4,777 view
Դեպի Փարիզ՝ Հայաստանը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմ երկրների համաժողովի 21–րդ նստաշրջանի նախաշեմին
11.11.2015
«Խազեր» էկոլոգամշակությանին ՀԿ նախաձեռնությամբ ս.թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ կոնֆերանս՝ «Դեպի Փարիզ՝ Հայաստանը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմերի 21–րդ նստաշրջանի նախաշեմին» վերտառությամբ: Այն նպատակաուղղված էր Փարզում կայանալիք կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովի խնդիրների լուսաբանմանն ու կոնվենցիայի դրույթների իրականացման Հայաստանի ապագա անելիքների քննարկմանը:
Կոնֆերանսի բացման պատիվը տրված էր «Արտ-ոկալ» երգչախմբին, որը կատարեց Նարեկացու «Գոհար Վարդը» վարդավառի տաղը և ժողովրդական երգեր:

Սա ևս խորը իմաստ ուներ և բխում էր կազմակերպության նպատակից ու սկզբունքից, ըստ որի. «Բնության պահպանությունն ամենից առաջ բարոյական խնդիր է և միահյուսված է մշակութային ու հոգևոր ժառանգության պահպանման հետ»:

Կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային ջանքերը սկիզբ են առել 1994թ.-ին՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ուժի մեջ մտնելուն պես: Սակայն մինչ այժմ մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակության աճը և դրա հետևանքով գլոբալ ջերմաստիճանի աճը չի հաջողվում զսպել: Ներկայումս այն հասել է 0.85oC –ի՝ համեմատած նախաարդյունաբերական ժամանակաշրջանի գլոբալ միջին ջերմաստիճանի հետ: Հայաստանում այն գերազանցել է 1oC- ը: Կարելի է փաստել, որ գլոբալ տաքացման տեմպը գերազանցել է 90-ական թվականների ամենավատատեսական կանխատեսումները:

Կլիմայի փոփոխության հիմնախնդրի շուրջ 20 տարուց ավել միջպետական սուր և անզիջում բանակցությունները վկայում են, որ ներկայումս աշխարհում հաստատված սոցիալական ու տնտեսական համակարգում խնդրի լուծումը կասկած է հարուցում: Տնտեսապես ամենազարգացած ու միաժամանակ բարձր արտանետումներ ունեցող պետությունները հակառակ նույնիսկ իրենց քաղաքացիների և ապագա սերունդների շահերի, չեն ցանկանում մասնակցել ջերմոցային գազերի արտանետումների կրճատման նույնիսկ ամենահամեստ համամոլորակային ջանքերին, որոնք նախատեսված են Կիոտոյի արձանագրությամբ: Ռուսաստանը, Ճապոնիան, Նոր Զելանդիան չեն մասնակցում Կիոտոյի արձանագրության պարտավորությունների II-րդ ժամանակաշրջանին (2013-2020թթ), իսկ Կանադան, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, ընդհանրապես դուրս է եկել արձանագրությունից:Ներկայացնելով քաղաքացիական հասարակությունը ներկայացնող ՀԿ-ների տեսակետը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի իրականացման հարցում՝ նախաձեռնող կազմակերպության ներկայացուցիչն իր ելույթում նշեց, որ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության կանխման հարցում աշխարհի բոլոր երկրների քաղաքացիների շահերի համընկնումը, պետք է ձևավորել քաղաքացիական հասարակության ներգրավման ու մասնակցության գործուն մեխանիզմ՝ իր հստակ, օբյեկտիվորեն գործող լծակներով: Կոչ արվեց միանալ այդ ուղղությամբ տարվող գործընթացին:

«Քաղաքացիական հասարակությունը պետք է ունենա իրական լծակներ, այլ ոչ թե թղթի վրա գրած ինչ որ ակտեր, որոնք իրենց հիմքում չունեն նութական միջոցներ: Դրա հեռանկարային առաջին քայլը պետք է լինի քաղաքացիական հիմնադրամի ստեղծումը, որը հիմքեր կստեղծի, որ քաղաքացին հանդես գա որպես պատվիրատու, այլ ոչ դիտորդ», նշեց «Խազեր» էկոլոգամշակությանին ՀԿ նախագահ Ամալյա Համբարձումյանը:

Հարցի շուրջ ծավալվեց քննարկում: Առաջարկվեցին հարցի զարգացման ու լուծման տարբերակներ: Հայաստանի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչները տեղեկացրին, որ իրենց շուրջ ձևավորված քաղաքացիական խմբերը ի սկզբանե պաշտպանել ու պաշտպանում են քաղաքացիական շրջանառու հիմնադրամների ստեղծման գաղափարը, քանզի այն լուրջ միջոց է հանդիսանալու համայնքների զարգացման և միաժամանակ կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող տարաբնույթ խնդիրները լուծելու համար: «Այլապես ի՞նչ կունենան մեր երկրի ներկա ու ապագա քաղաքացիները տարիներ անց, երբ երկրի ամբողջ ընդերքը շահագործված լինի»,- նշեց Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու Մարի Չաքրյանը:

Փարիզում կայանալիք Կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովում նախատեսվում է ընդունել իրավական ուժ ունեցող միջազգային համաձայնագիր, ըստ որի աշխարհի բոլոր պետությունները պետք է ստանձնեն Կլիմայի փոփոխության զսպմանը նպատակաուղղված պարտավորություններ (կամ ինչպես որոշված է անվանել՝ ներդրումներ):
ՀՀ դիրքորոշումը («Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող ներդրումները» INDC-ն) հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2015թ.-ի սեպտեմբերի 10-ի N41 արձանագրային որոշմամբ:
Այդ փաստաթղթում հաստատագրված դիրքորոշումը համառոտ կարելի է ձևակերպել այսպես. «Չգերազանցել ջերմոցային գազերի արտանետումները բնության ինքնավերականգման ունակության սահմանից: Այդ սահմանային, էկոլոգիապես թույլատրելի չափաքանակները նորմավորել աշհարհի բնակչության յուրաքանչյուր անձի նկատմամբ հավասարաչափ և այդ ցուցանիշից ելնելով սահմանել ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակմանը նպատակաուղղված յուրաքանչյուր պետության պարտավորությունը»:

Այս սկզբունքը համահունչ է մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների տեսակետին, սակայն քիչ պետություններ են պատրաստ այս արդար սկզբունքը որդեգրել:

Հանդիպման ավարտին որոշվեց շարունակական բնույթ տալ կոնֆերանսին ու պարբերաբար տեղեկացնել հասարակայնությանը կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծման ուղղությամբ ընթացող գործընթացների մասին և միաժամանակ գործուն մեխանիզմներ մշակել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ:

Կոնֆերանսի անցկացմանն աջակցել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Ֆրանսիայի դեսպանատունը Հայաստանում և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:

Մամլո հաղորդագրություն

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ-փոստ՝ aarhusnews@gmail.com