5,782 view
Սևանա լճի Շորժայի հատվածում «Էմի Ֆրութ» ՍՊԸ կողմից պիլոտային ծրագրով կառուցված ցանցավանդակային ձկնաբուծարանի լճի վրա ազդեցության մասին տեղեկատվությունը դեռևս հասանելի չէ հանրությանը

03.02.2016

Gavar_03_02 2013թ. «Էմի Ֆրութ» ՍՊԸ-ն Սևանա լճի Շորժայի հատվածում` լճի մեջ, պիլոտային ծրագրով կառուցել է ցանցավանդակային ձկնաբուծարան: Այն մեր իրականության մեջ առաջին փորձնական ծրագիրն է՝ բիզնես պլանը, որի դրական կամ բացասական ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա մեկնարկից առաջ հստակեցված չի եղել և նախաձեռնողների ու հանրային սեկտորի, այդ թվում անկախ փորձագետների միջև բազում տարաձայնություններ կան առ այսօր: Հանրային քննարկումները այս հարցի շուրջ չեն տվել հստակ պատասխան կամ մասնագիտական գնահատական:

Հանրային լսումների ընթացքում բիզնես պլանն իրականացնող կազմակերպության և «ՍԵՎԱՆ ԱՊ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները հանրությանը հավաստիացրել են, որ ձկնաբուծարանի շահագործումից հետո, յուրաքանչյուր օր, լճում տեղադրված ժամանակակից չափիչ սարքավորումները կտան այդ հարցերի բոլոր պատասխանները: «ՍԵՎԱՆ ԱՊ» ներկայացուցիչը Երևանի Օրհուս կենտրոնում կայացած նախագծի առաջին հասարակական լսումների ժամանակ նույնիսկ հավաստիացրել է, որ անձամբ կհետևեն չափումների ընթացքին, և Սևանա լճի էկոհամակարգի համար վնաս ներկայացնող նույնիսկ փոքր շեղումների դեպքում կդադարեցվի տվյալ գործունեությունը:

Չնայած պիլոտային ծրագրին հատկացված ժամկետն ավարտվել է, վերոնշյալ տվյալներն առ այսօր չեն հանրայնացվել: Ավելին` նշված ծրագրի իրականացման պայմանագրի
Ժամկետը երկարացվել է:

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` դեռևս անցած տարվա հունիսին Գավառի Օրհուս կենտրոնը դիմել էր Բնապահպանության նախարարություն` լճի էկոհամակարգի վրա ծրագրի ազդեցության մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու խնդրանքով: Պատասխան էր ստացվել, որ նախարարությունն իրականացրել է միայն հիդրոքիմիական մոնիթորինգ Մեծ Սևանի տարածքում, և, որ նմուշառումներն իրականացվել են 2015թ. մայիսին ու դեռևս ուսումնասիրման փուլում են:

Հաշվի առնելով հանրային սեկտորի հետաքրքվածությունն ու վերոնշյալ տվյալների կարևորությունը, կենտրոնը 2015թ. հոկտեմբերի 30-ին դիմել էր «ՍԵՎԱՆ ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենին` կրկին մոնիթորինգի արդյունքների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու ակնկալիքով: ՀՀ օրենսդրությամբ և Օրհուսի կոնվենցիայով սահմանված ժամկետներում չստանալով պատասխան` կենտրոնի համակարգողը կրկնակի հարցում է արել ՊՈԱԿ-ի տնօրենին` ի վերջո պահանջվող տեղեկատվությունն ստանալու ակնկալիքով:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ-փոստ՝ aarhusnews@gmail.com