1,545 view

Երևանի պետական համալսարանի «Կայուն զարգացման» կենտրոնի 2012 թ. գործունեության ամփոփում

18.03.2013
Երևանի պետական համալսարանի «Կայուն զարգացման» կենտրոնի 2012 թ. գործունեության պլանի համաձայն կատարվել է շրջակա միջավայրի որոշ արդիական խնդիրների ուսումնասիրություն, կազմակերպվել են կլոր սեղաններ «Հայաստանի սողանքների հիմնախնդիրները» և «ՀՀ լեռնային արդյունաբերության տեխնածին թափոնների ներուժի վերաբերյալ» թեմաներով:
Քննարկման արդյունքները և առաջարկությունները ներկայացվել է ՀՀ կառավարություն:
soxanq61. Հայաստանի սողանքների հիմնախնդիրները
ՀՀ տարածքում մեծ տարածում ունեն այնպիսի վտանգավոր պրոցեսներ և երևույթները, ինչպիսիք են սողանքները, փլուզումները, քարաթափումները, հողաշերտերի նստվածքները, սելավները, որոնք մեծ վնաս են հասցնում երկրի տնտեսությանը, պատճառ դառնալով նաև մարդկային զոհերի:

Վերը թվարկված պրոցեսներից և երևույթներից Հայաստանի Հանրապետությունում առավել վտանագավոր են սողանքները: Սողանքների լայն տարածվածությունը պայմանավորված է ՀՀ տարածքի սեյսմիկ ակտիվությամբ, երկրաբանական, հիդրոերկրաբանական կառուցվածքով, լանջերի թեքությամբ, գեոմորֆոլոգիական պայմաններով:

2005թ-ին կազմած «Սողանքներ Հայաստանում» հաշվետվության առաջին հատորում նշվում է, որ ՀՀ-ում հայտնաբերվել են 2504 սողանքային տեղամասեր, իսկ 2008-2009 թվականներին «Ջրհան» ՊՓԲԸ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված «ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական երևույթների (սողանքների) մշտադիտարկումների և ամփոփագրի (կադաստրի) կազմման աշխատանքների» հաշվետվության մեջ, ՀՀ տարածքում փաստագրվել է 387 սողանք և կազմվել է նշված սողանքների ամփոփագրային (կադաստրային) տվյալները:

Որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի սոցիալ տնտեսական վնասներ են հասցնում սողանքային երևույթները ՀՀ-ում, 2005թ.-ի «Սողանքներ Հայաստանում» հաշվետվության 1-ին հատորից թվարկենք հետևյալ տվյալները `

- սողանքային տեղամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 122 հազար քառ. կմ,

- սողանքային երևույթներ են գրանցվել 233 համայնքներում,

- 280 սողանքային երևույթների հետևանքով ընդհանուր առմամբ վնասվել են 240 կմ երկարությամբ ճանապարհներ,

- 10 սողանքների հետևանքով վնասվել է մոտավորապես 5 կմ երկարությամբ երկաթգիծ,

- ըստ սողանքային տեղամասերի ուսումնասիրությունների արդյունքներում ստացված տվյալների, սողանքային երևույթներից ուղղակի վնասը կազմել է մոտ 43 մլն ԱՄՆ դոլար, իսկ պոտենցիալ վնասը շուրջ 54 մլն ԱՄՆ դոլար է:

Նախկինում հանրապետության տարածքում կատարվել են հսկայական ծավալի ինժեներաերկրաբանական, ջրաերկրաբանական, երկրաֆիզիկական, գեոմորֆոլոգիական, հորատման, գեոդեզիական և այլ բնույթի աշխատանքներ համապատասխան սողանքային տեղամասերի վտանգավորության աստիճանի:

Արխիվային նյութերի հավաքագրումը և ուսումնասիրումը մեզ հնարավորություն է տվել ամբողջական պատկերացում կազմել նախկինում կատարված աշխատանքների մասին, պարզել սողանքային տեղամասերի ուսումնասիրվածության աստիճանը, տրվել են արդյոք առաջարկություններ հակասողանքային միջոցառումների վերաբերյալ կիրառվել են այդ միջոցառումները և եթե կիրառվել են, տրվել են արդյոք գնահատականներ հակասողանքային միջոցառումների արդյունավետության վերաբերյալ:

Սողանքային երևույթների ուսումնասիրությունների արդյունքները և ներկա վիճակը

Վերլուծելով սողանքային տեղամասերի նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքները կարելի է նշել, որ այսօր չունենք որևէ սողանքային դաշտ, որի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է եղել առաջարկել և ներդնել որևէ արդյունավետ հակասողանքային միջոցառում, ինչի արդյունքում տվյալ տեղամասում նկատվեր սողանքային տեղաշարժերի դանդաղում կամ կայունացում: Ներկայումս հանրապետության տարածքում գրանցված ոչ մի սողանքային դաշտում չի կիրառվում հակասողանքային որևէ միջոցառում: Նույնիսկ Դիլիջան քաղաքի սողանքային դաշտի տարածքում մոտ 2.5 կմ երկարությամբ կառուցված ցամաքուրդային թունելը, չի շահագործվում սկսած կառուցման օրից մինչ այսօր:

Երեք սողանքային դաշտերի օրինակով ցույց է տրվում թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել, որքանով են կատարված ուսումնասիրությունները եղել արդյունավետ և ինչ ունենք ուսումնասիրություններից հետո:

Օրինակ առաջին

Դիլիջան քաղաքը և նրա հարակից շրջաններ հանրապետությունում ամենամեծ բնակեցված տարածքն է, որը հիմնականում տեղադրված է սողանքների վրա: Քաղաքի բնակչության անվտանգությունը և քաղաքի զարգացումը ապահովելու համար, սողանքային երևույթների ուսումնասիրումը և հակասողանքային միջոցառումների կիրառումը դառնում է գերակա խնդիր: Դա է պատճառ դարձել, որ նախկինում, տվյալ սողանքային դաշտում անց են կացվել մեծ ծավալի ուսումնասիրություններ: Ուսումնասիրվել են սողանքային լանջերի ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները, կազմվել են տարբեր մասշտաբի և բնույթի քարտեզներ, կտրվածքներ:

Ներկայումս գրունտների տեղաշարժի ակտիվությունները բնորոշ են ոչ միայն բուն Դիլիջան քաղաքի տեղամասին, որտեղ դրանք ակնհայտ են, այլև այդ տեղաշարժերը կան նաև այլ սողանքային տեղամասերում, որոնք ունեն խորքային բնույթ և դեռ ակտիվ չեն արտահայտվում մակերեսում: Պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ: Ընդ որում դրանք չպետք է սահմանափակվեն միայն մեկ սողանքի տեղամասով, այլ իրականացվեն Մեծ Դիլիջանի ամբողջ տարածքով: Դա բացատրվում է նրանով, որ Դիլիջան քաղաքի և հարակից շրջանների սողանքները ընկած են մեկ ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, գեոմորֆոլոգիական կառուցվածք ունեցող գոտում և եթե սողանքային տեղաշարժերը առաջացնող գործոնները չուսումնասիրվեն, չբացահայտվեն և Մեծ Դիլիջան տարածքի համար չառաջարկվի արդյունավետ հակասողանքային միջոցառումների պլան, ապա դժվար թե մեկ տեղամասի սողանքի ուսումնասիրությամբ և հակասողանքային միջոցառումների կիրառմամբ կանխվի սողանքային երևույթների զարգացումը և տարածումը Մեծ Դիլիջան քաղաքի և հարակից տարածքներում:

Օրինակ երկրորդ` Ողջաբերդի տեղամաս

Ողջաբերդի սողանքային դաշտի հետազոտությունները սկսվել են դեռ 1967 թվականից: Այն իրենից ներկայացնում է հին սողանք, որը կայունացել էր դարերի ընթացքում և մարդիկ այնտեղ բնակություն հաստատելուց ի վեր, մինչև 1960-ական թվականները, չէին արձանագրել սողանքային երևույթներ, ռելիեֆի ձևախախտումներ և տեղաշարժեր:

Սողանքային երևույթները ինտենսիվորեն ակտիվացան, երբ շահագործման հանձնվեց Ազատի ջրամբարը՝ Ազատ գետի վրա, որտեղից գյուղտնտեսական նպատակների համար ջուր էր տրվում նաև Ողջաբերդի համայնքին:

2000-2002թթ կատարված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ սողանքային դաշտում շարժումները խիստ անհավասարաչափ են ըստ իրենց մեծության և արագության, հորիզոնական տեղաշարժի միջին արագությունը գնահատվել է 1 մ/տարի, իսկ ուղղաձիգ տեղաշարժի միջին արագությունը 1.5-2 մ/տարի: Սողանքային դաշտի նման աղետալի վիճակում, Ողջաբերդ գյուղի տարածքում անց է կացվում ուսումնասիրություններ և կազմվում է 1:2000 մասշտաբի վտանգների միկրոշրջանացման քարտեզ, ըստ որի տների 45.5%-ի հարակից տարածքները ենթարկված են հորիզոնական տեղաշարժերի, իսկ տների 57%-ի հարակից տարածքները` ուղղաձիգ տեղաշարժերի:

Չնայած այն հանգամանքին, որ Ողջաբերդի սողանքային տարածքում սկսած 1970-ական թվականներից մինչև 2005 թվականը կատարվել են բազմաբնույթ համալիր ուսումնասիրություններ, պետք է նշել, որ նրանք չեն տվել անհրաժեշտ տվյալներ, որոնք հիմք կհանդիսանային հակասողանքային միջոցառումներ մշակելու: Ելնելով ստեղծված իրավիճակից, որպես հարցի լուծում է առաջարկվել համայնքի տեղափոխումը:

Ելնելով Ողջաբերդ գյուղի սողանքային տեղամասում կատարված աշխատանքների վերլուծությունից կարելի է հանգել հետևյալ եզրակացության՝

•Մինչև օրս պարզված չէ ամբողջ սողանքային լանջի երկրաբանական կառուցվածքը՝ չնայած լանջի տարբեր հատվածների համար առանձին պրոֆիլներով կազմվել են երկրաբանական կտրվածքներ,
•Պարզված չէ սողքի հարթության (կամ հարթությունների) առկայությունը և թե կան արդյոք դրանց խորություան և տեղադրման դիրքի պարամետրերը տարածության մեջ,
•Պարզված չէ ստորերկրյա ջրերի տեղադրման խորությունը և դրանց ներթափանցման առավելագույն խորությունը, ջրամերժ շերտի առկայությունը և նրա տեղադրման խորությունը տարածության մեջ,
•Ուսումնասիրությունների արդյունքում չեն պարզաբանվել սողանքային գրունտներում ստորերկրյա ջրերի հոսքերի ուղղությունները և դրանց սնման աղբյուրները,
•Չի պարզաբանված սահքի առկայության հարցը և դրա հետևանքով հորիզոնական տեղաշարժերի առկայության խնդիրը
Մեր կարծիքով ամբողջապես պարզաբանված չէ թե տվյալ տեղամասում

գոյություն ունի արդյոք սողք հորիզոնական տեղաշարժերով, զարգացած են արդյոք հողաշերտերի նստեցումները, առանց խորքային հորիզոնական տեղաշարժերի:

Նշված հարցերի պատասխանների բացակայությունն է մեր կարծիքով հիմք հանդիսացել, որ չի տրվել հակասողանքային միջոցառումների պլան:

Նշված համայնքով է անցնում Երևան-Գառնի ավտոճանապարհը, որով երթևեկությունը ապահովելու, և ոչ թե անվտանգ դարձնելու համար, տարեկան ծախսվում է տասնյակ միլիոնավոր դրամներ:

Օրինակ երրորդ` Ուղեձորի տեղամաս

Ուղեձորի սողանքային դաշտը, ի տարբերություն Դիլիջանի և Ողջաբերդի սողանքային դաշտերի, քիչ է ուսումնասիրված, և այստեղ սողանքային երևույթների զարգացումներն ավելի շատ ունեն խորքային բնույթ, ինտենսիվ չեն արտահայտված մակերեսում:

Ուղեձորի սողանքային դաշտի հետազոտման և հակասողանքային միջոցառումների կիրառման առաջնահերթությունը պայմանավորվում է նրանով, որ նշված տարածքով է անցնում Երևան-Սիսիան-Գորիս-Մեղրի-Թեհրան պետական նշանակության միակ ճանապարհը: Բացի դա, ինչպես նշեցինք, սողանքային երևույթներն այս տարածքում դեռևս իրենց զարգացման նախնական փուլում են և այդ տեսակետից հակասողանքային միջոցառումները ավելի քիչ ծախսատար և արդյունավետ կլինեն:

Մեր կարծիքով սողանքի մեծ հզորությունը հնարավորություն չի տալիս ավտոմայրուղին ձևախախտումից պաշտպանել սողանքային զանգվածի ոչ մեծ հզորության վերևի շերտից ջրի հեռացումը բետոնե տաշտակով: Այն ժամանակավոր միջոցառում է, որը կարող է մասնակիորեն սահմանափակել ջրի ներթափանցումը սողանքային մարմնի մեջ և նվազեցնել մակերևութային շերտերի տեղաշարժը ճանապարհի վրա: Սակայն ճանապարհը ձևախախտվում է ոչ միայն այդ մակերևութային զանգվածից, այլև սողանքային մարմնի ամբողջ զանգվածի տեղաշարժից:

Սողանքային մարմնի ճշգրիտ պարամետրերը որոշելու և հակասողանքային միջոցառումներ մշակելու համար անհրաժեշտ է Ուղեձորի սողանքային տեղամասում կատարել համալիր և մանրամասն ուսումնասիրություններ:

Սողանքային երևույթների հետազոտման խնդիրները և դրանց լուծման մեթոդները

Սողանքային երևույթների հետազոտման խնդիրները բազմաթիվ են, բայց առաջնային են համարվում այն խնդիրները, որոնցով հիմնականում պայմանավորված են սողանքային տեղաշարժերը և որոնց լուծումով հնարավոր է առաջարկել հակասողանքային միջոցառումների մի փաթեթ, որի կիրառումից հետո հնարավոր կլինի հասնել սողանքային գրունտների կայունացման և որպես հետևանք` կստանանք սողանքային մարմնի և սողանքային լանջի կայունացում:

Առաջնային խնդիրներ են համարվում՝

ա) սողանքային լանջի երկրաբանական կտրվածքի լիթոլոգիական կազմի ուսումնասիրությունը` մինչև արմատական ապարները,

բ) ստորերկրյա ջրերի առկայության և դրանց մակարդակի խորության որոշումը,

գ) ստորերկրյա ջրերի հոսքերի ուղղությունների որոշումը սողանքային մարմնում և նրա սահմաններից դուրս,

դ) գործող սահքի հարթության տեղադրման ձևի և խորության որոշումը, սահքի հարթության համասեռության որոշումը:

Նշված խնդիրներն առաջնային են հատկապես հակասողանքային միջոցառումների պլանը կազմելիս, իսկ մյուս խնդիրների լուծումը, ինչպիսիք են գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունների, մակերեսային տեղաշարժերի, սողանքային գրունտների առանձգականության դինամիկական գործակիցների ուսումնասիրությունները, կարևոր նշանակություն կունենան սողանքային երևույթների ակտիվացումը կամ էլ դանդաղեցումը գրանցելու, ինչպես նաև հակասողանքային միջոցառման արդյունավետությունը գնահատելու տեսակետներից:

Ելնելով վերը նշվածից և ծառացած խնդիրներին լուծումներ տալու պահանջից, սողանքային դաշտերում իրականացվող աշխատանքների ընթացքում անհրաժեշտ է կատարել հետևյալ հետազոտությունները`

•ինժեներա – երկրաբանական հետազոտություններ,
•հիդրոերկրաբանական հետազոտություններ,
•երկրաֆիզիկական հետազոտություններ,
•գեոմորֆոլոգիական հետազոտություններ,
•հորատման աշխատանքներ,
•արբանյակային դիրքորոշման կայանների միջոցով սողանքային մարմինների տեղաշարժման ուղղությունների և արագությունների որոշում:
Հետազոտությունների արդյունքում պետք է ներկայացվեն հետևյալ նյութերը`

•տարածության մեջ, կայուն, չխախտված, արմատական ապարների տեղադրման ձևի և խորության քարտեզը,
•ստորերկրյա ջրերի տեղադրման խորության, հոսքի ուղղությունների, առավելագույնս ներթափանցելիության խորությունների քարտեզը,
•գործող սողանքների սահքի հարթության խորության և տեղադրման ձևի քարտեզը,
•տվյալներ ջրերի քիմիական կազմի վերաբերյալ,
•գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունների մասին տվյալներ,
•կայուն և սահքի ենթարկված ապարների առաձգականության գործակցի (Ed) և սահքի մոդուլի (µ d ) դինամիկական արժեքների քարտեզը,
•սողանքային մարմնի տեղաշարժման ուղղությունների և արագությունների քարտեզը:
Տարվա մեջ երկու տարբեր ժամանակահատվածներում ստացված տվյալները պետք է ենթարկվեն մշտադիտարկման և որից հետո պետք է մշակվեն և առաջարկվեն հակասողանքային միջոցառումներ:

Հակասողանքային միջոցառումներն իրականացնելուց հետո պետք է իրականացվի մշտադիտարկում (երկրաֆիզիկական, ջրաերկրաբանական, արբանյակային կայանների օգնությամբ), որոնք հնարավորություն կտան գնահատել հակասողանքային միջոցառման արդյունավետությունը:
mining-hard-rock

2. ՀՀ լեռնային արդյունաբերության տեխնածին թափոնների ներուժի վերաբերյալ

Հումքի ներկայիս և մշտապես աճող պահանջարկը շահութաբեր է դարձնում տեխնածին առաջացումների վերամշակումն օգտակար տարրերի կորզման նպատակով: Դրան են նպաստում արդյունաբերության պահանջների և գների աճը /տարեկան 5-10%-ով/, տեխնածին թափոնների վերամշակման նորարական տեխնոլոգիաների առկայությունը, խոշոր հանքավայրերի պաշարների սպառումը:

Տեխնածին կուտակումների օգտագործումը, բացի մետաղների կորզումից, անմիջականորեն առնչվում է նաև բնապահպանական անվտանգության խնդիրներին: Պահեստավորված թափոնները և ոչ կոնդիցիոն հանքաքարերը, ի հաշիվ նրանց յուրահատուկությունների, պահպանման պրոցեսում ենթարկվում են էական փոփոխությունների և հանդիսանում են շրջակա միջավայրի աղտոտման հզոր աղբյուր: Այդ իսկ պատճառով լեռնաարդյունաբերական թափոնների օգտագործումը չի կարելի թողնել ապագայի վրա:

Այսպիսով, որպես հանքային հումքի աղբյուր և բնապահպանական ճնշման նվազեցման ուղղի պետք է համարել հանքաքարի կոմպլեքսային և խորը մշակումը:

Արտասահմանում երկրորդային, ոչ ավանդական, այդ թվում լեռնաարդյունաբերական թափոնների օգտագործումից ստացվում է մոտ 40 % պղնձի, 35 % ոսկու և այլ մետաղների քանակությունները, որոնք գնալով ավելանում են: Մետաղների կորզման ծախսերը այս դեպքում նվազում են 1.5-ից 4 անգամ: Դրան նպաստում են հումքի մակերեսում տեղադրվածությունը /արդյունահանված է ընդերքից/, հանքաքարի պատրաստվածությունը /կոտրատված է և մանրացված/, գործող լեռնահանքային ձեռնարկությունների ազդեցության գոտում գտնվելը, շրջակա միջավայրի աղտոտման համար ցածր վճարները:

Հանրապետության տարածքում առկա է 20 հարստապոչերի թափոնակույտ, որոնցից 7-ը կոնսերվացված են և ևս 1-ը /Թեղուտ/ կառուցվում է: Նրանցում կուտակված են 1.0 մլրդ. տ-ից ավել լեռնաարդյունաբերական թափոններ: Միայն Քաջարանի կոմբինատի հարստապոչերի թափոնակույտերում կուտակված են մոտ 600 մլն.տ, Ագարակի` 100 մլն.տ, Արարատի հարստացուցիչ ֆաբրիկայում` 20 մլն.տ, Կապանի կոմբինատի պոչամբարներում` 8 մլն.տ, և մյուսներում` մոտ 10 մլն.տ: Պոչերի վերամշակում չի կատարվել և չի կատարվում, բացառությամբ Արարատի պոչապահեստարանի:

Հայաստանում առկա լեռնային արդյունաբերության թափոնակույտերն ու պոչամբարներում կուտակված հարստապոչերը պետք է դիտարկվեն որպես հանքային հումքի ստացման հնարավոր երկրորդային աղբյուրներ, որոնց մի մասը կարելի է շահավետ օգտագործել, ինչը կլուծի բնապահպանական շատ հարցեր և կապահովի լրացուցիչ եկամուտներ:

