2,086 view
Քննարկում Վանաձորում եղևնիների հատման իրավական բաղադրիչի շուրջ
01.09.2016
Օգոստոսի 26-ին, Վանաձորի «ՀԿ Կենտրոն»-ում, Վանաձորի Օրհուս կենտրոնի և «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ն նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում այդ քաղաքում հատված 6 եղևնիների առնչությամբ իրավասու մարմիններին ահազանգելու իրավական ասպեկտների շուրջ:
Մասնակցեցին մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզի վարչական մարմինների ծառայողներ, փաստաբան, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգողը, ինչպես նաև «Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը՝ լուծելու շրջակա միջավայրին առնչվող հարցերը» ծրագրի

շրջանակում Օրհուսի կոնվենցիային առնչվող տեղեկատվության հասանելիությունն ապահովող «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ աշխատակիցները:

Հանդիպման սկզբում Վնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը իրազեկեց, որ ս. թ. օգոստոսի 17-ին Վանաձոր քաղաքի «Ազատամարտիկների պուրակ»-ում ապօրինի հատվել են թվով 6 եղևնիներ, որոնցից եկուսն՝ արծաթափայլ: Այդ փաստի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու պահանջով: Նշված հաղորդման հիման վրա մարզի դատախազությունը նշված տարածքում կատարել է զննություն: Միաժամանակ, Օրհուս կենտրոնի ներկայացուցիչները ձեռք են բերել նախնական մի շարք տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ տարածքը դեռևս 2000 թվականից հատկացված է մասնավորին:

Ներկաներին հետաքրքրում էր, թե ո՞ր մարմիններին և ինչպիսի պահանջներով կարող են դիմել, որպեսզի սկսեն ծառերի հատման փաստով իրավաչափ ու արդյունավետ գործընթաց:

Իր ելույթում Գևորգ Դանիելյանը նախ նշեց, որ մասնավոր տարածքի սեփականատիրոջ լիազորություններն անսահմանափակ չեն, ինչպես թյուրիմացաբար ընկալվում է հաճախ: Ինչ վերաբերում է իրավաչափ գործընթաց նախաձեռնելուն, ապա նախ հարկ է պարզել տվյալ տարածքում հողհատկացման օրինականությունը և հողհատկացման պահին հատկացումը արգելող սահմանափակումների հնարավոր առկայությունը: Հողի հատկացման սահմանափակումները սահմանված են ՀՀ հողային օրենսգրքով: Մասնավորապես նշված օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն դրանց կազմում է նաև հետևյալ սահմանափակումը. «բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներ)»:Քանի որ խոսքը «Ազատամարտիկների պուրակ» կոչվող տարածքի մասին է, ապա այն ունի պուրակի կարգավիճակ, ինչը բացառում է հողհատկացումը: Այս սահմանափակման մասին տվյալները ճշտելու համար հարցումը նպատակահարմար է ուղարկել ինչպես Վանաձորի քաղաքապետին, այնպես էլ ՀՀ Քաղաքաշինության նախարարություն՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նորմերին համապատասխան:

Եթե պարզվի, որ Տեղական ինքնակառավարման մարմինները թույլ են տվել իրավախախտումներ, ապա «Տնտեսական և իրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ն փորձագետներն առաջարկվում են դրանք մեկ անգամ ևս քննարկել իրենց հետ, որպեսզի հստակեցվեն պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների իրավական հիմքերը և այդպիսիք ներկայացնելու եղանակները:

Մանրամասները հետևյալ հղումով՝ http://www.cela.am/am/news/view/tedfgsfgsf3.html, քննարկման տեսագրությունը՝ https://aviplatform.com/aarhustv-aarhustv/185/media-4299/page-1/all/%D5%AF%D5%AC%D5%B8%D6%80-%D5%BD%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4.html :

Խնդրի առնչությամբ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նամակը ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանին

Պատրաստեց՝ Համլետ Սմոյանը
Խմբագիր՝ Մարի Չաքրյան

«Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը` լուծելու շրջակա միջավայրին առնչվող խնդիրները» ծրագիր