2,313 view
Օրհուսի Կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի հիսունչորսերորդ նիստը վերջին հնարավորությունը կլինի Հայաստանի համար` բավարարելու Կոմիտեի որոշման պահանջները

15.09.2016

aarhusnews_15_09_1Սեպտեմբերի 27–30-ը Ժնևում տեղի կունենա Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի հիսունչորսերորդ նիստը:

Նիստի օրակարգն ընդգրկուն է, կքննարկվեն համապատասխանության վերաբերյալ Կոմիտեի V/9a-ից V/9n որոշումների իրականացման, նոր հաղորդակցությունների նախնական թույլատրելիության, Համապատասխանության կոմիտեի վերանայված ուղեցույցի պատրաստման, նախագծերի բացահայտումների վերաբերյալ և այլ հարցեր:

Սեպտեմբերի 28-ին կոմիտեն կդիտարկի կոնվենցիայի մի քանի Կողմերին, այդ թվում նաև Հայաստանին, ներկայացված հանձնարարականների ու հացումների ուղղությամբ արված քայլերը (http://www.unece.org/env/pp/ccdocuments.html ):

2006թ.-ից սկսած Կոմիտեն մի շարք որոշումներ է կայացրել՝ կոնկրետ հանձնարարականներ տալով Հայաստանին կոնվենցիայով ստանձնած պարտականությունների կատարման և հատկապես ազգային օրենսդրության մեջ կոնվենցիայի դրույթները ներդնելու վերաբերյալ:

Առաջիկա նիստին, Համապատասխանության կոմիտեն, մասնավորապես կքննարկի դեռ 2014թ. հուլիսի 1-ին Հայաստանի վերաբերյալ կայացրած V/9a որոշման կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Այդ որոշման մեջ Համապատասխանության կոմիտեն մատնանշել էր, որ Կողմը պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկի, որպեսզի իրականացնի այն և զեկույց ներկայացնի մինչև 2016 թվականի հոկտեմբերի 31-ը, որը վերջին հնարավորությունը կլինի շահագրգիռ Կողմի համար՝ լիովին բավարարելու Կոմիտեի որոշման պահանջները (http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/mop5/Documents/Post_session_docs/Decision_excerpts_in__Russian/Decision_V_9a_on_compliance_by_Armenia_rus.pdf ):

Այս որոշման մեջ կոմիտեն մասնավորապես անդրադարձել էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին ՀՀ նոր օրենքի ընդունմանը, բովանդակությանը, ինչպես նաև «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգի» մասին կառավարության որոշման նախագծի նախապատրաստմանը և խնդրել դրանց անգլերեն թարգմանությունները`քննելու համար, արդյոք դրանք ներառում են Համապատասխանության կոմիտեի այս և դրան նախորդած որոշումներում ներկայացված ազգային օրենսդրությունն Օրհուսի կոնվենցիային համապատասխանեցնելու առաջարկություններն ու դիտարկումները:

Ինչպես որոշման մեջ, այնպես էլ V/9a որոշման կատարման առաջընթացի Առաջին (http://aarhus.am/Aarhus%20Convention%20arnchvox%20pastatxter/2015.11.25_Aarhus_First%20Progress%20Review_arm.pdf ) և Երկրորդ (2016թ.-ի ապրիլի 8, http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/compliance/MoP5decisions/V.9a_Armenia/ToPartyV9a_Second_progress_review_on_V.9a_Armenia.pdf ) վերանայումներում Համապատասխանության կոմիտեն անդրադարձել է նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծին և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն մտցնելու նախագծին` մատնանշելով, որ դրանց վերջնական տարբերակից հանվել են ՀԿ-ների իրավական կարգավիճակին վերաբերող ի սկզբանե ընդգրկված դրույթները մտահոգություն հայտնելով, որ Կողմը դեռևս անելիք ունի Օրհուսի կոնվենցիայի լիարժեք համապատասխանության հասնելու առումով:

Ի պատասխան Երկրորդ վերանայման՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը հայտնել է, որ Արդարադատության նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել, ըստ որի բնապահպանական ՀԿ-ները, շրջակա միջավայրին վերաբերող հարցերի հետ կապված իրավասու են դիմելու դատարան` պաշտպանելու շահագրգիռ կողմերի իրավունքները և օրինական շահերը և որ փոփոխությունների փաթեթը շուտով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
(http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/compliance/MoP5decisions/V.9a_Armenia/frmPartyV9a_update_22.07.2016.pdf):

Անուշ Բեյբության
Մարի Չաքրյան
«Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը` լուծելու շրջակա միջավայրին առնչվող խնդիրները» ծրագիր