4,600 view

Դիլիջանի միջազգային դպրոցի պատվիրակության այցը Ալավերդու Օրհուս կենտրոն

22.10.2015
Հոկտեմբերի 21-ին Ալավերդու Օրհուս կենտրոնում հյուր էին Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողներն ու դասախոսները: Մի քանի օր Ալավերդի քաղաքում շրջելուց, պատմամշակութային վայրեր ու տարբեր հիմնարկ-ձեռնարկություններ այցելելուց հետո, նրանց վերջին կանգառը Օրհուս կենտրոնում էր:
Ուսանողները տարբեր երկրներից էին, ովքեր խոստովանեցին, որ թեպետ Հայաստանի քիչ վայրերում են եղել, սակայն հասցրել են սիրել մեր երկիրը, մարդկանց ու մշակույթը:
Ուսանողներից մեկը ներկայացրեց, որ իրենց այցի նպատակը ճանաչողական է, հիացած են Լոռու

բնությամբ, սակայն նկատելի են բնապահպանական խնդիրները, ուստի խնդրեցին պարզաբանումներ և տեղեկատվություն:Նրանց կողմից հնչեցված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Խոսվեց ՀՀ շրջակա միջավայրին վերաբերող օրենսդրության և միջազգային կոնվենցիաների մասին, Հայաստանի Օրհուս կենտրոնների գործունեության ու համակողմանի համագործակցությունների մասին:

Արտասահմանցի ուսանողներին ամենից շատ հետաքրքրեց շրջակա միջավայրի առնչությամբ կարևորագույն որոշուների ընդունման նախնական փուլից սկսած հասարակության ներգրավվածության հարցը, համեմատություններ անցկացրին՝ իրենց երկրների օրինակները բերելով:Այնուհետեւ հանդիպումը շարունակվեց Ալավերդու երիտասարդական կենտրոնում՝ քաղաքի ակտիվ երիտասարդների մասնակցությամբ: Քննարկվեցին հատկապես երիտասարդների ակտիվության, հկ-ների գործունեության, համայնքային բյուջեի բնապահպանական մասի, ինչպես նաև երիտասարդների աշխատանքի տեղավորման, կադրային, մասնագիտական ու կրթական հարցեր: Փոխանակվեցին կոնտակտային տվյալներով, պլանավորեցին փոխադարձ այցելություն Դիլիջանի միջազգային դպրոց: Երիտասարդների խոսքով, անհրաժեշտ են անմիջական ու շարունակական շփումներ, համագործակցություններ: Որոշեցին համատեղ կազմակերպել նաև բնապահպանական միջոցառուներ՝ որպես կապուղի օգտագործելով Օրհուս կենտրոնի ընձեռած հարթակը:

Միջազգային դպրոցի ուսանողական պատվիրակությունն ու Ալավերդու երիտասարդները միմյանցից բաժանվեցին Օրհուս կենտրոնում կրկին հանդիպելու ակնկալիքով:

Մասնակիցների ցուցակ

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 253 60 645 295 (ներքին՝ 191)
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am