3,923 view
ԵՄ-ն կարևորում է էներգետիկ քաղաքականության իրականացմանը հանրության մասնակցությունն ու թափանցիկությունը
04.03.2016
Եվրահանձնախողովի համատեղ հետազոտական կենտրոնի Էներգետիկայի և տրանսպորտի ինստիտուտի (JRC-IET) նախաձեռնությամբ Եվրոպայի էներգետիկ քաղաքականության ոլորտում հանրության մասնակցության և թափանցիկության հարցերին նվիրված աշխատանքային միջազգային հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 25-26-ը, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։
Հետազոտական կենտրոնի էներգետիկայի և տրանսպորտի ինստիտուտի առաքելությունը Եվրոպական Միության քաղաքականությանը և տեխնոլոգիաների նորարարության ապահովմանը աջակցելն է՝ կայուն, ապահով, անվտանգ և արդյունավետ էներգիայի արտադրության, բաշխման
և օգտագործման նպատակով, ինպես նաև խթանել կայուն և արդյունավետ փոխադրումը՝ Եվրոպայում։Ինստիտուտը հետազոտություններ է իրականացնում թե միջուկային, թե ոչ միջուկային էներգիայի ոլորտներում՝ համագործակցելով ԵՄ անդամ պետությունների և այլ գործընկերների հետ: Այն հիմնված է Պետտենում (Նիդեռլանդներ) և Իսպրայում (Իտալիա), ունի բազմամասնագիտական թիմ շուրջ 300 ուսումնական, տեխնիկական և ադմինիստրատիվ աշխատակազմով։(https://ec.europa.eu/jrc/en/about/institutes-and-directorates/jrc-iet)

Այս աշխատանքային հանդիպումը ինստիտուտի գործունեության մի փոքրիկ ուղղությունն էր լոկ՝ ուղղված էներգետիկ ոլոտում թափանցիկության ապահովմանը։ Այն նպատակ ուներ ոլորտի փորձագետներին մեկտեղելու միջոցով ապահովել փորձի փոխանակում, տարածել ինչպես տեղական այնպես էլ միջազգային մակարդակում գոյություն ունեցող հանրության մասնակցության սկզբունքները, քննարկել մասնակցության մակարդակները, գործիքներն ու մեթոդները, առաջարկել և ներկայացնել Եվրոպական համապատասխան նախագծերը, քննարկել շահագրգիռ կողմերի ներգրավվածության մարտահրավերները։

Միջոցառմանը մասնակցում էին մի շարք Եվրապական երկրների փորձագետներ, գիտակրթական և պետական կառավարման ապարատի ներկայացուցիչներ։ Եվրոպական հարևանության քաղաքականության երկրներից մասնակցում էին ներկայացուցիչներ Ադրբեջանից (Ադրբեջանի Տեխնիկական Համալսարան) և Հայաստանից` ի դեմս Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու Մարի Չաքրյանի՝ որպես շրջակա միջավայրի հարցերով հանրային իրազեկման և հանրության մասնակցության փորձագետ։

ՄԱԿ ԵՏՀ (UNECE) Օրհուսի կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչ Վիրա Խորոշավինան հանգամանալից ներկայացրեց, թե ինչպես է կարգավորում էներգետիկ ոլորտում հանրության մասնակցության հարցերը Օրհուսի կոնվենցիան, որպես առավել օգտակար և պարզաբանված գործիք ներկայացրեց Մաստրիխտյան առաջարկությունները։ Պրեզենտացիան բուռն քննարկման առիթ տվեց։

Հանրության մասնակցության հարցերի առնչությամբ հետաքրքրական էին Լոնդոնի համալսարանի ներկայացուցիչ Պաուլ Դորֆմանի դիտարկումները։

Մնացած բոլոր երլույթներն առավելապես նվիրված էին էներգետիկայի ոլորտի այս կամ այն ճյուղին, վերականգնվող էներգետիկայի ոլորտում ԵՄ տարաբնույթ ծրագրերին ու հաջողված օրինակներին։
Մասնակիցները տարակարծիք էին Եվրոպական ընդհանուր էներգետիկ քաղաքականության հարցում․ եթե ոմանք գտնում էին, որ շրջակա միջավայրի պահպանության նպատակով պետք է սահմանափակել, անգամ լիովին հրաժարվել միջուկային էներգետիկայից, ապա մյուսները մատնանշում էին էներգետիկայի այս ճյուղի ավանդական կայուն դերը։

Այնուհանդերձ հանդիպումը լայն հնարավորություն տվեց ոչ միայն ծանոթանալու ոլորտի եվրոպական փորձին, այլև մեկ անգամ ևս կարևորելու հանրության մասնակցության դերը էներգետիկայի ոլորտում քաղաքականության մշակման գործում։

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ-փոստ՝ aarhusnews@gmail.com