Թափոնակույտերի ներուժի և վտանգի իրական պատկերի ստացման նպատակով անհրաժեշտ է կատարել ներկայումս կուտակվող թափոնակույտերի և հարստապոչերի մշտադիտարկումներ, իսկ հին առաջացումները հետախուզել:

Տեխնածին թափոնների շրջանառության մեջ ակտիվ ընդգրկման համար առաջին հերթին որոշիչ գործոն հանդիսանում է նրանց շահագործման տնտեսական նպատակահարմարությունը, որը հնարավոր է երկրորդային հումքի մշակման ինովացիոն տեխնոլոգիաների օգտագործման դեպքում: Դրան կնպաստեն նաև պետության կողմից տնտեսական խրախուսումների և հարկային արտոնությունների կիրառումը: Իսկ որպես խոչընդոտ հանդիսանում է այն, որ ձեռնարկությունները քիչ են շահագրգռված գործող տեխնոլոգիաների կատարելագործմանը, քանի որ դրա համար չկան հարկային խթաններ և գործող տույժեր:

Մեծ տնտեսական և բնապահպանական էֆեկտ կարող է ունենալ հարստացուցիչ ֆաբրիկաներում մետաղների կորզման աստիճանի բարձրացումը, այն հասցնելով առաջատար ցուցանիշների: Օրինակ միայն Քաջարանում պղնձի կորզման աստիճանը կարելի է բարձրացնել 5-8 %-ով, որը կբերի հասույթի (19.2 մլն $-ով) և նրանից գանձվող եկամտահարկի (3.8 մլն. $) ավելացմանը (կորզման 1 %-ի ավելացումը հավասարազոր է 300 տ պղնձի արտադրանքի ավելացմանը): Մեծ գումարներ նաև կկազմեն մոլիբդենի և ուղեկից տարրերի լրացուցիչ կորզվող քանակությունները:

Հանրապետության գունավոր մետաղների հանքավայրերում ոչ կոնդիցիոն հանքաքարերի հետ մեկտեղ արտահաշվեկշռայինների թվին են դասվել ավանդական տեխնոլոգիաներով դժվար հարստացվող օքսիդացած և խառը տիպի հանքաքարերը: Նրանց համար նույնվես առկա են կորզման առաջատար տեխնոլոգիաներ, այդ թվում հայրենական: Հանքավայրերի բացման գործընթացում նրանք պետք է պահեստավորվեն առանձին թափոնակույտերում, որը ոչ միշտ է իրականացվել, ինչը հանդիսանում է շրջակա միջավայրի բնապահպանական լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Դրա բացասական օրինակն է Քաջարանի հանքավայրը, որտեղ օքսիդացած և արտաբալանսային հանքաքարերը պահեստավորվել են համատեղ: Որպես դրական օրինակ Ագարակի հանքավայրն է, որտեղ ներկայումս զուգահեռ շահագործվում են նախկինում արտահաշվեկշռային համարվող առանձին պահեստավորված հանքաքարերը:

Քաջարանի արտահաշվեկշռային օքսիդացած հանքաքարերը, որոնց քանակությունը հասնում է 80 մլն.տ, պարունակում են Cu – 0.2 և Mo – 0.02 %: 80 մլն.տ-ից 50 %-ը կորզելու դեպքում կստանանք 80 հազ.տ պղինձ 8000 $ արժողությամբ, որը կապահովի 640 մլն.$ հասույթ, իսկ մոլիբդենի դեպքում հասույթը կկազմի 320 մլն $ (նույն պայմաններում` 8000 տ մոլիբդեն, 50 % կորզում, մոտ 40000 $/տ): Ընդհանուր հասույթի գումարը կկազմի մոտ 1 մլրդ. $, որի 20 %-ը, որպես եկամտահարկ, կազմում է 200 մլն.$:

