2,312 view
ՄԱԿ-ի ԵՏՀ ուշադրության կենտրոնում է նաև աղմուկի խնդիրը

16.09.2016

aarhusnews_16_09_1Սեպտեմբերի 5 – 7ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժաղավի (ԵՏՀ) Աղմուկի հարցերով զբաղվող Աշխատանքային խմբի 64-րդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են՝ ձայնային ազդանշանման սարքերի կանոնակարգերի մշակմանը, մոտոցիկլետների աղմուկին, տրանսպորտային M և N տեսակի միջոցներից առաջացող աղմուկին, խլացուցիչ համակարգերի փոխարինիչներին, անձայն տրանսպորտային ժամանակակից միջոցներին և այլ: Տեղի է ունեցել նաև տեղեկատվության և փորձի փոխանակում աղմուկի ազգային և միջազգային մակարդակի պահանջների վերաբերյալ, Ընդհանուր անվտանգության դրույթների (GRB) և հետագա աշխատանքի շուրջ:

Նշենք, որ Աղմուկի հարցերով զբաղվող Աշխատանքային Խումբը հանդիսանում է Ավտոմեքենաների Կանոնակարգերի ներդաշնակեցման Համաշխարհային Ֆորումի ենթակառույց, որը պատրաստում է կանոնակարգող առաջարկություններ աղմուկի վերաբերյալ: Այս խմբի փորձագետները իրականացնում են հետազոտություններ և վերլուծություններ`մշակելու համար տրանսպորտային միջոցների աղմուկի նորմերը: Խմբի նիստին մասնակցել են ավելի քան 70 փորձագետներ:

Նիստի օրակարգին վերաբերող փաստաթղթերը կարելի է գտնել հետևելով հղմանը` http://www.unece.org/index.php?id=41022#/
Աղմուկը` որպես շրջակա միջավայրի աղտոտիչ

Շրջակա միջավայրն աղտոտող գործոնների թվում է նաև աղմուկը, որը հանգեցնում է ֆիզիկական պասիվության, հետևապես բարձրացնում է առողջության վատթարացման ռիսկը: Հետևապես այն ևս պետք է մտահոգի քաղաքականություն մշակողներին և քաղաքացիական հասարակությանը:

Գերմանիայում վերջերս իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է, որ շրջակա միջավայրի աղմուկից նյարդայնացող մարդիկ հավանաբար տառապում են դեպրեսիայով և անհանգստությամբ: Հետազոտության արդյունքները չեն ապացուցել, որ աղմուկը առաջացնում է հոգեկան առողջական խնդիրներ, սակայն չի բացառվում հնարավոր կապը: Ուսումնասիրված տարբեր տեսակների աղմուկների մեջ օդանավերի աղմուկը համարվել է առավել նյարդայնացնող:

Ճանապարհների, երկաթուղիների և օդանավակայանների մոտակայքում ապրող մարդիկ ամենայն հավանականությամբ կարող են ունենալ բացասական առողջական խնդիրներ: Երկարատև աղմուկը կարող է հանգեցնել սրտի և սրտանոթային համակարգի խնդիրների, իսկ գիշերային ժամերին աղմուկը խանգարում է քունը, որն էլ իր հերթին կրկին կարող է հանգեցնել սրտանոթային առողջական խնդիրների:
Եվրոպական հետազոտողները ուսումնասիրել են օդանավերի և ավտոմեքենաների երթևեկության աղմուկի ազդեցության հետևանքները երեխաների առողջության վրա:

Դրանց արդյունքները վկայում են, որ աղմուկի բարձր մակարդակը կարող է խաթարել երեխաների ընթերցանության կարողություններն ու հիշողության զարգացումը:
ԵԽ «Գիտությունը բնապահպանական քաղաքականության համար» փաստերի վրա հիմնված բնապահպանական տեղեկատվական ծառայության տեղեկացմամբ
(http://ec.europa.eu/environment/integration/research/newsalert/archive/noise.htm), այս նոր ուսումնասիրությունների համար հիմք է հանդիսացել Շվեյցարիայի բնակիչների դժգոհությունը` կապված տրանսպորտային աղմուկի հետ, որը նրանց կարծիքով նվազեցրել է իրենց ֆիզիկական ակտիվությունը և կարող է անուղղակիորեն նպաստել մի շարք հիվանդությունների առաջացմանը, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և ճարպակալման:

Մեր կյանքում ձայները հիմնականում 20_50 դեցիբելի սահմաններում են: Նորման, որ կարող ենք լսել, 8 դեցիբելն է, բայց արդյունաբերական և մեծ քաղաքներում, աղմկոտ վայրերում ձայները հասնում են 100 դեցիբելի սահմանագիծը: Մասնավորապես Երևանում իրավիճակը վտանգավորության ծայրակետին չի մոտեցել, բայց կան բոլոր նախադրյալները:

Աղմուկի առկայությունը բազմակողմանի խնդիր է և կարգավորվում է Օրհուսի կոնվենցիայով:

Պատրաստեց` Անուշ Բեյբությանը
Խմբագիր` Մարի Չաքրյան

«Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը` լուծելու շրջակա միջավայրին առնչվող խնդիրները» ծրագիր