4,739 view
Օրհուսի կոնվենցիայի ներքո Որոշումների կայացմանը հանրության մասնակցության աշխատանքային խումբը 6-րդ անգամ քննարկեց առկա մարտահրավերներն ու խնդիրները
24.02.2016
Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին Օրհուսի կոնվենցիայի ներքո Որոշումների կայացմանը հանրության մասնակցության աշխատանքային խմբի 6-րդ հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 10-11-ը, Ժնևում։
Հանդիպման նպատակն էր քննարկել արդյունավետ հանրային մասնակցության հիմնական խոչընդոտները, փոխանակել լավագույն փորձն՝ անդրադառնալով այդ խոչընդոտների հաղթահարմանը, կիսվել շրջակա միջավայրի հարցերով որոշումների կայացմանը հասարակության արդյունավետ մասնակցությանն ուղղված Մաստրիխտյան առաջարկությունների

իրականացմանը խթանման փորձով (http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/mop5/Documents/Post_session_docs/ece_mp.pp_2014_2_add.2_rus.pdf ), ներկայացնել էներգետիկ ոլորտում պլանավորմանն առնչվող հարցերը։

Հանդիպմանը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ մասնակություն ունեցավ նաև Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու Մարի Չաքրյանը։

Օրակարգի առաջին հարցը նվիրված էր էր որոշումների կայացմանը հանրության մասնակցության խոչընդոտներին, մարտահրավերներին ու լավագույն փորձին։

Ողջունվեց Ալբանիայի փորձը, որտեղ, բանախոսի ներկայացմամբ, օրենսդրությունը համապատասխանեցվել է Օրհուսի կոնվենցիային, սահմանվել են հանրության պատշաճ իրազեկման և մասնակցության ձևերն ու ժամկետները։ Պաշտոնական կայքերից, օրաթերթերից բացի, այստեղ հանրության իրազեկման նպատակով օգտագործվում են նաև սոցիալական ցանցերը։ Սակայն ներկաներից մի քանիսը, այդ թվում համապատասխանության կոմիտեի ներկայացուցիչ Ջերզի Ջենդրոսկան, օգտագործվող միջոցները դեռևս անբավարար համարեցին հատկապես գյուղական համայնքներում հանրության պատշաճ իրազեկման առումով։
Հայաստանի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչ Մարի Չաքրյանը մեջբերեց Հայաստանի փորձը, երբ Օրհուս կենտրոնների նախաձեռնությամբ, ներգրավելով նաև ՀԿ-ներին ու փորձագետներին, այցելություններ են կազմակերպվում դեպի գործողությունների պլանավորման տարածք ու տեղում խորհրդատվական հանդիպումներ իրականացվում բնակիչների ու ՏԻՄ ներկայացուցիչների հետ` առավել արդյունավետ դարձնելով հանրության իրազեկումն ու հանրային լսումներին նրանց ակտիվ մասնակցությունը։ Ավելին, Օրհուս կենտրոնները հետևողական են լինում նաև, որ հանրության դժգոհություններն ու առաջարկությունները սահմանված ժամկետներում ներկայացվեն պատկան մարմիններին։

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր Մաստրիխտյան առաջարկությունների ներդրման խթանմանը։
Շեշտադրվեց, որ դրանք օգտակար ուղեցույց են Օրհուսի կոնվենցիայի 6, 7 և 8 հոդվածների իրականացման առումով, և հատկապես, թե ինչպես պետք է արձագանքել Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի կողմից բացահայտված մի շարք առանցքային մարտահրավերներին: Կարևորվեց Մաստրիխտյան առաջարկությունների թարգմանությունը մեյրենի լեզվով, որպեսզի դրանք որպես ուղղեցույց ծառայեն պաշտոնատար անձանց՝ հասարակության մասնակցության ընթացակարգը կոնվենցիային համապատասխան ապահովելու նպատակով։

