13,762 view

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (EITI) ծրագրի ներկայացումը Օրհուս կենտրոններում

12.12.2015
Դեկտեմբեի 8-ին Եղեգնաձորի, 9-ին՝ Կապանի Օրհուս կենտրոնում և դեկտեմբերի 10-ին Վանաձորի Օրհուս կենտրոնի աջակցությամբ, Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցան հանդիպումներ «Արյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» թեմայով: Ծրագրի նախաձեռնողը ՀՀ Կառավարության աշխատակազմն է, աջակիցը՝ Համաշխարհային բանկը (ՀԲ):
Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու մարզերի հասարակական կազմակերպությունների հետ Կառավարության և ՀԲ-ի ներկայացուցիչների հանդիպումների նպատակն էր ներկայացնել և քննարկել Արդյունահանող ճյուղերի

թափանցիկության նախաձեռնությանը (EITI-ին) Հայաստանի միանալու գործընթացը, ներկայացնել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության դերը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում, դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա և հնարավոր ուղիները, որոնցով քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, կրթական և ակադեմիական հաստատությունների ներուժը կարող է ներգրավվել և օժանդակել նախաձեռնությանը Հայաստանում:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (EITI) կառավարությունների, ընկերությունների և քաղաքացիական հասարակության համաշխարհային կոալիցիա է, որոնց համատեղ աշխատանքն ուղղված է բնական պաշարներից ստացվող եկամուտների բաց և հաշվետու կառավարման բարելավմանը:

Այս նախաձեռնությամբ պահպանվում է EITI ստանդարտը, որը երկրներն իրականացնում են նավթային, գազի և հանքարդյունաբերական ընկերությունների կողմից վճարված հարկերը և այլ գումարները լիարժեք բացահայտելու նպատակով: Նշված վճարումները և ոլորտի վերաբերյալ այլ տեղեկատվությունը բացահայտվում են EITI տարեկան զեկույցում: Զեկույցը քաղաքացիներին հնարավորություն է տալիս տեղեկատվություն ստանալ, թե իրենց կառավարությունը բնական պաշարներից որքան եկամուտ է ստացել, ինչ ուղղություններով են ծախսվել այդ գումարները, ինչպես նաև ոլորտի վերաբերյալ այլ առանցքային տեղեկություններ:

Ներկաները կարևորեցին նախաձեռնությունը, որով կառավարությունը ավելի բարձր աստիճանի թափանցիկության ապահովման պարտավորություն է հանձն առնում. ավելանալու են քաղաքացիների անունից կառավարությունների տնօրինած եկամուտների վերաբերյալ հանրային տիրույթում գտնվող և հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ այլ կարևոր տեղեկությունները ևս՝ կառավարությանը դարձնելով առավել հաշվետու:

Նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել Հասարակական կազմակերպությունների խումբ, որը մաս կդառնա EITI-ի իրականացումը վերահսկող բազմաշահառու խմբի:

Դեկտեմբերի 15-ին և 21-ին ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող մարզային ՀԿ_ներն արդեն հնարավորություն կունենան մասնակցելու Երևանում կայանալիք հանդիպումներին, որտեղ վերջնական կորոշվի, թե որ ՀԿ-ները պետք է ընդգրկվեն վերոնշյալ խմբում:

Հրաչ Քոչարյան
Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 77 77 81 99
Էլ-փոստ՝ info_yeghegnadzor@aarhus.am , hrachqocharyan@mail.ru

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 93 79 59 21
Էլ-փոստ. info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru

Խմբագիր՝ Մարի Չաքրյան