4,477 view

Հայաստանի Օրհուս կենտրոնների աշխատանքային 4-րդ հանդիպում

27.11.2015
Տեղի ունեցավ Հայաստանի Օրհուս կենտրոնների տարեկան 4-րդ աշխատանքային հանդիպումը: Օրակարգում՝ վերապատրաստման դասընթացներ, հրատապ խնդիրների և ընթացիկ աշխատանքային հարցերի քննարկում:
Գյումրիի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, բնության փիլիսոփայության փորձագետ Արթուր Նիկողոսյանը ներկայացրեց Բնապահպանական հիմնախնդիրների թաքնագիտական և իմաստնական ընկալումներն ըստ Գեորգի Գյուրջիևի, որոնց բացահայտումը թույլ կտա յուրովի ընկալել բնապահպանական հիմնահարցերն ու նոր ուղիներ գտնել բնության հետ ներդաշնակ ապրելու և օրօրի սրվող բնապահպանական խնդիրները մեղմացնելու առումով:

Երկրորդ թեմատիկ դասընթացը, որը վերաբերում էր գիտելիքների միջոցով աղետների ռիսկերի նվազեցմանը, ներկայացրեց Նվեր Պողոսյանը: Սույն դասախոսությունը կարևոր էր որպես ռիսկի լրատվություն, այսինքն մինչ աղետյան լրատվություն՝ տիրապետելու համար նվազագույն տեղեկատվությանը, թե մեր երկրում ինչ վտանգներ կան, դրանցից առաջացող ինչ ռիսկեր: Բանախոսի հավաստմամբ, աղետի ազդեցությունը և հետևանքները էապես մեղմելու նպատակով անհրաժեշտ է տիրապետել վարքականոններին, ունենալ համապատասխան գիտելիք և կազմակերպված գործել աղետի ժամանակ:Որպես թեմայի շարունակություն կարևոր էր ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի հետ հանդիպումը: Նա ներկայացրեց երկրաշարժի և այլ խոշոր աղետների դեպքում մի կետից պետության ընդհանուր՝ ստույգ, որևէ մեկի հետարքրքության շրջանակներից դուրս, օգտաշատ և հանրությանն ուղղված տեղեկատվության տարածումն ապահովող տեղեկատվական «Արտակարգ ցանց»-ի գաղափարը, դրա ընդլայնման ու արդյունավետության բարձրացման գործում Օրհուս կենտրոնների դերը:

«Քանի որ ՕԿ-ները հենց տեղեկատվության կրող և տարածող են, որտեղ աշխատում են դրանով ապրող ոչ պատահական, այդ խնդիրներով լրջորեն զբաղվող մարդիկ, որոշեցինք անպայման ընդգրկել ՕԿ-ներին, քանի որ նրանք ունեն այդ տեղեկատվության կարիքը և կարող են տարածել իրենց խողովակներով»,- նշեց Նիկոլայ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ մինչ այդ անհրաժեշտ է տիրապետել արդեն եղած, ինչպես նաև մշակվող տեղեկատվությանը, յուրացնել այդ գիտելիքները:

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գարիելյանը խոսեց մինչ փարիզյան հանդիպումը մեր երկրում այս առանցքային հիմնախնդրի մեղմման ուղղությամբ տարվող գործողությունների ու պլանների մասին: Տեղեկացրեց, որ Հայաստանը թևակոխել է պրակտիկ գործունեության շրջանակ, որում իրենց դերակատարումն ունեն նաև ՕԿ-ները:

Նրա խոսքով կլիմայի փոփոխության խնդիրը լուրջ փաստի առաջ է կանգնեցրել աշխարհին. «Այն տնտեսական համակարգը, որում այսօր աշխարհը գործում է, հանգեցնում է ոչ միայն տնտեսական, այլև ՝ քաղաքական ճգնաժամի: Շատ երկրներ գտնում են, որ լուծելով այս խնդիրը, կարելի է լուծել նաև մյուսները: Հետևապես կլիմայի փոփոխության պրոբլեմը պետք է դիտարկել առավել լայն կոնտեքստում» – ավելացրեց նա: Ավելացրեց, որ այս առումով Հայաստանն ունի իր մոտեցումը՝ ներդնել տնտեսական նոր մեխանիզմ քաղաքացիական շրջանառու հիմնադրամի տեսքով:

Ահազանգ էր պարունակում Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանի ներկայացրած հիմնահարցը կապված ալյուրի հարստացման հետ: Նա ներկայացրեց այն բացասական հետևանքները, որոնք կարող են ունենալ մեր երկրի քաղաքացիները հացամթերքի միջոցով օրական ֆոլաթթվի ու երկաթի լրացուցիչ չափաբաժին ստանալու արդյունքում: ՕԿ-ների համակարգողները խնդիրը հրատապ համարեցին: Որոշվեց միանալ այդ ուղղությամբ տարվող պայքարին, հավաքագրել լրացուցիչ տեղեկատվություն և իրազեկման լայնածավալ գործողություններ իրականացնել հանրության շրջանում (Մանրամասն կից տեսանյութում` http://aviplatform.com/media.details.php?mediaID=3495)

Համակարգողներն իրենց փորձով և ունեցած տեղեկատվությամբ կիսվեցին միմյանց հետ: Քննարկվեցին ՕԿ-ների ընթացիկ և աշխատանքային հարցերը` կապված տարեկան պլանների կատարողականի հետ: Համակարգողները ծրագրի ղեկավարից ստացան հանձնարարականներ և խորհրդատվություն ամփոփիչ հաշվետվությունների ներկայացման ժամկետների և ձևաչափի վերաբերյալ:

Օրակարգի վերջում առավել լայն շրջանակով ակտիվ քննարկում ծավալվեց Օրհուսի կոնվենցիայի առնչությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համապատասխանության վերաբերյալ V/9a որոշման առնչությամբ ՀՀ կառավարության առաջին ընթացիկ զեկույցի վերաբերյալ Համապատասխանության հանձնաժողովի կողմից առաջընթացի գնահատման առաջին եզրակացության շուրջ (Մանրամասն` կից նյութում` http://aarhus.am/?page_id=13226):

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ-փոստ՝ aarhusnews@gmail.com