4,352 view

Ջրային ռեսուրսների ու զբաղվածության միջև փոխադարձ կապը

22.03.2016
Ամեն տարի մարտի 22-ին միջազգային հանրությունը նշում է Ջրի համաշխարհային օրը: Այս տարի բնապահպանական այս տոնը նվիրված է ջրային ռեսուրսների ու զբաղվածության միջև փոխադարձ կապին:
Ներկայում Երկրի աշխատունակ բնակչության կեսից ավելին` մոտ 1,5 մլրդ մարդ աշխատում է տնտեսության տարբեր ճյուղերում, որոնք անմիջականորեն կապված են ջրային ռեսուրսների հետ: Ընդհանուր առմամբ մեր գործունեությունն այս կամ այն չափով կապված է ջրի հետ: Միաժամանակ միլիոնավոր մարդիկ, ում մասնագիտությունը կամ աշխատանքն առնչություն ունի ջրի հետ, աշխատում են այնպիսի պայմաններում, որտեղ պահպանված չեն
անվտանգության տարրական նորմերը և չեն ապահովվում աշխատավորների հիմնական իրավունքները:

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տվյալներով տարեկան մոտ 340 000 տարբեր աշխատավորներ մահանում են վատ սանիտարական պայմանների կամ ջրամատակարարման խնդիրների պատճառով: Հենց այս է պատճառը, որ 2016թ.-ի կարգախոսն է՝ «Ջրային ռեսուրսներն ու զբաղվածությունը»:
Տասնյակ հազարավոր ձկնորսներ կախված են քաղցրահամ ջրերի որակից, միլիոնավոր գյուղատնտեսների գործունեությունը պայմանավորված է ոռոգման ջրով, շարքը կարելի է շարունակել անվերջ: Ջրի շնորհիվ մենք ոչ միայն ապրում ենք, այլև հագնվում, սնվում, կառուցում և արտադրում: Չափազանց սերտ է կապը ջրի քանակի ու որակի և մարդկության զարգացման միջև:

ՄԱԿ-ը և ԱՄԿ-ն, որն այս տարի զբաղվում է Ջրի օրվան առնչվող պաշտոնական միջոցառումների կազմակերպական աշխատանքներով, կառավարություններին ու հասարակական կազմակերպություններին, գիտական կառույցներին, բիզնեսի ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, այլ շահագրգիռ կողմերին, կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել աշխատատեղերի ստեղծման և կայուն զարգացման գործում ջրային ռեսուրսների ունեցած դերին:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1993թ. որոշմամբ Ջրի համաշխարհային օրվա հիմնական խորհուրդը ջրային ռեսուրսների խնդիրների կարևորության և դրանց խնայողաբար ու հոգատար օգտագործման մասին հանրության տեղեկացվածությունը բարձրացնելն է, ինչպես նաև ջրային ռեսուրսների պահպանության և վերականգնման ակտիվ գործողությունների մղելը:

Այսօր Հայաստանում տարբեր հասարակական կազմակերպություններ ու նախաձեռնող խմբեր, կրթօջախներ նշել են Ջրի օրը՝ իրենց շուրջը հավաքելով մտահոգ ու հետաքրքրված անձանց:

Ստորև կարող եք գտնել լրացուցիչ հետաքրքաշարժ և օգտակար տեղեկություններ ջրի և ջրային ռեսուրսների պահպանության մասին:

• «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ պաշտոնական կայք՝ http://www.cwp.am/index.php?option=com_content&view=category&layout=blog&id=1&Itemid=68&lang=am
• 10 խորհուրդ, թե ինչպես կարելի է նվազեցնել ջրօգտագործումը՝ http://leworld.org/index.php/novosti/415-10-sposobov-ostanovit-pustuyu-tratu-vody
• Ջրի արժեքը՝ http://leworld.org/index.php/novosti/306-skrytaya-stoimost-vody
• Քո «ջրային» ոտնահետքը՝
http://leworld.org/index.php/novosti/621-kakov-tvoj-vodnyj-sled
• Չկա ոչինչ ջրից թանկարժեք՝
http://leworld.org/index.php/novosti/269-net-nichego-dorozhe-vody

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ-փոստ՝ aarhusnews@gmail.com