2,767 view
Միրաք գյուղի բնակիչները ենթադրում էին, որ հերթական պոչամբարն է կառուցվում

30.09.2016

News_miraq_30_09Արագածոտնի մարզի Միրաք համայնքի բնակիչները ահազանգել էին,որ Միրաք համայնքից Մելիք տանող ճանապարի 4-րդ կմ-ին տեղի են ունենում շինարարական աշխատանքներ:

Այդ փաստն անհանգստացրել էր բնակիչներին, նրանք ենթադրելէին,որ շինարարությունը կապված է «ՄեգոԳոլդ» հանքարդյունահանող ընկերության հետ: Հիշեցնենք,որ «ՄեգոԳոլդ» ընկերությունը 2015թ.-ին ներկայացրել էր «ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի վերազինման, պոչամբարի պաշտպանիչ պատնեշի և պոչանքների ժամանակավոր չոր պահեստարանի» կառուցման, ավելի ուշ՝ եղած պոչամբարների միավորման նախագիծ:

Բնակիչները մտահոգ էին,որ վերոնշյալ տարածքում,հավանական է,կառուցվում է պոչամբար, քանի որ տարածքը համապատասխանում է պոչամբարի կառուցման նախագծին:

Արձագանքելով ահազանգերին՝ «ԲնությանՀամար» ՀԿ-ն այցելել էր Միրաք գյուղ, տեղեկացել խնդրին և տեղեկություն տրամադրելու խնդրանքով պաշտոնական հարցում է արել Բնապահպանության նախարարությանը՝ պարզելու, թե ինչ շինարարական աշխատանքներ են ընթանում վերհիշյալ տարածքում և ինչ առնչություն ունի «ՄեգոԳոլդ» ընկերությունն այդ աշխատանքների հետ: Ի պատասխան մեր նամակին՝ Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ վերհիշյալ շինարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չի անցել:

Բանավոր նաև տեղեկացանք, որ նշյալ տարածքում ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

Այս պահին, ոչ մի շինարարական աշխատանք չի ընթանում: Սակայն եղելությունը կրկին վկայում է այն մասին, որ համայնքը պետք է իրազեկ լինի իր և հարակից տարածքում նախատեսվող կամ պլանավորվող գործողությունների մասին ամենավաղ փուլից, լինի տեղեկացված և մասնակից անգամ մանրուք թվացող որոշման կայացմանը:

Պատրաստեց՝ Համլետ Սմոյանը

Խմբագիր՝ Մարի Չաքրյան