4,154 view

Երկխոսություն բնապահպանական խնդիրների շուրջ: Գավառ

25.11.2015
Նոյեմբերի 19-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ «Բնապահպանական հիմնախնդիրներ» թեմայով երկխոսության խմբի հերթական հանդիպումը: Որպես փորձագետ հրավիրված էր Գավառի ԲՏՀ Օրհուս կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանը: Օրակարգում նախատեսված էր անդրադառնալ ինչպես գլոբալ էկոլոգիական հինախնդիրներին, այնպես էլ Հայաստանին և հատկապես Գավառի տարածաշրջանին բնորոշ խնդիրներին:

Որպես բնապահպանական բազմաթիվ խնդիրների ուղղակի պատճառ քննարկվեց բնակչության իրազեկության ցածր մակարդակը. մի կողմից հենց բնակիչներն են նպաստում էկոլոգիական խնդիրների առաջացմանը՝ չկատարելով շրջակա միջավայրի պահպանման և բարելավման իրենց սահմանադրական պարտականությունը, մյուս կողմից՝ հետևողական չեն լինում, որ պետական և մասնավոր սեկտորը չոտնահարի առողջ միջավայրում ապրելու իրենց բնական և սահմանադրական իրավունքը:

Երկխոսության խումբը նաև իրականացրեց էկոլոգիական խնդիրները ճանաչելուն և պատճառահետևանքային կապերը գտնելուն միտված գործնական վարժություն: Մասնակիցները բաժանվեցին խմբերի, յուրաքանչյուրը վերցրեց մի խնդիր՝ կապված գետերի, անտառհատումների և հանքարդյունաբերության հետ: Տրամադրված նախնական տեղեկատվության հիման վրա, խմբային աշխատանքի միջոցով երիտասարդները փորձեցին վեր հանել տվյալ խնդրից բխող բոլոր հետևանքները և ազդեցության շրջանակը, փոխկապակցված ազդեցությունն ամբողջ շրջակա միջավայրի վրա, առաջարկեցին լուծումներ:

Ամենի արդյունքում ակնհայտ էր, որ էկոլոգիական խնդիրների տեսանելի դրսևորումներից բացի կան ավելի խորքային գործընթացներ, որ առանց ակնառու հետևանքների կարող են ընթանալ տասնյակ տարիներ ու մի օր հանգեցնել էկոլոգիական աղետի:

Լիանա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 264 61511
Էլ-փոստ՝ info_gavar@aarhus.am, blejanli@gmail.com, maradarkish@gmail.com