5,041 view

Էկոտուրիզմի զարգացման հեռանկարների քննարկում Հրազդանում

03.11.2015
Հոկտեմբերի 23-ին Հրազդանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ «Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով սեմինար-քննարկում: Նպատակը` ստեղծել երիտասարդների խումբ, որը կաջակցի «Առողջ միջավայր» նորաստեղծ ՀԿ-ին նպատակային գործունեություն ծավալելու որդեգրած չորս ոլորտներից մեկի՝ էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ:
Քննարկմանը մասնակցում էին ՀԿ ներկայացուցիչներ, երիտասարդներ: Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգողը ներկայացրեց, թե ինչ է էկոտուրիզմը և ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում էկոտուրիզմի զարգացման համար:

Սեմինարը անցկացվում էր քննարկման և հարց ու պատասխանի միջոցով, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց լսարանում:

Երիտասարդ մասնակիցներից Ա. Այվազյանը, հարուստ գիտելիքներ ունենալով բնագավառի վերաբերյալ, բավականին օգտակար տեղեկություններ տվեց տարածաշրջանի պատմամշակութային վայրերում առկա խնդիրների մասին և ներկայացրեց առաջարկներ տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացման վերաբերյալ: Նա Ջրառատի պատմության թանգարանի հիմնադիրն է: 2002թ.-ից` 12 տարեկան հասակից, զբաղվում է նմուշների հավաքման աշխատանքներով: Տարիների ընթացքում հնագիտական պեղածո-գտածոներից, ազգագրական ու կենցաղային իրերից, խաչքարագործության, կավագործության, գորգագործության նմուշներից, կինո-ֆոտո նյութերից հավաքված ցուցանմուշների թիվն ավելացնելով հասցրել է 18.000-ի: Ա. Այվազյանը բազմաթիվ միջոցառումներ իրականացրել է սեփական միջոցներով, երբեմն քաղաքապետարանի օժանդակությամբ կազմակերպել է գիտական արշավներ, պատմամշակութային հուշարձանների տարածքի մաքրման աշխատանքներ, հայտնաբերած հնագիտական առարկաների գույքագրում և այլ միջոցառումներեր՝ ներգրավելով իր իսկ նախաձեռնությամբ թանգարանի հենքի վրա ստեղծված «Պատանի Հնասերների Ակումբ»-ի և «Եկեղեցասեր երիտասարդաց միության» անդամներին:

Մասնակիցների խնդրանքով Ա. Այվազյանը հանձն առավ ՀԿ-ի գործունեության էկոտուրիզմի թևի ղեկավարումը: Որոշվեց առաջիկա օրերին Օրհուս կենտրոնում թեմայի վերաբերյալ կազմակերպել շնորհանդեսի ներկայացում` ավելի լայն լսարանի համար:

Անահիտ Մնացականյան
Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 91 66 33 16, 93 84 30 08
Էլ.-փոստ` info_hrazdan@aarhus.am , zhora.arakelyan@mail.ru , manahit84@mail.ru