4,200 view

Ալավերդու օդային ավազանը կրկին հայտնվել է վտանգավոր արտանետումների ճիրաններում

21.03.2016
Ալավերդու բնակչությունը կրկին անհանգստացած է քաղաքի օդային ավազանի համար: Օրհուս կենտրոն չեն դադարում բնակիչների հեռախոսազանգերն ու այցելությունները, որպեսզի պարզեն, թե որքանով են հավաստի շրջանառվող լուրերն այն մասին, որ «Էյ-Սի-Փի» ընկերությունն ավելացրել է արտադրության ծավալները: Բնակիչների դիտարկմամբ հենց դա է պատճառը, որ պղնձաձուլական գործարանի գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետվող ծխագազերը ոչ միայն տեսանելիորեն թանձր շերտ են առաջացնում քաղաքի վրա, այլև ավելացել են գազերի չկազմակերպված արտանետումները գործարանի կոնվերտերային վառարանից, որոնք ավելի վտանգավոր են:

Խնդիրն առաջացրել է քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչների դժգոհությունը:

Օրհուս կենտրոնում նշված հարցի շուրջ աշխատանքային քննարկումներ են եղել Ալավերդու քաղաքապետի հետ, ով նույնպես հավաստի տեղեկություն չունի:

Մի բան պարզ է, որ 2016 թ-ին Ալավերդի համայնքին չի տրամադրվել մինչ այդ ՀՀ պետբյուջեից կատարվող բնապահպանական սուբվենցիան, որով իրականացվում էին մի շարք բնապահպանական և առողջապահական ծրագրեր: 2016-ին Վալլեքս ընկերությունը դադարեցրել է նաև Ալավերդի քաղաքում ընկերության կողմից կատարվող մի շարք աշխատանքներ՝ բարեգործական ճաշարան, լրացուցիչ սնունդ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներին, գործունեությունը դադարեցրել է քաղաքային ճոպանուղին: Այս ամենն ընկերությունը պատճառաբանում է համաշխարհային շուկայում պղնձի ցածր գներով: Սակայն Ալավերդի քաղաքի բնակիչները, լինելով նշված վնասների անմիջական կրողը, մտադիր են ուղղակի քայլեր ձեռնարկել և պահանջել լուրջ մոտեցումներ բնապահպանական և առողջապահական խնդիրներին: Ալավերդցիների պահանջին մտադրություն ունեն միանալու նաև հարակից համայքների բնակիչները:

Տարածված լուրերը ճշտելու և պաշտոնական հստակ տեղեկատվություն ունենալու համար՝ Օրհուս կենտրոնը հարցումով դիմել է «Էյ-Սի-Փի» ընկերության ղեկավարությանը:

Հասարակության պահանջով առաջիկայում կկազմակերպվի հանրային քննարկում, ոլորտի մասնագետների, պետական պատկան մարմինների, փորձագետների և «Էյ-Սի-Փի» ընկերության պատասխանատուների մասնակցությամբ:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 253 60 645 295 (ներքին՝ 191)
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am
Խմբագիր՝ Մարի Չաքրյան