Մեկ այլ եկամտի աղբյուր կարող է հանդիսանալ մագնետիտը, որը առկա է Քաջարանի հանքավայրի հանքաքարերում: Մագնետիտը` երկաթի հանքաքարերի հիմնական միներալը, հարստացման պրոցեսում ներկայումս ուղղարկվում է հարստապոչեր: Այն բնականորեն հարստացված է վանադիումով և տիտանով: Հայգունմետնախագիծ ինստիտուտի կողմից մշակված տեխնոլոգիայով Քաջարանի կոմբինատի հարստապոչերից հնարավոր է ստանալ բարձորակ վանադիում և տիտան պարունակող մագնետիտային խտանյութ` տարեկան 100 հազ.տ քանակությամբ (կոմբինատի 15 մլն.տ տարեկան արտադրողականության դեպքում), ինչը գումարային արտահայտմամբ կապահովի 37.5 մլն. $ հասույթ, որից որպես եկամտահարկ պետությունը տարեկան կստանա 7.5 մլն. $: Նշված մագնետիտային խտանյութից կարելի է ստանալ լեգիրացված պողպատ կամ մաքուր երկաթ, այն կարող է օգտագործվել նաև ֆերոմոլիբդենի արտադրության մեջ:

Մեծ տնտեսական էֆեկտ կարելի է ստանալ նաև վերը նշված տեխնոլոգիաներով որոշ հազվագյուտ և ցրված մետաղների կորզումից: Մեծ հումքային ներուժ են պարփակում իրենց մեջ հանքաքարերի և թափոնակույտերի լվացման արդյունքում առաջացող դրենաժային հանքային լուծույթները /ջրերը/:

Տեխնածին հումքի ամենամեծ ծավալները պետք է օգտագործվեն շինանյութերի արտադրման համար, հայրենական մշակման տեխնոլոգիաներով: Ստացված արտադրանքը կարելի է կիրառել հանրապետական նշանակության շինարարական նախագծերում: Այս ուղղությունը հանդիսանում է ամենահեռանկարայինն ու կարևորը, սակայն առանց պետության ակտիվ միջամտության խնդիրը հնարավոր չի լինի լուծել:

Բերված փաստերը վկայում են լեռնաարդյունաբերական թափոնների տնտեսական զգալի ներուժի մասին: Դրա հետ մեկտեղ, համարում ենք, որ պետության դերը այս գորրծընթացում չի կարելի թերագնահատել, և առանց նրա հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքների:

Մեր կարծիքով տեխնածին առաջացումները տնտեսության մեջ ակտիվ ներգրավելու համար անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ միջոցառումները /անկախ թափոնների պատկանելիությունից/.

անցկացնել տեխնածին թափոնների հաշվառում և դասակարգում. թափոնների նույնականացումն ունի առաջնահերթ նշանակություն նրանց վերամշակման համար, քանի որ թափոնների յուրաքանչյուր տիպ վերամշակվում է տարբեր մեթոդներով
անցկացնել տեխնածին թափոնների վտանգավորության և հանքահումքային ներուժի ընդհանուր գնահատում, առանձնացնել առաջնահերթ օբյեկտները նրանց վնասազերծման կամ շահագործման համար
կատարել տեխնածին կուտակումների երկրաբանատնտեսագիտական գնահատում, նպատակ ունենալով բացահայատել արդյունաբերական նշանակության օբյեկտները` տեխնածին հանքավայրերը:
Այս ամենի իրականացման համար անհրաժեշտ է`

Ընդերքի մասին օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք ընդերքօգտագործողներին կպարտավորեցնեն ռացիոնալ, կոմպլեքսային օգտագործել հանքային հումքը, բարձրացնել կորզման աստիճանը, նվազեցնել թափոնակույտերի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, համապատասխանեցնելով այն համաշխարհային առաջատար ցուցանիշներին:
Հին հարստապոչերը և թափոնակույտերը անհրաժեշտ է իրավաբանորեն առանձնացնել լեռնահանքային ձեռնարկությունների տնօրինումից, նպատակ ունենալով նրանց հանձնել շահագրգիռ ներդրողների օգտագործմանը:
Վերանայել մետաղական օգտակար հանածոների հանքավայրերը մշակող ընկերություններից գանձվող շահութահարկի տոկոսները` դեպի նրանց ավելացումը:
Ընդերքի շահագործումից ստացված վճարները առաջին հերթին ուղղել տվյալ մարզի բնակչության սոցիալ-տնտեսական ու բնապահպանական խնդիրների լուծմանը և հանրապետությունում նոր ձեռնարկությունների ստեղծմանը: