4,216 view
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Գյումրիում նախաձեռնված հանրային քննարկումը չեղյալ է հայտարարվել

24.03.2016

gyumri_24_03Մարտի 22-ին ՀՀ Շիրակի մարզպետարանում նախատեսված էր «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումը: Գյումրու Օրհուս կենտրոնը նախապես քաղաքացիական հասարակությանը, շահագրգիռ պետական ու հասարակական կազմակերպություններին տեղեկացրել էր հանրային քննարկման անցկացման վայրի և ժամանակի մասին, ինչպես նաև տրամադրել էր ՀՀ բնապահպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության և ՇՄԱԳ նախագծի հղումները:

Տեղեկացնենք, որ դեռ 2013թ. ապրիլին, տեղի էր ունեցել սույն նախագծի քննարկումը, ներկաները մի շարք առաջարկներ ու դիտողություններ էին արել, որից հետո նախագիծը ստացել էր դրական եզրակացություն: Սակայն, քանի որ 1 տարվա ընթացքում շինարարական աշխատանքները չէին մեկնարկել, ԲՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տված փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած է ճանաչվել, ուստի նախաձեռնողը պարտավորություն ունի նախապատրաստել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր նախագիծ և նորից օրենքով սահմանված կարգով ստանալ փորձաքննական եզրակացություն:

Սակայն, ինչպես նկատել են քննարկման մասնակիցները, իրենց համար մինչ քննարկումը հասանելի է եղել հին` 2012թ. նախագիծը, որում անգամ ներառված չեն եղել նախորդ` 2013թ. ապրիլին Գյումրիում կայացած քննարկման ժամանակ ներկայացված առաջարկները, իսկ նոր հայտը հանրությանն է ներկայացվել միայն քննարկումից անմիջապես առաջ:

Քանի որ, ՀՀ Շիրակի մարզի շահագրգիռ հասարակայնությունը հնարավորություն չէր ունեցել նախապես ծանոթանալ մարտի 22-ի քննարկմանը դրված հայտի բովանդակությանն ու ներկայացվելիք նյութերին, ապա նախաձեռնողներին դիմել է` պահանջելով չեղյալ հայտարարել հանրային քննարկումն ու սահմանված կարգով պատշաճ տեղեկացումից և քննարկվելիք փաստաթուղթը կայքում հրապարակելուց հետո նորից կազմակերպել և անցկացնել հանրային քննարկում:

Նախաձեռնողի կողմից սկզբում եղավ դժգոհություն առաջարկի հետ կապված, ներկայացվեցին որոշ առարկություններ, բայց ներկաների կարծիքների ճնշման ներքո որոշում կայացվեց չեղյալ հայտարարել այս հանրային քննարկումը և երկու շաբաթից կազմակերպել նորից` հաշվի առնելով հանրության կողմից ներկայացված առաջարկությունները:

Լրացուցիչ տեղեկություն քննարկման մասին հետևյալ հղումով`
http://tsayg.am/mainpage/15502-ns-b-l-sn.html

Գևորգ Պետրոսյան
Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 71 45 33
Էլ. փոստ. gyumricenter@gmail.com
Խմբագիր` Մարի Չաքրյան