3,282 view

Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի զգուշացումը քննարկման առարկա

27.11.2015
Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության Կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) դեռ 2004 թվականից քննում է Հայաստանի գործերը Օրհուսի կոնցվենցիայի դրույթների իրականացման առումով: Կոմիտեն մի շարք որոշումներ է կայացրել՝ կոնկրետ հանձնարարականներ տալով Հայաստանին կոնվենցիայով ստանձնած պարտականությունների կատարման և հատկապես ազգային օրենսդրության մեջ կոնվենցիայի դրույթները ներդնելու վերաբերյալ:
Կոմիտեի վերջին երեք որոշումները կայացվել են կողմերի հանդիպման ժամանակ, համապատասխանաբար 2008, 2011 և վերջինը` 2014 թվականին:

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքի Օրհուսի կոնվենցիային վերաբերող ենթաբաժնում՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մասին III/6b որոշում (http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/mop3/ODS/ece_mp_pp_2008_2_add_10_r_Armenia.pdf), IV/9a որոշում (http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/mop4/Documents/Excerpts/Decision_IV-9a_Compliance_by_Armenia_r.pdf) և V/9a որոշում (http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/compliance/MoP5decisions/V.9a_Armenia/Decision_V9a.pdf):

Բազմիցս արձանագրելով Հայաստանի՝ որպես կողմի անբարեխիղճ վերաբերմունքը կոնվենցիայի դրույնթերի ներդրման ու իրականացման առումով, Համապատասխանության կոմիտեն Հայաստանին ամենամյա հսկողության տակ է առել՝ երեք տարին մեկ ներկայացվող զեկույցներից բացի, պահանջելով նաև ամենամյա ընթացիկ հաշվետվություններ, թե տվյալ տարում ինչ գործողություններ են իրականացվել կոնվենցիայի նորմերն ազգային օրենսդրության մեջ ներդնելու ուղղությամբ:Ամեն անգամ համապատասխանության կոմիտեն շեշտադրում է, որ կոնվենցիայի առավել բովանդակային հոդվածները ներառված չեն ազգային օրենսդրության մեջ. շրջակա միջավայրին առնչվող ծրագրերին վերաբերող փաստաթղթերի հարցում հանրային քննարկումների և դիտարկումների ներկայացման համար սահմանված չեն ողջամիտ ժամկետներ, հստակ որոշված չէ հանրային լսումների շեմը, բացակայում է հանրության մասնակցության ընթացակարգը, հստակ սահմանված չեն տարբեր գործող անձանց (պետական մարմիններ, տեղական մարմիններ, ձեռնարկողներ) պարտականությունները հանրային մասնակցության կարգերի ձևավորման հարցում, ստեղծված չէ դատական անկախ և անաչառ այլընտրանքային մարմին և այլն:

Այս ամենի մասին մեկ անգամ չէ, որ ՔՀԿ-ները, Հայաստանի օրհուս կենտրոնները՝ հավաքագրելով քաղաքացիական հասարակության ու փորձագետների կարծիքներն ու առաջարկությունները, բարձրաձայնել են պատկան մարմիններին:
Համապատասխանության կոմիտեի հերթական հիշեցումը V/9a որոշման կատարման մասին, քննարկումների ու անհանգստությունների առիթ հանդիսացավ, քանի որ պարունակում էր խիստ նախազգուշացումներ:

Հաշվի առնելով այս հանգամանքը, Հայաստանի Օրհուս կենտրոնները նախաձեռնեցին քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Դալմա-Սոնա հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը կրկին անդրադարձավ իր համար առավել ցավոտ հարցին՝ Դալմայի այգիների մասին կառավարության որոշման անհամապատասխանությունն արձանագրող Կոմիտեի 2004թ. որոշմանը, որտեղ Կողմին առաջարկվել էր առանց ֆինանսական խոչընդոտների արդարադատություն ապահովել կոնվենցիայով իրենց իրավունքները խախտված անձանց իրավունքների պաշտպանության համար: «Մեր երկրում հնարավո՞ր է հիմա առանց ֆինանսական միջոցների արդարադատության դիմել, էլ չեմ ասում անաչառ և անկողմնակալ, այդ արդարադատությունը մինչև հիմա չկա»,- նշեց նա:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձավ արդարադատության մատչելիության գաղափարը ՀԿ օրենքում ամրագրելու իրենց ապարդյուն ջանքերին: «Երբ 2014թ. ՀԿ օրինագծի վրա ամիսներ շարունակ համատեղ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց պատմամշակութային ու շրջակա միջավայրին առնչվող հարցերով դատական մատչելիության հստակ դրույթներ մտցնել նախագծում, որը մեր դառը փորձից էր գալիս, մեզ թվաց, թե հաջողության ենք հասել, բայց նախագահականից նախագիծը հետ գնաց: Հետո այդ դրույթը հանվեց ու կառավարությունը հաստատեց նախագիծը առանց ՀԿ-ների այդ իրավունքն ամրագրելու: Եվ եթե հիմա ԱԺ-ն ընդունի, ՀԿ-ները զրկված կլինեն այդ իրավունքից»:

Նշվեց ՇՄԱԳՓ օրենքի անլիարժեքության հարցը: Դրա թվացյալ մասնակցային լինելը, երբ մշակման փուլում ՀԿ-ներն ու փորձագետներն ակտիվորեն մասնակցեցին նախագծի մշակմանը, բայց վերջին պահին ԱԺ-ում 24 ժամյա ռեժիմով անցավ մի տարբերակ, որն էականորեն տարբերվում էր ՀԿ-ների մշակած նախագծից:

Քննարկվեցին նաև Օրհուսի կոնվենցիայի հարցով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքին վերաբերող հարցեր: Քննարկման մասնակիցները մտահոգություն հայտնեցին Համապատասխանության Կոմիտեի հանձնարարականների առ այսօր չկատարման մասին և կոնվենցիայի իրականացմանն ուղղված գործողությունները պատշաճ չկատարելու դեպքում խախտման մասին հայտարարություն տարածելու, պատճառները քննելու, ընդհուպ պայմանագրի գործողության կասեցմանը վերաբերող միջազգային իրավունքի կիրառելի նորմերի համաձայն` կասեցնելԿոնվենցիայի շրջանակներում Կողմին վերապահված հատուկ իրավունքներն ու արտոնությունները:

Թե որ մարմնի կողմից է ներկայումս իրականացվում Կոմիտեի պահանջած օրենքների ու որոշումների թարգմանությունը, մասնակիցները հստակ պատասխան չունեին: Ցավոք, հանդիպմանը, զբաղվածության պատճառով չկարողացավ մասնակցել կոնվենցիայի Ֆոկալ Փոյնթը, ինչպես նաև Արդարադատության ու Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները: Ուստի անպատասխան մնացին նաև մյուս հարցերը:

Քննարկման մասնակիցները եկան այն եզրահանգման, որ նման ֆորմատով հանդիպումները կառուցողական առաջընթացի չեն տանում, նշեցին պատասխանատու բոլոր մարմինների մասնակցությամբ ևս մի հանդիպման անհրաժեշտությունը: Շարունակելով քննարկումները նաև օնլայն տարբերակով՝ նման հանդիպում կազմակերպելու խնդրանք ուղղվեց կոնվենցիայի Ֆոկալ Փոյնթին՝ տիկին Աիդա Իսկոյանին:

Խնդրով մտահոգ կազմակերպությունների ներկայացուցիչներն ակնկալում են, որ մինչև տարեվերջ կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները և պատրաստ են ներդնել իրենց մասնագիտական կարողություններն ու ռեսուրսները՝ աջակցելու կառավարությանը կոնվենցիայի դրույթները պատշաճ իրականացնելու համար:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ-փոստ՝ aarhusnews@gmail.com