3,829 view
Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամներ ձևավորելու նախաձեռնության իրազեկման հանդիպում Ալավերդիում
13.11.2015
ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերում իրականացնում է «Եկեղեցու և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացների վրա» 23 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումարով դրամաշնորհային ծրագիրը: Այն մեկնարկել է 2015 թ. մայիսի 5-ին, տևողությունը` մինչև 2016 թ. ապրիլի 29-ը :
Մարզերում իրազեկման նպատակով նոյեմբերի 13-ին Ալավերդու Օրհուս կենտրոնում անցկացվեց

տեղեկատվական հանդիպում տարածաշրջանի համայնքների ղեկավարների և հոգևոր հայրերի մասնակցությամբ: Հոգևորականների մասնակցությունը ծրագրին կարևորվում է նրանով, որ բնության նկատմամբ հոգատարությունը եկեղեցին դիտում է որպես մարդու բարոյական պարտք: Աստված մարդուն ստեղծել է բոլոր արարածների համար խելացի մշակ և պահապան լինելու համար: Մարդը պարտավոր է հարգել մեր թե՛ ներկա, թե՛ ապագա մերձավորների (բոլոր արարածների և մարդկանց) իրավունքները և խնայողաբար օգտվել երկրի բարիքներից` ամեն կերպ ձգտելով չաղարտել մայր բնությունը և չվնասել այն, իսկ ապագա սերունդներին որպես ժառագնություն չթողնել խաթարված մի երկիր:

Հաշվի առնելով այն փաստը, որ հիմնական տուժող կողմը` քաղաքացիական բնակչությունը զրկված է կլիմայի փոփոխությանը հարմարվելու իրավիճակի վրա իրական ներգործություն ունենալու գործուն լծակներից, ծրագրի նպատակն է համայնքային մակարդակում ստեղծել համայնքի բոլոր բնակիչներին անօտարելի իրավունքով պատկանող քաղաքացիական շրջանառու ներդրումային «կանաչ» հիմնադրամներ՝ բնապահպանական ուղղվածության և միաժամանակ համայնքի սոցիալտնտեսական զարգացմանը նպատակաուղղված նախագծերի ֆինանսավորման ու համաֆինանսավորման համար:

Ներկա դրությամբ խնդիրը հասունացել է, ՀՀ կառավարությունն իր երկու արձանագրային որոշումներով (2013թ.-ի ապրիլի 25-ի N16 և 2013 թ. նոյեմբերի 14-ի N 47) հանձնարարել է մինչև 2016թ. ներկայացնել բնավճարների միջոցներից քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամներ ձևավորելու առաջարկություն: Ծրագրով նախատեսված է մշակել այդպիսի առաջար¬կություն: Այս գործընթացում կարևորագույն խնդիր է քաղաքացիական հասարակության իրազեկումն ու գործընթացին ներգրավումը, ինչի համար էլ Օրհուս կենտրոնը հանդես է գալիս որպես գործընկերային տեղեկատվական հարթակ՝ ցուցաբերելով նաև տեխնիկական աջակցություն:

Ըստ ներկայացված ծրագրի՝ աշխատանքներում պետք է ընդգրկվեն իրավագետներ, իրավաբաններ, սոցիոլոգներ, տնտեսագետներ, բնապահպանական խնդիրներին ու դրանց իրականացման ֆինանսական մեխանիզմներին տիրապետող փորձագետներ, կամավորներ և այլոք:

Ստեղծվելիք հիմնադրամը, ի տարբերություն այլ ֆինանսական մեխանիզմների ու ֆինանսական հաստատությունների, արդար է, քանի որ պատկանելու է բոլոր քաղաքացիներին (անկախ սեռից ու տարիքից) հավասարաչափ:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 253 60 645 295 (ներքին՝ 191)
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am
Խմբագիր՝ Մարի Չաքրյան