2,732 view

Մատչելի տեղեկատվության հասանելիությունը թափանցիկ կառավարման հիմնքն է

20.12.2015

gavar_20_12Շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող մատչելի և հասանելի տեղեկատվությունը հնարավորություն է տալիս պաշտոնյաներին, գործարարներին, սպառողներին, ՔՀԿ ներկայացուցիչներին, մեզանից յուրաքանչյուրին ազդել որոշումների կայացման գործընթացների վրա:

Թափանցիկ կառավարման բանալին մատչելի տեղեկատվությունն է: Կան տեղեկատվության մատչելիության տարբեր գործիքներ, ինչպիսիք են օրինակ Էլեկտրոնային կառավարումը, բաց տվյալները և նմանատիպ այլ նախաձեռնություններ, որոնք միտված են ապահովելու բնապահպանական տեղեկատվության հասանելիությունը, որը կարող է խթանել շրջակա միջավայրի պաշտպանությունը և խոչընդոտել մարդու բացասական ազդեցությանը բնության վրա:

2015թ. դեկտեմբերի 8-10-ը Ժնևում` Մոլդովայի Հանրապետության ղեկավարությամբ, կայացավ Օրհուսի կոնվենցիայի ներքո Տեղեկատվության մատչելիության աշխատանքային խմբի չորրորդ հանդիպումը:

Հանդիպմանը ներկա էին Կոնվենցիայի կողմերի, ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների, ակադեմիական և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էին Օրհուսի Կոնվենցիայի ազգային համակարգողը և «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի նախագահը, ով նաև համակարգում էր Օրհուս կենտրոնների ծրագիրը: /Մասնակիցների ցանկը
http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/a_to_i/4th_meeting/list-of-participants-161215_final.pdf/:
Հանդիպման ընթացքում պատվիրակները ներկայացրեցին հասարակության համար հասանելի մատչելի տեղեկատվությանը խոչընդոտող խնդիրները, այդ ուղղությամբ առաջատար փորձը, ինչպես նաև հնարավոր հետագա զարգացումները:
Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Բասկուտ Տունչակն իր խոսքում նշեց, որ տեղեկատվության իրավունքը ամենակարևորն է, քանի որ այն ապահովում է բոլոր իրավունքների իրագործումը: Տեղեկատվությունը հասանելի է դառնում, երբ մարդիկ սկսում են ցանկություն հայտնել տեղեկանալու ու տեղեկատվությունը պետք է տրվի այն տեսքով, որ մարդու բոլոր իրավունքները պաշտպանված լինեն: Նա նշեց նաև, որ ոչ մի մասնավոր գործունեություն օրինական չի կարող լինել, եթե մարդու առողջության իրավունքը ոտնահարված է։ Հետևաբար բիզնեսը պարտավոր է ապահովել մարդու առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:

Հանդիպմանը քննարկվեցին նաև մատչելի տեղեկատվության որակին, բնապահպանական տեղեկատվության հետագա սահմանափակումներին, էլեկտրոնային տեղեկատվական գործիքների միջոցով բնապահպանական տեղեկատվության տարածմանն, Օրհուսի կոնվենցիայի էկոլոգիական ժողովրդավարության տեղեկատվական-կոորդինացիոն մեխանիզմին (Aarhus Clearinghouse) ու հետագա զարգացումներին առնչվող հարցեր:gavar_20_12_1Հանդիպման օրակարգում բնապահպանական տեղեկատվության մատչելիության բարելավման հարցերն էին՝ Բնապահպանական տեղեկատվության տրամադրումը տարբեր պետական մարմինների կողմից, տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը, որոնք կարող են վերաբերել տեղեկատվության տրամադրման Կոնվենցիայով նախատեսված որոշակի սահմանափակումներին:

Էկոֆորումի ներկայացուցիչ Մարա Սիլինան իր զեկույցում նշեց էկոլոգիական տեղեկատվության պահանջարկի վերաբերյալ իրենց կազմակերպության կողմից պատրաստված հարցաթերթիկի մասին, որն ուղարկվել է 16 երկրների: Դրանցից 8-ից ստացել են տարբեր բնույթի պատասխաներ, օրինակ Հունաստանում կարևորել են արդյունաբերական ոլորտի, հիմնականում քիմիական, Ղազախստանում՝ օդի, ջրի մոնիտորինգի արդյունքների, Մոլդովայում՝ գետի ջրերի վիճակի, հիդրոքիմիական ցուցանիշների բացակացությայն, Ռուսաստանում՝ տեսչական ստուգումների արդյունքների գաղտնիության մասին, Ուզբեկստանում խնդիր է ՍԹԿ-րի մասին տեղեկատվության բացակայությունը և այլն:

Կարևորվեց ընդհանուր տեղեկատվական բազայի առկայությունը, որտեղ տեղեկատվությունը կլինի ամբողջական ու մատչելի, այդ թվում անդրսահմանային համատեքստում:

Պատվիրակներներից շատերը կարևորեցին նաև կայքերի, բջջային հավելվածների, սոցիալական լրատվամիջոցների և այլ գործիքների միջոցով ակտիվ և արդյունավետ կերպով բնապահպանական տեղեկատվության տարածումը: Կոնվենցիայի Կողմերի և շահագրգիռ կողմերի հետ հետագա քայլեր ձեռնարկվեցին էլ. կառավարման, բաց տվյալների և այլ նմանատիպ նախաձեռնությունների առաջխաղացման համար:

Հայաստանի ներկայացուցչի կողմից հարց բարձրացվեց Կարմիր գրքի կենդանիների բազմացնան վայրի մասին տեղեկատվության բաց լինլ չլինելու մասին։ Ի պատասխան նշվեց, որ եթե հարցը հազվադեպ տեսակների մասին է, կարելի է տալ, թե ինչ տեսակներ կան այդ տարածքում, բայց կորդինատների մասին չասել․ սա ընդհանուր մոտեցում չի պահանջում, սա անհատական մոտեցում է պահանջում:

Մասնակիցները նաև տեղեկացան հանրային ոլորտում առաջացած թույլատրելի բնապահպանական տեղեկատվության վերաօգտագործման առավելությունների մասին: Կիսվեցին բնապահպանական տեղեկատվության հարցումների իրենց գործնական փորձով, թե արդյոք դրանք վերաբերում է պետական մարմիններին, հետազոտություններին, ազգային անվտանգությանն ու պաշտպանությանը, կամ առևտրային և արդյունաբերական տեղեկատվությանը: Բազմաթիվ լավ օրինակներ ներկայացվեցին կապված հանրային շահերի պաշտպանության և ծրագրերի թափանցիկ իրականացման հետ:
Աշխատանքային Խմբերը լուսբանեցին բոլոր տեսակի արտանետումների վերաբերյալ տեղեկատվության առավելագույն բացահայտման կարևորությունը

Մասնակիցները տեղեկացան համաեվրոպական տարածաշրջանում վերջին զարգացումների մասին՝ բնապահպանական տեղեկատվական համակարգերի, Երկրի Գլոբալ դիտարկման համակարգի և ՄԱԿ-ի գլոբալ աշխարհագրատարածական տեղեկատվության կառավարման վերաբերյալ նախաձեռնություններին: Միջազգային գործընթացի նպատակն է բարելավել տվյալները, որը կարևոր է որոշումների կայացման, հաշվետվողականության և մարտահրավերների զարգացման լուծման համար:

Հանդիպման մասնակիցները եկան այն եզրակացության, որ տեղեկատվության մատչելիության ընդլայնումը կնպաստի կայուն զարգացման բնագավառում հասնել մի շարք նպատակների իրականացման: Դրա համար Աշխատանքային խումբն առաջարկեց կայուն զարգացման կողմերին լայն ազդեցություն ունենալ Կոնվենցիայի առաջին դրույթի իրականացման արդիականացման գործում:

Աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքները կնպաստեն ընդլայնել բնապահպանական տեղեկատվության հասանելիության ուղղությամբ Կողմերի ջանքերը և կնպաստեն տարբեր պատկան մարմինների, հասարակական կազմակերպությունների, Օրհուս կենտրոնների և այլ շահառուների միջև ավելի լավ համագործակցությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝

http://www.unece.org/index.php?id=39258#/

Լիաննա Ասոյան
«Բլեջան» ՀԿ-ի նախագահ
Հեռ.՝ (+374) 77 76 46 41
Էլ-փոստ՝ blejanli@gmail.com
Խմբագիր` Մարի Չաքրյան