4,956 view

Բնապահպանական անվտանգությունը և կայուն զարգացումը` հայ երիտասարդների ուշադրության կենտրոնում

08.12.2015
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Երևանում տեղի ունեցավ «Ապագայի իրազեկ քաղաքացի» բնապահպանական ուսուցողական դասընթացը, որը համախմբել էր Հայաստանի և Արցախի Հանրապետությունների թվով 24 երիտասարդների, որոնք հետաքրքրված են բնապահպանական կրթության, շրջակա միջավայրի անվտանգության ապահովման, ինչպես նաև կայուն զարգացման հայեցակարգին առնչվող հիմնախնդիրներով: Ծրագիրն իրականացվում էր «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ, Եղվարդի բնապահպանական տեղեկատվության
հասարակակական Օրհուս կենտրոնի և Երիտասարդական ակումբների դաշնության աջակցությամբ:

Ծրագիրը նպատակ ուներ երիտասարդների տեղեկացվածության մակարդակի բարձրացմամբ և ուսուցման կազմակերպմամբ, նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործընթացում՝ այս կերպ երիտասարդների շրջանում արմատավորելով առողջ և կայուն շրջակա միջավայր ունենալու անհրաժեշտությունը և բնապահպանական խնդիրների նկատմամբ պատասխանատու կեցվածք դրսևորելը:

Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության սկզբունքով իրականացվող դասընթացի ընթացքում երիտասարդներին ներկայացվեց ՀՀ-ում բնապահպանության ոլորտում առկա հիմնախնդիրների, դրանց լուծմանն ուղղված կատարված աշխատանքների, իրականացված ծրագրերի, տեղական և միջազգային բնապահպանական և երիտասարդական ծրագրերի մասին:

Եղվարդի Օրհուս կնետրոնի համակարգողը երիտասարդներին ներկայացրեց բնապահպանական տեղեկատվության, հասարակության իրազեկության, ինչպես նաև բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում երիտասարդների ակտիվ ներգրավման կարևորությունը: Տրամադրեց տեղեկատվություն ՀՀ բնապահպանության ոլորտում առկա միջազգային համաձայնագրերի, կոնվենցիաների, մասնավորապես՝ Օրհուսի կոնվենցիայի մասին, խոսեց կոնվենցիայի կարևորության, երեք հիմնասյուների մասին: Ներկայացրեց մանրամասներ Հայաստանի Օրհուս կենտրոնների ցանցի առաքելության, գործունեության վերաբերյալ: Որպես բնապահպանական տեղեկատվության մատչելի աղբյուր ցուցադրեց www.aarhus.am կայքը, այդ թվում Aarhus օնլայն TV-ն:

Կենտրոնների գործունության վերաբերյալ ավելին իմանալու և տեղում ծանոթանալու համար երիտասարդներն այցելություն ունեցան Երևանի Օրհուս կենտրոն, որտեղ կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը մասնակիցներին ներկայացրեց բնապահպանական տեղեկատվության մատչելիության կարևորության ու հանրության բնապահպանական տեղեկացվածության իրավունքի մասին: Նշեց այն միջազգային փաստաթղթերը, որոնք պարունակում են բնապահպանական հարցերի շուրջ հանրության իրազեկման վերաբերյալ հոդվածներ: Տեղեկացրեց շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տարածման պասիվ և ակտիվ եղանակների մասին:

Երիտասարդները ծրագրի ընթացքում այցելեցին նաև «Տապան» էկո-ակումբ ՀԿ՝ ծանոթանալու կազմակերպության գործունեությանը, ԷՌՕԴԾ առարկայի, «CLEEN 2015» էներգաարդյունավետություն ծրագրի մասին:

Ծրագրի ընթացքում երիտասարդները կիրառական գիտելիքներ ձեռք բերեցին բնապահպանական խնդիրների մասին հանրությանը պատշաճ իրազեկելու, բնապահպանության ոլորտին առնչվող որոշումների կայացման գործընթացում ակտիվ մասնակցություն ունենալու մեխանիզմների, կայուն զարգացման ոլորտում ՀՀ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների իրականացման և ընթացքի վերաբերյալ, որոնք կարող են կիրառել իրենց համայնքներում` խթանելով բնապահպանական որոշումների կայացման գործընթացում երիտասարդության ակտիվ ներգրավմանն ու մասնակցային միջավայրի ձևավորմանը:

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` (+374) 94 331055, 224 22933
Էլ-փոստ՝ ruzannamanyan@gmail.com

Խմբագիր՝ Մարի Չաքրյան