3,145 view

Մադրիդում ավարտվեցին «Միջազգային ԱԱՏՌ շաբաթ» խորագրով միջոցառումները

30.11.2015
«Միջազգային ԱԱՏՌ շաբաթ» միջոցառումների շրջանակներում Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացան Աղտոտչների արտանետումների և տեղափոխման ռեգիստրի մասին արձանագրությանը (այսուհետ` ԱԱՏՌ) նվիրված միջոցառումներ. նոյեմբերի 24-25-ը ԱԱՏՌ արձանագրության 2-րդ գլոբալ կլոր սեղանը և նոյեմբերի 26-ին ԱԱՏՌ արձանագրության կողմերի 4-րդ աշխատանքային հանդիպումը:
Իսպանիայի կառավարության տեխնիկական աջակցությամբ, ՄԱԿ-ի ԵՏՀ-ի (Եվրոպական Տնտեսական համագործակցություն) և ՏՀԶԿ-ի (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն)հովանու ներքո կայացած

այս միջոցառումները նպատակ ունեին խթանել փորձի փոխանակումը տարբեր երկրների և շահագրգիռ կողմերի միջև, ինչպես նաև զարգացնելու փորձագետների կարողությունները, նպաստելու ԱԱՏՌ-ին առնչվող հարցերի շուրջ փոխըմբռնմանը: (Ամբողջական տեղեկատվությունը, ներառյալ՝ ներկայացված շնորհանդեսները կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ http://www.unece.org/prtr_grt2015/ ) :

ՄԱԿ-ի ԵՏՀ և ՏՀԶԿ, ՄԱԶԾ, ՄԱԿ-ի Ուսուցման և հետազոտման ինստիտուտի, Արձանագրությանը կողմ երկրների պետական, հասարակական կառույցների և արդյունաբերական ձեռնարկությունների 130 մասնակիցների թվում էին նաև Հայաստանում ԱԱՏՌ արձանագրության ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը, ԱԱՏՌ արձանագրության իրականացման կոմիտեի նախագահի տեղակալ Գոռ Մովսիսյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի ղեկավար Նունե Հարությունյանը, նույն կենտրոնի Տարածաշրջանային BSAP ծրագրի ազգային թիմի ղեկավար Դշխուհի Սահակյանը:

ԱԱՏՌ արձանագրությունն ստորագրվել է 2003թ. Կիևում կայացած Եվրոպայի բնապահպանության նախարարների 5-րդ կոնֆերանսի ժամանակ: Նպատակն է ընդլայնել տեղեկատվության մատչելիությունը հասարակության համար` ստեղծելով աղտոտիչների արտանետումների և տեղափոխման մասին ազգային ռեգիստրներ, որոնք կարող են աջակցել հասարակությանը իրենց շրջակա միջավայրի որակի վերաբերյալ առավել տեղեկացված լինել, որոշումների կայացման գործընթացին մասնակից դառնալ, ինչպես նաև նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը և աղտոտման նվազեցմանը:
Արձանագրության կողմ հանդիսացող երկրները պետք է ստեղծեն ԱԱՏՌ ազգային համակարգ՝ արդյունաբերական օբյեկտներից և այլ աղբյուրներից առաջացող աղտոտման կադաստրներ, որոնք պարունակում են տեղեկատվություն դեպի օդ, ջուր և հող արտանետումների, ինչպես նաև դեպի վերամշակման կամ հեռացման վայր թափոնների տեղափոխման մասին:
Արձանագրությանը կողմ մի շարք երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Սերբիան, Իսլանդիան, Նորվեգիան, Էստոնիան, Շվեյցարիան, Լուքսենբուրգը և այլն, արդեն ստեղծվել են ազգային ռեգիստրները:

Չնայած ԱԱՏՌ արձանագրությունը Օրհուսի կոնվենցիային կից արձանագրություն է, սակայն այն «բաց» արձանագրություն է, որին կարող են միանալ նաև այն երկրները, որոնք Օրհուսի կոնվենցիային կողմ երկիր չեն հանդիսանում (Հետևյալ հղումով կարելի է ծանոթանալ առանձին երկրների ԱԱՏՌ կայքերին http://prtr.net/ru/links/ ):

Որպես ԱԱՏՌ-ի զարգացման նորամուծություն խոսվեց էլեկտրոնային գործիքների մասին, այդ թվում Օրհուսի կոնվենցիայի էկոլոգիական ժողովրդավարության տեղեկատվական-կոորդինացիոն մեխանիզմի (Aarhus Clearinghouse) և ԱԱՏՌ-ի նոր գլոբալ պորտալի մասին՝ www.prtr.net , որը համախմբում է ԱԱՏՌ-ի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ողջ աշխարհի մակարդակով:

Քննարկելով ԱԱՏՌ արձանագրության իրականացման տարբեր երկրների փորձը, արձանագրությունը գնահատվեց որպես անհրաժեշտ գործիք հասարակության համար՝ իրենց շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության և որոշումների կայացման գործում մասնակից լինելու առումով: Արձանագրությունը չվավերացրած երկրներին կոչ արվեց քայլեր ձեռնարկել արձանագրության վավերացման ուղղությամբ:

Մեր երկրում արձանագրության ստորագրումից (2003թ.) ի վեր, ինչպես ներկայացրեց ԱԱՏՌ արձանագրության ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը, վավերացման գործընթացն արագացնելու ուղղությամբ իրականացվել է թվով տասնհինգ միջոցառում՝ ԱԱՏՌ արձանագրության հիմնական դրույթներն ընդգրկվել են «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականցնելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, որը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով` 3-րդ ընթերցման համար, Արձանագրության տեքստը թարգմանվել է ազգային լեզվով, տպագրվել է ձեռնարկ, անցկացվել են ուսուցումներ արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների համար և այլն: Սակայն դեռևս վաղ է Հայաստանում ԱԱՏՌ ազգային համակարգի ստեղծման մասին խոսելը:

Խոսելով վավերացման խոչընդոտների մասին՝ տիկին Հովհաննիսյանը նշեց, որ նախևառաջ Հայաստանում անհրաժեշտ է իրականացնել և զարգացնել հզորություններ հետևյալ ուղղություններով՝ համակարգչային ծրագրի տեղայնացում և տեղադրում, տեխնիկական հզորությունների զարգացում ձեռնարկություններում, ուսումնասիրելով միջազգային փորձը մշակել մեթոդաբանություն դիֆուզիոն աղբյուրներից արտանետումները հաշվարկելու համար, հստակեցնել պետական լիազոր մարմինը, իրականացնել իրավական ակտերի մշակում, արտանետումների չափման և հաշվարկների մեթոդաբանության մշակում և այլն:

Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. 374 11 818 593
Էլ. փոստ՝ info@aarhus.am

Խմբագիր՝ Մարի Չաքրյան