենտրոնների, ՀԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ մի շարք հեռուստակենտրոնների («Ար», «Արմնյուզ», «Երկիրմեդիա», «Ա1+») և թերթերի («Դելովոյ էկսպրես», «Առավոտ») ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, որը նշեց, որ «Հայաստանում առկա պոչամբարները պետք է դիտարկվեն որպես տեխնածին հանքավայրեր, որոնք կարելի է շահավետ օգտագործել, ինչը ե՛ւ բնապահպանական շատ հարցեր կլուծի, ե՛ւ մեծ եկամուտ կապահովի մեր երկրի համար: Աշխարհում դա վաղուց ընդունված տեխնոլոգիա է, եւ մենք ունենք բոլոր հնարավորությունները դա Հայաստանում կիրառելու համար»:

Այնուհետև ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ, երկարբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու, «ԿԶԿ»-ի ղեկավար Ռ.Ս. Մովսեսյանը ներկայացրեց «ՀՀ լեռնային արդյունաբերության տեխնածին թափոնները. օգտագործման տեխնոլոգիական, տնտեսական, բնապահպանական խնդիրները» զեկույցը, որը հիմնված էր կենտրոնի աշխատակիցների և ներգրավված փորձագետների կողմից կատարված աշխատանքների արդյունքների վրա:

Զեկույցում մասնավորապես նշվեց, որ ՀՀ-ն ավանդական լեռնահանքային երկիր է: Նրա տարածքում կան մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների բազմաթիվ արդյունաբերական կուտակումներ: Նրանց շահագործման հետևանքով առաջացել են մեծածավալ տեխնածին թափոններ, որոնք կարելի է դիտարկել որպես հանքային հումքի կորզման լրացուցիչ աղբյուրներ և որպես կուտակումներ, որոնք վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար: Վերջինս հատկապես վերաբերվում է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետևանքով առաջացած թափոնակույտերին:

Զեկույցում քննարկվեցին շահագործվող հանքավայրերի հանքաքարերի ավելի ռացիոնալ մշակման հարցերը և տեխնածին թափոնների օգտագործման հետ կապված տնտեսական, տեխնոլոգիական և բնապահպանական հարցեր:

Եզրափակելով զեկույցն Ռ. Մովսեսյան ներկայացրեց ՀՀ լեռնաարդյունաբերական բնագավառն կարգավորելու համար «ԿԶԿ» կողմից ձևավորված հետևյալ մոտեցումները`

- անհրաժեշտ է կատարել տեխնածին թափոնների հաշվառում և դասակարգում: Թափոնների նույնականացումն /իդենտիֆիկացումը/ ունի առաջնահերթ նշանակություն նրանց վերամշակման համար, քանի որ թափոնների յուրաքանչյուր տիպ վերամշակվում է տարբեր մեթոդներով,

- անհրաժեշտ է կատարել տեխնածին թափոնների վտանգավորության և հանքահումքային ներուժի ընդհանուր գնահատում,

- անհրաժեշտ է կատարել տեխնածին կուտակումների երկրաբանատնտեսագիտական գնահատում, նպատակ ունենալով բացահայտել արդյունաբերական նշանակության օբյեկտները` տեխնածին հանքավայրերը

- անհրաժեշտ է առանձնացնել առաջնահերթ օբյեկտները նրանց վնասազերծման կամ շահագործման համար

Այս ամենին հասնելու համար առաջարկվում է կատարել փոփոխություններ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի թափոններին վերաբերվող կետերում, նպատակ ունենալով նշված թափոնակույտերի օգտագործման գործող մոտեցումների փոփոխումը:

Զեկույցին հաջորդեցին շահագրգիռ և ակտիվ քննարկումներ մասնագետների և ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բազմաթիվ հարցերից և պարզաբանուներից բացի եղան նաև կոնկրետ առաջարկություններ: