3,600 view

Գորիսի գլխավոր հատակագծի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման նախագծի հերթական հանրային քննարկում

11.04.2016
Գորիսի գլխավոր հատակագծի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման նախագծի վերաբերյալ հերթական հանրային քննարկումը տեղի ունեցավ ապրիլի 5-ին, Գորիսի քաղաքապետարանում: Նպատակը Գորիս քաղաքի գլխավոր հատակագծի նոր նախագծի համաձայն շրջակա միջավայրում նախատեսվող փոփոխությունների մասին հանրությանը տեղեկացնելն էր:Հանդիպմանը մասնակցում էին Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության աշխատակիցները` վարչության պետ Սոնյա

Մաթևոսյանի գլխավորությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ջրային ռեսուրսների պահպանության քաղաքականության բաժնի պետ Լիլիթ Աբրահամյանը, Գորիսի գլխավոր հատակագծի աշխատանքային խմբի ներկայացուցիչները, Գորիսի քաղաքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի և ՀԿ ներկայացուցիչներ, Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգողը:

Քաղաքապետի ողջույնից հետո Գորիսի գլխավոր հատակագծի աշխատանքային խմբի ներկայացուցիչ Նունե Պետրոսյանը ներկայացրեց, թե քաղաքի կառուցապատման ինչ առանձնահատկություններ ու զարգացման հեռանկարներ են նախատեսված գլխավոր հատակագծի վերափոխված տարբերակում: Նա նախագծային առաջարկներ ներկայացրեց նաև քաղաքի պատմական կենտրոնի և հին Գորիս գյուղական բնակավայրի վերակառուցման վերաբերյալ` որպես տուրիզմի զարգացմանը նպաստող քաղաքաշինական տարածքներ:

Քննարկմանը ներկա մասնագետները կարևորեցին, որ նոր գլխավոր հատակագիծը նպաստում է կանաչ գոտիների և բնական լանդշաֆտների պահպանությանը:

Համայնքի շահերից ելնելով ներկաները հանդես եկան առաջարկություններով, դիտողություններով: Քննարկման վերջում մասնակիցները տեղեկացվեցին, որ հայտի ուսումնասիրության արդյունքում կտրվի հաշվետվություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին »ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում:

Մելադա Հարությունյան
Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգող