4,063 view
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեությունում արձանագրված իրավախախտումների հասարակական քննարկում
31.08.2016
«Տնտեսական և իրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Ախթալա համայնքում օգոստոսի 18-ին տեղի ունեցավ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեությունում արձանագրված իրավախախտումների և Ախթալա համայնքի բնապահպանական խնդիրների իրավական ասպեկտների առնչությամբ համատեղ քննարկում:
Օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին ՇՄԱ 2007թ. մարտի 20-ի հ. ԲՓ-31 փորձաքննական եզրակացության իրավական նշանակությանը,

բողոքարկման եղանակներին, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով ամրագրված օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների իրավական նշանակությանը, դրանք խախտելու իրավական հետևանքներին (այդ թվում՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագծի համատեքստում), տեսչական ստուգումների արդյունքների հրապարակման և իրազեկման ընթացակարգերին և այլ:

Քննարկմանը մասնակցեցին համայնքի քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, Հկ_ների ներկայացուցիչներ, Ախթալա համայնքի քաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակիցներ:
Հանդիպման ընթացքում, հանգամանալից քննարկման նյութ դարձավ, հատկապես, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության իրավական նշանակության հարցադրումը: Փորձագետ Գ. Դանիելյանը պարզաբանում տվեց այն մասին, որ փորձագիտական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու հիմքերը ամրագրված են օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս օրենսդրական նորմից բխում է, որ փորձաքննական եզրակացությունը կարող է անվավեր ճանաչվել, եթե խախտվում է այն կազմելու՝ օրենսդրությամբ սահմանված կարգը, ինչպես նաև, եթե ի հայտ են գալիս նոր էկոլոգիական խնդիրներ, որոնք արտացոլված չեն փորձաքննական եզրակացությամբ: Այսպիսով, փորձաքննական եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե լիազոր մարմինը ծանուցում է նոր երևան եկած հանգամանքների մասին, սահմանում է ողջամիտ ժամկետ դրանք վերացնելու համար, սակայն այդ ժամկետում պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվում:

Քննարկմանը շեշտադրվեց, որ ներկայում փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու առավել արդյունավետ եղանակը վարչական կարգով լիազոր մարմնին դիմելն է, ընդ որում, լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված հիմքերով ու նախատեսված կարգով որոշում չկայացնելու կամ անհիմն որոշում կայացնելու դեպքում արդեն կարող է վիճարկվել լիազոր մարմնի անհիմն վարչական ակտը կամ անգործությունը:

Ախթալայի քաղաքապետ պարոն Հայկ Խաչիկյանը բարձրացրեց նաև Ախթալայի համայնքին բնօգտագործման և բնապահպանական վճարներից մասհանումներ չկատարելու իրավաչափության հարցը, ինչի առնչությամբ ներկայացվեց, որ որևէ իրավասու մարմնի կողմից համապատասխան որոշում չի կայացվել, պարզապես ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի են ունեցել քննարկումներ, որոնց արդյունքներով, ըստ էության, ձևավորվել է խիստ հակասական պրակտիկա, մասնավորապես, խնդրին առնչվող փաստաթղթերի մի մասով նախատեսված են մասհանումներ, մի մասով՝ ոչ:

Այս հարցի առնչությամբ պարզաբանում տրվեց այն կտրվածքով, որ որևէ նախարարություն իրավասու չէ վերջնական որոշում կայացնել, առավել ևս արձանագրային մոտեցում ցուցաբերել բնապահպանական վճարների գումարներից համայնքների բյուջեներ կատարվող մասհանումների վերաբերյալ: Խոսքը պետական բյուջեի մասին է, որպիսի պայմաններում խոսք կարող է լինել բացառապես ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի մասին: Եթե օրենքով սահմանված են մասհանումներ, ապա որևէ գերատեսչություն չի կարող անտեսել տոկոսադրույքներ սահմանելու օրենսդրության պահանջը:
Քննարկման արդյունքներով «Տնտեսական և իրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի փորձագետներին փոխանցվեցին քննարկման համար վիճահարույց խնդիրներին առնչվող փաստաթղթերի կրկնօրինակները, և ձեռք բերվեց պայմանավորվածություն այն մասին, որ դրանք հանգամանորեն ուսումնասիրելուց հետո կպատրաստվեն վարչարարություն նախաձեռնելու համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ դիմումներ ու բողոքներ, որոնք էլեկտրոնային կարոգ կփոխանցվեն հասցեատիրոջը:

Մանրամասն հետևյալ հղումով.`
http://www.cela.am/news/view/httparmccmsorgindexphpoptioncom_contentviewarticleid4613a-l-r-catid13anewsitemid27langam.html

«Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ

«Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը` լուծելու շրջակա միջավայրին առնչվող խնդիրները» ծրագիր