7,295 view

2016 թվականի խորհրդանիշը Սովորական հողմավար բազեն է

26.01.2015

kestrel1Հայաստանի թռչունների պահպանման միության նախաձեռնությամբ անցկացվող «Տարվա թռչուն» ամենամյա հասարակական քվեարկության արդյունքում հինգ թեկնածուներից ձայների մեծամասնությամբ (2307 ձայն) 2016 թվականը խորհրդանշող թռչնատեսակ է ընտրվել Սովորական հողմավար բազեն (Falco tinnunculus):

Հարցման մասնակիցներին հնարավորություն էր տրվել քվեարկել առցանց` Հայաստանի թռչունների պահպանման միության էլեկտրոնային կայքում, իսկ որոշ մարզերում Օրհուս կենտրոնների աջակցությամբ բաժանվել էին քվեաթերթեր:

Սովորական հողմավար բազեն իր չափերով աղավնու մեծության թռչուն է: Մարմնի ընդհանուր երկարությունը 32-35 սմ է, թևերի բացվածքը՝ 71-80 սմ, իսկ ընդհանուր զանգվածը կազմում է 120-280 գ: Էգն ու արուն իրարից տարբերվում են գլխի գունավորմամբ և փետրածածկով: Այս թռչունների կյանքի առավելագույն տևողությունը 22-24 տարի է: Լայնորեն տարածված է Եվրոպայում, Ասիայում (արևմտյան տարածքներում) և Աֆրիկայի հյուսիսում: Հետաքրքրական է այն փաստը, որ կախված կերի քանակից և արեալից այս թռչունների մի մասը չվում է, մյուս մասը ձմեռում է իր բնադրավայրում: Հայաստանում այս թռչնատեսակին կարելի է հանդիպել ամբողջ տարվա ընթացքում: Նրանց համար առավել նախընտրելի են կիսաանապատային, լեռնատափաստանային, ենթալպյան տարածքները, կարելի է հանդիպել նաև գետաձորերի, հաճախ՝ բնակավայրերի մոտ:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի թռչունների պահպանման միության մասնագետները, հողերի ինտենսիվ յուրացումը գյուղատնտեսական նպատակներով և թունաքիմիկատների օգտագործումը, բացասական է ազդում ինչպես վերարտադրողական ունակություննրի, այնպես էլ անմիջապես հասուն թռչունների վրա:
«Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը շնորհակալություն է հայտնում բոլոր թռչնասերներին քվեարկությանը մասնակցելու համար: