3,733 view

Էներգախնայողության միջազգային օրը Եղվարդում

11.11.2015
Եղվարդի Օրհուս կենտրոնի էկոկրթական միջոցառումների հիմնական թեմաներից մեկը էներգախնայողությունն է, որին կենտրոնն իր գործունեության ընթացքում մշտապես անդրադարձել է։ Համագործակցել և աջակցել է ԷՌՕԴԾ դպրոցական ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների, ակցիաների, միջոցառումների իրականացմանը։ Նոյեմբերի 11-ին էներգախնայողության միջազգային օրը կենտրոնի համակարգողն ու կամավորը այցելեցին Եղվարդի համար 3 դպրոց` պատանիներին ներկայացնելու օրվա խորհուրդը, որն է` ուշադրություն հրավիրել ռեսուրսների օգտագործմանն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը:

Նոյեմբերի 11-ը հայտարարվել է Էներգախնայողության օր «Ռեսուրսների ու էներգիայի օգտագործման դպրոցական նախագծի» (SPARE) նախաձեռնությամբ: Այդ մասին որոշումն ընդունվել է 2008 թ. ապրիլին` Ղազախստանում, SPARE համակարգողների միջազգային խորհրդաժողովում: Այդ որոշմանը միացան աշխարհի մի շարք երկրներ և այն ստացավ միջազգայինի կարգավիճակ: Տոնը նշելու հիմնական նպատակն է իշխանությունների և հանրության ուշադրությունը դարձնել ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ու էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման վրա: Էներգիայի տնտեսումը թույլ կտա նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը: Բացի այդ, էներգախնայողությունը շահավետ է տնտեսապես. 2-3 անգամ ավելի քիչ ծախս է պահանջում, քան էներգիայի արտադրությունն ու առաքումը: Առավել ևս, որ ամենապարզ ու տարրական միջոցները հասանելի են յուրաքանչյուրին և կարող են կիրառվել կենցաղում: Բոլոր երկրներում, որտեղ նշվում է այս տոնը, անցնում են իրազեկման միջոցառումներ:

Օրվա խորհրդի ներկայացումից հետո ծավալվեց հետաքրքիր քննարկում ինչպես էներգախնայողության և էներգաարդյունավետության տեսական հարցերի, այնպես էլ դասընթացի ընթացքում պատրաստված սարքերի մեխանիզմների, պատրաստման եղանակների մասին:

Պատանիները պատմեցին էներգախնայողության միջազգային օրը շրջել են դպրոցի բոլոր դասարաններով, խնդրել բոլորին օրվա ընթացքում տաս րոպե իրնց տան էլեկտրաէներգիան չօգտագործել, անջատել բոլոր էլեկտրական սարքավորումները` այդ կերպ փորձելով մասնակից դառնալ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և խնայմանը։ Պատանիները նաև իրենց նախաձեռնության վերաբերյալ հայտարարություններ էին փակցրել Եղվարդ քաղաքի մի շարք փողոցներում` կոչ անելով միանալ իրենց ակցիային։

Ողջունելի էր այն, որ պատանիները լավ իրազեկված էին բնապահպանական խնդիրների մասին: Որպես բնապահպանական տեղեկատվության հասանելի աղբյուրներ նշեցին համացանցը և գրականությունը, հատկապես մասնագիտացված լրատվական կայքերը, այդ թվում www.aarhus.am -ը:

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` (+374) 94 331055, 224 22933
Էլ-փոստ՝ ruzannamanyan@gmail.com

Խմբագիր` Մարի Չաքրյան