Օրհուսի կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչ Վիրա Խորոշավինան ներկայացրեց Մաստրիխտյան առաջարկությունների ներդրման վերաբերյալ նախապես Կողմերին ուղղված հարցաշարի պատասխանների վերլուծությունը։ Հայաստանի պատասխաններից նա նշեց մի քանիսը, ըստ որոնց Բնապահպանության նախարարությունը դեռևս չի տարածել Մաստրիխտյան առաջարկությունները, չի ներկայացրել դրանք ՏԻՄ-երին ու ՀԿ-ներին, դրանք չեն թարգմանվել հայերեն։ Ինչ վերաբերում է ապագա պլաններին, ապա բանախոսի ներկայացմամբ Հայկական Կողմը պատրաստվում է տարածել տեղեկատվությունը և տեղերում ՏԻՄ-երի համար սեմինարներ կազմակերպել Օրհուս կենտրոնների ցանցի միջոցով։

Հարկ է նշել, որ Հայաստանի Օրհուս կենտրոնների կայքի նորությունների բաժնում տեղեկատվություն է տեղադրվել 2014թ․ Մաստիխտում կայացած հանդիպման մասին, որին կցվել են դրան վերաբերող փաստաթղթերը, այդ թվում վերոնշյալ փաստաթղթի նախագիծը (http://aarhus.am/?page_id=6013&lang=en), այն տեղադրվել է նաև կայքի փաստաթղթերի բաժնում, բայցի այդ, Օրհուս կենտրոնները, բարի կամքի դրսևորմամբ, տարածել են այն իրենց էլեկտրոնային ցանցերով և սոցցանցերով, որոշ կետեր կիրառել տեղերում հանդիպումների ու պարզաբանումներ տալու ժամանակ (http://aarhus.am/?page_id=736&lang=en ):

Էներգետիկ ոլորտում պլանավորման գործընթացին հանրության մասնակցության հարցի ներքո Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Աիդա Իսկոյանը ներկայացրեց իրավիճակը Հայաստանում։ Խոսելով փոքր ՀԷԿ-երի մասին, նշեց քաղաքացիների դժգոհությունները ոռոգման ջրի նվազման, գետերի ցամաքելու, էկոհամակարգերի վերացման մասին, բայց խնդիրը կարգավորված համարեց օրենսդրական տեսանկյունից։ Մի քանի երկրների ՀԿ-ների ներկայացուցիչներ զարմանք հայտնեցին, քանի որ իրենց մոտ փոքր ՀԷԿ-երի ոլորտը կարգավորված չէ և վնասներն ավելին են, քան՝ օգուտը։

Հայաստանի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչը տեղից հավելեց, որ Էկոլուր ՀԿ-ն UNDP աջակցությամբ, ԲՆ-ի հետ փոքր ՀԷԿ-երի մոնիտորինգ է իրականացնում և ուսումնասիրված մի քանի տասնյակ ՀԷԿ-երից միայն մեկն է համապատասխանել նախագծին ու նորմերին։ Մատնանշեց, որ այս փաստը կրկին ապացուցում է, որ օրենսդրությունը կոնվենցիային համապատասխանեցման անըհրաժեշտությունը շարունակում է մնալ օրակարգային, հատկապես հանրության մասնակցության ընթացակարգի ներդրումը։ Ինչպես և արդեն 5-րդ անգամ Հայաստանի մասին իր որոշումներում արձանագրել է Համապատասխանության կոմիտեն։

Օրենսդրության բարելավման ուղղությամբ հետևողական աշխատանք տանելու, հանրության պատշաճ իրազեկում ու մասնակցություն ապահովելու առումով օրինակելի էին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի փորձը։ Սակայն մասնակիցներից մի քանիսն ընդգծեցին, որ չնայած այս ուղղությամբ գրեթե 20-ամյա ջանքերին, որոշումների կայացմանը հանրության պատշաճ մասնակցության հարցը շարունակում է օրակարգային մնալ։ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ նախագահ Ամալյա Համբարձումյանը խնդիրը վերագրեց հասարակության մոտիվացված մասնակցության բացակայությանը։ Նրա խոսքով քաղաքացիները պահանջատեր կլինեն, իրավ պատվիրատու կլինեն ու ակտիվորեն կմասնակցեն որոշումների կայացման գործընթացին, եթե սեփականության իրավունք ունենան երկրի ընդերքի ու ռեսուրսների նկատմամբ ։

Լրացուցիչ տեղեկություններ հանդիպման մասին կարելի է գտնել ստորև հղումով՝ http://www.unece.org/env/pp/aarhus/ppdm6.html#/

Մարի Չարքյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ-փոստ՝ aarhusnews@gmail.com