663 view
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՆ՝ ՀԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ. ԽՆԴՐՆԵՐ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ» թեմայով աշխատաժողովի ամփոփում
19.11.2015
Ս.թ. նոյեմբերի 10-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ և ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի հետ համագործակցությամբ Երևանում կազմակերպվեց աշխատաժողով՝ քննարկելու Հայաստանում հանքային և ջրային ռեսուրսների օգտագործման և կառավարման խնդիրները: Այն նպատակաուղղված էր մեկ վայրում համախմբելու ոլորտի խնդիրներով մտահոգ անձանց և փոխանակելու վերհանված խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ նրանց կարծիքները: Աշխատաժողովին մասնակցելու համար հրավիրվել էին պետական ու միջազգային կառույցների, հանքարդյունահանող ընկերությունների, գիտահետազոտական ոլորտի, քաղաքացիական
հասարակության, Հայաստանի Օրհուս կենտրոնների և ԶԼՄ ներկայացուցիչներ, ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպաններ:

Աշխատաժողովը բացեց նախագահող՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, կենտրոնի փորձագետ Մ. Գրիգորյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, Դեսպան Ա. Սորոկինը և ԵՊՀ պրոռեկտոր Գ. Գևորգյանը: Նրանք իրենց խոսքում կարևորեցին նմանօրինակ միջոցառումների անցկացումն ու արդիական հարցերի քննարկումը, մաղթելով ակտիվ և արգասաբեր աշխատանք:

Ողջույնի խոսքից հետո Մ. Գրիգորյանը ներկայացրեց կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, ձեռքբերումներն ու մարտահրավերները: Այնուհետև նա առավել մանրամասն անդրադարձ կատարեց կենտրոնում իրականացված ՀՀ սողանքային երևույթների և Արարատյան արտեզյան ավազանի ուսումնասիրությունների արդյունքների ամփոփման վրա:

Հանքարդյունաբերական գործունեության խնդիրներին, մասնավորապես թափանցիկությանը, հաշվետվողականությանն ու պատասխանատվությանը անդրադարձավ կենտրոնի ղեկավար, փորձագետ Ռ. Մովսեսյանը: Նա իր զեկուցման մեջ կարևորեց հանքարդյունաբերական գործունեության որոշ տվյալների՝ արտադրողականություն, կորզման, աղքատացման, կորուստների և այլ ցուցանիշների, ինչպես նաև դեպի շրջակա միջավայր բաց թողնվող արտադրական կեղտաջրերի որակաքանակական ցուցանիշների հասանելության, գործող ձեռնարկությունների շուրջը սանիտարա-պաշտպանական գոտիների սահմանման, հանքարդյունաբերական գործունեությունից բխող վնասների փոխհատուցման պարտադիր ապահովագրության և վերհանված մի շարք այլ խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը:

Աշխատաժողովի երկրորդ մասում կենտրոնի փորձագետ Շ. Խաչատրյանը զեկուցեց Հայաստանում հանքավայրերի շահագործման արդի հիմնախնդիրների վերաբերյալ, իսկ փորձագետ Ս. Քելյանն իր զեկույցում անդրադարձավ փոքր ՀԷԿ-երի շահագործմամբ պայմանավորված էկոլոգիական հիմնախնդիրներին:

Աշխատաժողովի երրորդ բաժինը նվիրված էր հանքարդյունաբերական օբյեկտների փորձաքննությունների կազմակերպմանը: Սկզբում կենտրոնի փորձագետ Հ. Մովսիսյանի կողմից ներկայացվեցին ընդերքաբանական և ՇՄԱԳ փորձաքննութոյւնների անցկացման որոշ մտահոգիչ հանգամանքներ և հնչեցին առաջարկություններ հանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և արդյունահանման կառավարման կազմակերպման նպատակով: Այնուհետև փորձագետ Շ. Խաչատրյանի կողմից ներկայացվեցին Թուխմանուկի և Արմանիսի հանքավայրերի փորձաքննության անցկացման և դրանց արդյունքների ուսումնասիրությունները:

Յուրաքանչյուր զեկուցմանը հաջորդեց բավականին բուռն քննարկում մասնակիցների կողմից, եղան բազմաթիվ հարցադրումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից: Հարցերը տրվեցին ինչպես զեկուցողներին, այնպես էլ աշխատաժողովին ներկա նախարարությունների ներկայացուցիչներին:

Արդյունքում որոշվեց կենտրոնի կողմից ձևավորել և մշակել վերհանված խնդիրների լուծման վերաբերյալ հնչաց բոլոր առաջարկությունները և ամփոփ տեսքով ներկայացնել կառավարությանը:

ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոն