3,690 view
«Տեղական համայնքների ԱՌՆ վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման նպատակով Օրհուս կենտրոնների Կարողությունների հզորացում» ծրագրի բոլոր կողմերի հանդիպում
25.04.2016
Ապրիլի 7-8-ը Վիեննայում տեղի ունեցավ Շվեյցարիայի, Ավստրիայի և Ֆինլանդիայի կառավարությունների կողմից ֆինանսավորվող «Տեղական համայնքների ԱՌՆ վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման նպատակով Օրհուս կենտրոնների կարողությունների հզորացում» երկամյա ծրագրի բոլոր կողմերի հանդիպումը: Մասնակցում էին Օրհուս կենտրոնների, տեղական ինքնակառավարման մարմինների, արտակարգ իրավիճակների պետական մարմինների, ՀԿ-ների, միջազգային և տեղական կազմակերպությունների ավելի քան 60 ներկայացուցիչ:
Այս հանդիպումն իրենից ներկայացնում էր ԱՌՆ համայնքահեն երկամյա ծրագրի ամփոփում և համակարգված մոտեցում՝ ուղղված աղետների կանխատեսման, կանխարգելման, մեղմացման, պատրաստվածության, արձագանքման և վերականգման գործողություններին:

Վերոնշյալ ծրագրի սկզբում գնահատվել էին ՕԿ-ների և տեղական համայնքների կարողությունները, ապա վերապատրաստման դասընթացների միջոցով հզորացվել ծրագրային 7 երկրում՝ Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Հայաստան, Ղրղզստան, Մոլդովա, Սերբիա և Տաջիկստան: Ծրագրի շրջանակներում նաև ընտրված 12 ՕԿ-ներն աջակցություն էին ստացել ԱՌՆ ոլորտում իրազեկման բարձրացման շուրջ գործողությունների ծրագրի մշակման և պիլոտային ծրագրեր իրականացնելու ընթացքում:

Յուրաքանչյուր երկրի տարբեր պատվիրակներ, ՕԿ ներկայացուցիչներ ներկայացրեցին իրենց երկրում իրականացված պիլոտային ծրագրերը և ձեռք բերված արդյունքները:

Հայկական պատվիրակությունը բաղկացած էր 7 ներկայացուցչից. Մովսես Պողոսյան՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն, Լիաննա Ասոյան՝ Գավառի ՕԿ համակարգող, Մարիամ Մկրտչյան՝ Եղեգնաձորի ՕԿ համակարգող, Տիգրան Պետրոսյան՝ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության պետ, Յուրիկ Ավալյան՝ Ճամբարակի քաղաքապետ, Գուրգեն Բալյան՝ Վահանի գյուղապետ և Վարդան Ներսիսյան՝ Խաչիկի գյուղապետ:

Ելույթների թվում հանդես եկան Մովսես Պողոսյանը և Լիաննա Ասոյանը՝ ներկայացնելով մեր երկրում իրականացված պիլոտային ծրագիրը: Մովսես Պողոսյանը նշեց,- «ԱՌՆ ազգային պլատֆորմը, որպես ԱՌԿ առումով արդյունավետ ռեսուրս, դիտարկում է հանրապետության տարածքում գործող յուրաքանչյուր ցանց, որն ունի ոչ միայն տարածքային սփռվածություն, այլև անհրաժեշտ կարողություն ու ճանաչվածություն: Այս տեսանկյունից ԱՌՆԱՊ-ի լավագույն գործընկերներից են ՕԿ-ները, որոնք թվով 15-ն են ՀՀ-ում և գործում են հանրապետության խոցելի գոտիներում»: Որպես ԱՌՆԱՊ-ի կարևորագույն գործընկեր՝ նա նշեց նաև ԵԱՀԿ-ն, քանի որ այն տարբեր երկրներում զբաղվում է ԱՌԿ-ի կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ անվտանգության խնդիրներով:

«Ուրախ եմ, որ ԵԱՀԿ-ի հետ մեր համագործակցությունն ունի կենսագրություն և հատկապես ուզում եմ շեշտել այն փաստը, որ ԵԱՀԿ-ի ակտիվ ջանքերով ՀՀ-ում ստեղծվել է ՕԿ-ների ցանցը»,- ավելացրեց նա:
Հայաստանում ՕԿ-ների ցանցի պահպանման ու շարունակական զարգացման տեսակետից ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենը խիստ կարևորեց ԱՌԿ առումով դրանց կարողությունների զարգացումը: Նրա խոսքով բոլոր ՕԿ-ները Տեղական համայնքների ԱՌՆ վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման նպատակով Օրհուս կենտրոնների Կարողությունների հզորացում» ծրագրի արդյունքում կարող են էական դեր ունենալ համայնքային մակարդակում ԱՌՆ ազգային ռազմավարության իրականացման և ԱՌԿ գործընթացներում:

Թեմայի ներքո հայաստանյան ծրագրում ներառված էին նշված նպատակին ուղղված բոլոր խնդիրները. ներգրավելով ՕԿ-ներին, թիրախ համայնքների ղեկավար անձնակազմին ու բնակիչների՝
• իրականացնել համայնքին սպառնացող բնական և տեխնածին ռիսկերի, համայնքի խոցելության և կարողությունների գնահատում,
• մշակել բացահայտված ռիսկերի նվազեցման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ, որոշել դրանց առաջնահերթությունները և ֆինանսավորման հնարավոր աղբյուրները,
• ԱՌՆ վերաբերյալ մշակված գործողությունները ներառել համայնքային զարգացման պլանում՝ որպես դիմակայուն համայնքի ձևավորման հիմնաքար:

Հայաստանից ելույթը շարունակեց Գավառի ՕԿ համակարգող Լիաննա Ասոյանը, ով շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակին՝ որպես հավատարիմ գործընկեր նմանատիպ ծրագրերի կյանքի կոչման համար: Նա ներկայացրեց Հայաստանի ՕԿ-ների դերն այս ծրագրում և համայնքների կայուն զարգացման գործում, ԱՌՆԱՊ հիմնադրամի և Հայաստանի ՕԿ-րի համագարծակցության դրական փորձն ու ձեռք բերված արդյունքները՝ բարձր գնահատելով համատեղ կատարած աշխատանքները:

Հանդիպման կազմակերպիչների կողմից եղան արձագանքներ ներկայացված ծրագրերի և կատարված աշխատանքների մասին.
«Հզորացված գիտելիքների և տեղական համայնքների հետ ամրապնդված հարաբերությունների միջոցով ՕԿ-ներն այժմ կարող են ակտիվորեն իրենց ջանքերն ուղղել կրճատելու աղետների ռիսկերը և բնական վտանգների ազդեցությունները», -իր խոսքում նշեց ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական հարցերի համակարգող Հալիլ Յուրդակուլ Յիգիտգուդենը: «Այսօր մենք նշում ենք ծրագրի ավարտը, բայց անհամբերությամբ սպասում ենք ՕԿ-ների ԱՌՆ ոլորտում հետագա գործողություններին և դրանք այլ վայրերում վերաիրականացնելուն»:
ԵԱՀԿ բնապահպանական համագործակցության բաժնի պետ, բնապահպանական հարցերով ավագ խորհրդական Էսրա Բուտանրին իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր ներկայացումների և կատարված ծրագրերի համար՝ առնձնացնելով և մատնանշելով Հայաստանի լավագույն փորձն ու կատարած օրինակելի աշխատանքները:

Հանդիպման հաջորդ օրը՝ ապրիլի 9-ին «Դոնաու-Աուեն» կոչվող Ազգային պարկում, Դանուբ գետի ափին կազմակերպվեց միասնական կամավորական օր:

Լիաննա Ասոյան
Գավառի ՕԿ համակարղող
Էլ.հասցե blejanli@gmail.com
Հեռ: +37477764641