4,305 view

Բանավիճում են երիտասարդները

03.12.2015

Gavar_01_12Նոյեմբերի 23-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) և Գավառի Օրհուս կենտրոնի համագործակցության շրջանակում ՋՀՀ «Բանավեճի ակումբ»-ի Գավառի պետական համալսարանի սաներն այցելեցին Գավառի Օրհուս կենտրոն՝ Հայաստանում բնապահպանական քաղաքացիական շարժումների գործունեությանը, հաջողված ու տապալված գործողություններին ծանոթանալու նպատակով: Նրանք պատրաստվում էին մասնակցել բանավեճի, որը կազմակերպել էր ՋՀՀ –ն ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:

Երիտասարդներն ուզում էին պարզել, արդյոք պետք են նման քաղաքացիական շարժումները, թե՝ ոչ: Ինչո՞ւ մարդիկ հաճախ չեն վստահում այդ շարժումներին, ո՞րն է դրանց հաջողության գրավականը և հակառակը՝ ձախողման պատճառը:

Գավառի ՕԿ համակարգողը պրեզենտացիայով ներկայացրեց բնապահպանության ոլորտում քաղաքացիական շարժումների մի քանի հաջողված օրինակներ, մասնավորապես ուղղված՝ Թռչկանի ջրվեժի և Մաշտոցի պուրակի պահպանմանը, Հրազդանի երկաթի հանքի և Ֆիալետովո գյուղի տարածքում ոսկու հանքի շահագործման դեմ, ՍՈՍ Սևան, ՍՈՍ Արգիճի և ՍՈՍ Շիկահող նախաձեռնությունները: Կենտրոնի տեղեկատվական ցանցի միջոցով երիտասարդները տեղեկացան նաև Դալմայի այգիների պաշտպանությանն ուղղված այգեգործների գործողությունների մասին, Փրկենք Թեղուտը, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ և այլ քաղաքացիական շարժումների մասին, որոնք սկսվել են շատ տարիներ առաջ, բայց դեռ շոշափելի արդյունքներ չեն տվել:

Գավառի համակարգողը հատկապես կարևորեց այդ շարժումները մարդու առողջ շրջակա միջավայրում ապրելու, որոշումների կայացմանը մասնակցելու, մատչելի տեղեկատվություն ստանալու իրավունքների իրացման առումով:
Gavar_01_12_2

Մասնակիցների միջև ծավալվեք քննարկում, փորձեցին սահմանել բնապահպանական շարժումը: Եզրահանգեցին, որ բնապահպանական շարժումները տանում են նրան, որ մենք ունենում ենք ավելի զարգացած քաղաքացիական հասարակություն՝ պատրաստ տեր կանգնելու առողջ շրջակա միջավայրում ապրելու իր սահմանադրական իրավունքին և հետևողական պատասխանատու մարմինների պարտականությունների կատարմանը:

Երիտասարդները բացի ներկայացված նյութերից, իրենց հետ վերցրեցին նաև Օրհուսի Կոնցենցիան և ՀՀ էկոլոգիական իրավունքի էկոլոգիական ակտերի ժողովածուն՝ ուսումնասիրելու բնապահպանական շարժումների օրինական կամ անօրինական լինելը:

Գավառի երիտասարդները ճիշտ է բանավեճին չէին հաղթել, դուրս էին մնացել՝ չհասնելով բնապահպանական շարժումների փուլին, բայց շատ ուրախ էին, որովհետև Գյումրու թիմը հաղթել էր հենց բնապահպանական շարժումների գործընթացները ներկայացնելով և դրանց անհրաժեշտությունը կարևորելով:

Լիաննա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 264 61511
Էլ-փոստ՝ info_gavar@aarhus.am, blejanli@gmail.com, maradarkish@gmail.com