5,230 view
ԳԷՀ ՓԴԾ 6-րդ գործառնական փուլի շրջանակներում Հայաստանի ծրագրային ռազմավարության մշակման մարզային խորհրդակցական հանդիպումներ և կարողությունների զարգացման դասընթացներ Օրհուս կենտրոններում
30.10.2015
Սույն թվականի սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի հինգ մարզերում (Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Շիրակ և Լոռի) «Հայաստանում ԳԷՀ ՓԴԾ 6-րդ գործառնական փուլի շրջանակներում Հայաստանի ծրագրային ռազմավարության մշակում» ծրագրի շրջանակներում անցկացվեցին «Շահագրգիռ կողմերի հետ մարզային խորհրդակցական հանդիպումներ և կարողությունների զարգացման դասընթացներ»: Նպատակն էր՝ զարգացնել շահագրգիռ կողմերի կարողությունները ԳԷՀ ՓԴԾ ռազմավարական ուղղություններով, բարձրացնել հանրության իրազեկության մակարդակը ԳԷՀ ՓԴԾ-ի 6-րդ
գործառնական փուլի համար Հայաստանի ծրագրային ռազմավարության մշակման գործընթացի մասին,
ներկայացնել այս փուլում առաջարկվող ցամաքային լանդշաֆտների քննարկվող տարբերակները և պարզել, թե հանրությունը, որ լանդշաֆտն է նախընտրում որպես թիրախային 6-րդ գործառնական փուլի ծրագրերի համար:

Հանդիպումները մարզերում անցկացվել են հիմնականում Օրհուս կենտրոնների հայկական ցանցի կազմակերպական աջակցությամբ և հենց կենտրոնների հանդիպումների սենյակներում:

Հանդիպումներին մասնակցել են ներկայացուցիչներ մարզերի ոլորտային ՔՀԿ-ներից, տարածքային կառավարման մարմինների բնապահպանական բաժիններից, շահագրգիռ համայնքների ՏԻՄ-երի աշխատակազմերից և տարբեր կրթական հաստատություններից:

Կարողությունների զարգացման դասընթացի շրջանակներում հանդիպման մասնակիցներին ներկայացվել է ԳԷՀ-ի 5 թիրախային ոլորտների՝ կենսաբազմազանության պահպանություն, կլիմայի փոփոխության մեղմում, հողերի դեգրադացիայի կանխարգելում, ջրերի պահպանություն և վնասակար քիմիական նյութերի ազդեցության նվազեցում, վերաբերյալ հիմնական տեղեկություններ` դրանք կապելով Հայաստանում այսօր տիրող իրողությունների և համայնքերում առկա բնապահպանական և սոցիալական հիմնախնդիրների հետ:

Հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցներին բազային տեղեկություններ են ներկայացվել ԳԷՀ ՓԴԾ-ի աշխատանքային հիմնական սկզբունքների և իրականացված գործունեության վերաբերյալ` բերելով և ցուցադրելով կոնկրետ օրինակներ ԳԷՀ ՓԴԾ-ի ֆինանսավորմամբ իրականացված հաջողված ծրագրերից և փորձից:
Այնուհետև ներկայացվել են ԳԷՀ ՓԴԾ-ի 6-րդ գործառնական փուլում առաջարկվող չորս ռազմավարական ուղղությունները և ՀՀ-ի ցամաքային լանդշաֆտների (էկոհամակարգերի) քննարկվող տարբերակները` լեռնային, չորային և կիսաչորային, անտառային էկոհամակարգեր, Արաքսի և Քուռի գետավազաններ:

Մասնակիցներին առաջարկվել է ներկայացվածներից ըստ առաջնայնության ընտրել կամ առաջարկել այլ էկոհամակարգեր, որոնք ըստ նրանց սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծման առումով առաջնահերթային թիրախային լանդշաֆտներ են ՀՀ համար:

Դասընթացները վարել է Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանը: Հանդիպում-քննարկումների ընթացքում հնչած կարծիքներն ու տեսակետները հավաքվել, ամփոփվել և ներկայացվել են վերոհիշյալ ծրագիրն իրականացնող թիմին և դրանք հաշվի կառնվեն ու կօգտագործվեն Հայաստանում ԳԷՀ ՓԴԾ 6-րդ գործառնական փուլում Հայաստանի ծրագրային ռազմավարության մշակման գործընթացում:

Գևորգ Պետրոսյան
Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 71 45 33
Էլ. փոստ. gyumricenter@gmail.com
Խմբագիր` Մարի Չաքրյան

Հանդիպումների մասնակիցների ցուցակներ