2,769 view

Գյուղմթերքների չորացում արևի էներգիայի միջոցով: Ուսուցողական սեմինար Երևանի Օրհուս կենտրոնում

18.11.2015
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայ կանայք ստեղծում են բարիքներ ողջ տարվա համար» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 17-ին Երևանի Օրհու կենտրոնում տեղի ունեցավ ուսուցողական սեմինար «Արևային չորանոցների պատրաստում» թեմայով: Նպատակն էր տեղեկացնել մասնակիցներին արևային չորանոցների կառուցվածքի և առավելությունների մասին, որպեսզի նրանք տեղում կարողանան ինքնուրույն պատրաստել նմանատիպ չորանոցներ:
Սեմինարին մասնակցեցին 20 կին և տղամարդ ֆերմերներ հրավիրված Կոտայքի մարզի Սոլակ և Արարատի մարզի Դիտակ համայնքներից:
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի ֆերմերները, ցավոք, չկարողացան մասնակցել, քանի որ Ոսկեվանի ճանապարհն այժմ ադրբեջանցիների կրակոցների տակ է:

Սեմինարի ընթացքում մասնակիցներին տրամադրվեց տեղեկատվական փաթեթ, որը պարունակում էր արևային չորանոցների մասին տեղեկատվական թերթիկ և համապատասխան սխեմաներ:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի մասնագետ Լիլիկ Սիմոնյանը հակիրճ ներկայացրեց ծրագրով կատարված գործողությունները և պատմական տվյալներ Հայաստանում չրերի արատդրության վերաբերյալ:
«Հայաստանն ունի մրգերից չիր և խաղողից չամիչ պատրաստելու բազմադարյան ավանդույթ: Այդ մասին են վկայում մ.թ.ա. 5-րդ դարի հույն պատմաբան Հերոդոտի հիշատակարանները, ըստ որոնց` հայ վաճառականները Եփրատ և Տիգրիս գետերով տեղափոխել են գինիներ, չորացված ծիրան, դեղձ և այլ մթերքներ»,-նշեց նա:

Կազմակերպության մասնագետ Քնարիկ Գրիգորյանն էլ ներկայացրեց արևային չորանոցի առավելությունները, խոսեց կառուցված չորանոցների թերությունների բացահայտման և վարպետների ճիշտ լուծումների կիրառման մասին: «Ա.Ռ. Մ. Ե.» ընկերության տնօրեն Արշավիր Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց այս ծրագրով կառուցված արևային չորանոցի սխեմաները: Թվարկեց ինչ նյութեր են անհրաժեշտ կառուցման համար, ինչն է ապահովում չորանոցի ամրությունը, ինչպես տեղափոխել այն և այլն:

Ֆերմերներն իրենց գոհունակությունը հայտնեցին սեմինարից: Համոզմունք հայտնեցին, որ չորանոցների շնորհիվ իրենց այգիների բերքը ոչ միայն չի փչանա, այլև՝ իրենց օգուտներ կբերի: Նաև նշեցին, որ իրենք մեծ հույսեր են կապում չորանոցների հետ, քանի որ հայկական քաղցրավենիքի շուկայում հայտնի «Գրանդ Քենդի» ընկերությունը ցանկություն է հայտնել գնել հենց արևային էներգիայով չորացված չրեր:

Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ փոստ` info@aarhus.am
Հեռ. + 374 11 818 593