3,976 view

Եղվարդի ջրամբարի կառուցման նախագծի վերաբերյալ քննարկում Նոր Երզնկա համայնքում

05.11.2015
Եղվարդի Օրհուս կենտրոնում Եղվարդի ջրամբարի կառուցման նախագծի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման նախագծի շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման հայտ» փաստաթղթի վերաբերյալ առաջին հանրային քննարկման կազմակերպման համար կատարված աշխատանքների, արդյունքների ամփոփման, հետագա քայլերի քննարկման վերաբերյալ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ադյունքում որոշվել է ազդակիր Եղվարդ և Նոր Երզնկա համայնքներում իրականացնել իրազեկման հանդիպումներ։

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին Նոր Երզնկա համայնքում: Հանդիպմանը մասնակցում էին Նոր Երզնկա համայնքի գյուղապետ Ա․ Հարությունյանը, գյուղապետարանի աշխատակիցներ, գյուղացիներ, ինչպես նաև Ճապոնիայի միջազգային համագարծակցության գործակալության ներկայացուցիչները, ՋՏՊԿ ԾԻԳ-ի նախագծի, ՇՄԱԳ իրականացնող կամակերպության ներկայացուցիչներ և Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգողները։

Եղվարդի ջրամբարի նախագծի ծրագրի պատասխանատու Խ. Ծառուկյանը շնորհանդեսի միջոցով ներկայացրեց Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման նախագծի մանրամասն նկարագիրը:

Այնուհետև ծավալվեց քննարկում: Բարձրացվեցին ջրամբարի կարևորության, նշանակության, օգտակարության, ջրամբարի խորության, ջրի ճնշման, ջրագծերի, հողերի կարգավիճակի, հողհատկացման, հողերի գնահատման, վնասի հատուցման, հողերի օտարման, հողաշերտի տեղափոխման, տեխնիկատնտեսական հիմնավորման, ջրամբարի հնարավոր վտանգների, սոցիալական և այլ հարցեր:

Նախագծի բնապահպանական ազդեցության վերաբերյալ հարցին ի պատասխան խորհրդատուները նշեցին, որ ջրամբարի կառուցման շինարարակական աշխատանքների ընթացքում ենթադրվում է որոշակիորեն օդի աղտոտում:

Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ա․ Հարությունյանը բարձրացրեց ջրամբարի պատվարի ամրության հարցը, քանի որ բնակիչներին անհանգստացնում էր որևէ բնական երևույթի արդյունքում պատվարի փլուզման հնարավոր վտանգը: Նախագծի պատասխաատուները նշեցին, որ առաջնային են համարում պատվարի ամրության հարցը, հավաստիացրին, որ պատվարը կառուցվելու է բարձրակարգ միջոցներով` հաշվի առնելով սեյսմակայունությունն ու անվտանգությունը:

Ջրամբարի պլանավորման պատասխանատու Հարուո Հիկին խոսքով հանդես եկավ` նշելով որ, դեռևս հետազոտական աշխատանքներ են իրականացվում՝ պարզելու ծրագրի իրագործելիությունը, կատարվում են ուսումնասիրություններ և երկրաբանական հորատումներ: Շնորհակալություն հայտնեց Նոր Եզնկա համայնքի բնակիչներին այդ աշխատանքների կատարման ընթացքում իրենց աջակցության համար։

Ամփոփելով քննարկումը` Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ա․ Հարությունյանը ողջունելի համարեց համայնքի կարծիքը հաշվի առնելու նպատակով կատարված և կատարվող աշխատանքները: Համոզմունք հայտնեց, որ համագործակցությունը կստացվի և համայնքի մտահոգությունները տեղ կհասնեն։

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` (+374) 94 331055, 224 22933
Էլ-փոստ՝ ruzannamanyan@gmail.com
Խմբագիր` Մարի Չաքրյան