3,608 view
Տեխնածին աղտոտված և դեգրադացված հողերի բերրիության բարձրացման խնդիրը չափազանց կարևոր է Կապանի տարածաշրջանի համար
22.04.2016
Ապրիլի 21-ին Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ կլոր սեղան «Տեխնածին աղտոտված և դեգրադացված հողերի բերրիության բարձրացման և էկոլոգիապես անվտանգ սննդի ստացման տեխնոլոգիաներ» թեմայով, որը ներկայացվեց Սյունիք համայնքի հողերի օրինակով:Խնդրի կարևորությունն ու լուծման հրատապությունն ընդգծելուց հետո՝ Օրհուս կենտրոնի համակարգողը խոսքը փոխանցեց ԵԱՀԿ Սյունիքի մարզային գրասենյակի համակարգող Արմեն Շահբազյանին:

Վերջինս հարկ համարեց հիշեցնել 2015թ. ԵԱՀԿ գրասենյակի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրի ջանքերով, տեղական ՀԿ-ի, Սյունիքի մարզպետարանի և Աճանան ու Սյունիք համայնքների աջակցությամբ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի բնապահպանական անվտանգության վճռորոշ խնդրի լուծման՝ 4կմ երկարություն ունեցող ոռոգման ջրանցքի վերանորոգման մասին, որը ֆերմերներին հնարավորություն է տվել զերծ մնալ ոռոգման նպատակով աղտոտված ջրերի օգտագործումից: Այնուհետ ԵԱՀԿ-ն պլանավորել է աջակցություն ցուցաբերել նաև Սյունիք գյուղական համայնքում բարձր քանակությամբ թունավոր տարրեր պարունակող աղտոտված հողերի կառավարման գործում: Աջարկվող տարբերակը կոգնի մաքրել կամ անշարժացնել հողերում պարունակող ծանր մետաղները և նվազեցնել մետաղների բացասական ազդեցությունը բույսերի վրա: ԵԱՀԿ-ն վերը նշված խնդիրները լուծելու համար, որպես փորձագետ ներգրավել է ՀԱԱՀ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերուժան Գալստյանին:

Պրոֆեսոր Գալստյանը Օրհուս կենտրոնի նախաձեռնած կլոր սեղանի մասնակիցներին ներկայացրեց Սյունիք համայնքի գյուղատնտեսական աղտոտվածության վիճակի վերլուծությունը: Ըստ որի Սյունիք համայնքում գյուղատնտեսական 1905 հա հողատարածություններից (ներառյալ վարչական տարածքը) չաղտոտված և թույլ աղտոտված հողատարածությունները կազմում են 580 հա, միջակ աղտոտված են 15 հա-ն, ուժեղ աղտոտված են 30 հա-ն և 5 հա-ն, որոնք գտնվում են պոչամբարի պատվարի հարևանությամբ, պատված են պոչանքով: Սյունիքի համայնքում գյուղմշակաբույսերի բերքատվության բերված ցուցանիշներից պարզ երևաց, որ չաղտոտված հողերում բերքատվությունը 60-100 %-ով բարձր է:

Ներկայացված զեկույցի համաձայն Սյունիք համայնքում աղտոտված հողատարածություններում մշակված գյուղատնտեսական մշակաբույսերից ստացված մթերքում ծանր մետաղների պարունակությունը բարձր է (մգ/կգ, Беляева О.А. 2013): Մրինչդեռ ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող բանջարեղենի՝ կանաչեղենի, սմբուկի, լոբու, պոմիդորի և վարունգի օգտագործումը սննդակարգում չափազանց վտանգավոր է:

Պրոֆեսոր Գալստյանը բերեց պարզ ֆինանսական հաշվարկներ (Կից տես կլոր սեղանի նյութերը):
Ամփոփելով խոսքը՝ բանախոսը նշեց, որ խնդիրը պահանջում է խիստ հրատապ գործողություններ և Սյունիքի մարզում ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Արմեն Շահբազյանին խնդրեց միջոցառումներ ձեռնարկել այս ուղղությամբ:

Կլոր սեղանին մասնակցեցին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցը, ՀՀ Սյունիք մարզային ԱՊՏ բժիշկ- հիգիենիստը, Սյունիքի մարզում ԵԱՀԿ գրասենյակի համակարգողը, «ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼՍ ԿԱՊԱՆ» ՓԲԸ-ի վարչական տնօրենը և հանրության հետ կապերի պատասխանատուն, ԲՆ ԲՊՏ Սյունիքի տարծքային տեսչության տեսուչը և իրավախորհրդատուն , «Սյունիքի առողջության պահպանման» հիմնադրամի նախագահը, ՀԿ-ների ու ԶԼՄ ներկայացուցիչներ:

https://www.youtube.com/watch?v=h0N9rg1kzyQ

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 93 79 59 21
Էլ-փոստ՝ info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru
Խմբագիր՝ Մարի Չաքրյան