4,399 view

«Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման» նախագծի մեկնարկը տրված է

21.10.2015
Հոկտեմբերի 20-ին Եղվարդի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման նախագծի շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման հայտ» փաստաթղթի վերաբերյալ առաջին հանրային լսումը (քննարկում): Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ԳՆ Ջրային Տնտեսության Պետական կոմիտեից (ՋՏՊԿ), Ճապոնիայի Միջազգային Համագործակցության գործակալությունից (ՃՄՀԳ), նախագծի ՇՄԱԳ-ն իրականացնող «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ-ից, Եղվարդ, Քասախ, Աշտարակ և այլ համայնքապետարաններից, տարածքային ՋՕԸ-ներից,

Եղվարդի Օրհուս կենտրոնից, բնակիչներ և այլ շահագրգիռ անձինք:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳՆ ՋՏՊԿ նախագահի տեղակալ Վ. Նարիմանյանը: Նա մեջբերեց ՀՀ ԳՆ ՋՏՊԿ նախագահ Ա. Հարությունյանի խոսքը, ըստ որի կարևորվում է ջրամբարի կառուցումը՝ սոցիալական, բնապահպանական, ոռոգման բարելավման և աշխատատեղերի բացման առումով:

Եղվարդի փոխքաղաքապետ Կ. Հարությունյանը ևս խոսեց հանրապետությունում ջրամբարաշինության կարևոր դերի մասին՝ մատնանշելով Եղվարդի ջրամբարի կառուցման կարևորությունը:

Այնուհետև Եղվարդի ջրամբարի նախագծի ծրագրի պատասխանատու Խ. Ծառուկյանը շնորհանդեսի միջոցով ներկայացրեց Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման նախագծի նկարագիրը՝ խոսելով ծրագրի իրականացման կառուցվածքի, նախագծի վայրի, շահառու տարածքի մասին: Քարտեզի միջոցով ներկայացրեց թե Արզնի-Շամիրամ ջրանցքից ջուրն ինչպես պետք է բերվի ջրամբար: Խ. Ծառուկյանը տեղեկացրեց նաև, որ 900հա տարածք զբաղեցնող ջրամբարի կառուցման արդյունքում պահեստավորվելու է 90մլն խմ ջուր: Ինչի շնորհիվ կնվազեն Սևանա լճից շահառու տարածքների ոռոգման նպատակով օգտագործվող ջրի ծավալները, կստեղծվի ոռոգման ջրի ռազմավարական պաշար, որը հատկապես անհրաժեշտ կլինի երաշտի ժամանակաշրջանում, էլեկտրաէներգիայի զգալի խնայում կկատարվի՝ առանց պոմպակայանների ինքնահոս ոռոգման համակարգի ներդրման արդյունքում:

Այնուհետև ծավալվեց քննարկում: Եղվարդի ՋՕԸ գործադիր տնօրեն Մ. Հովհաննիսյանը, ողջունելով հանրային քննարկումը, նշեց, որ Ճապոնական կողմի ներկայացուցիչների հետ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, քննարկել մի շարք հարցեր: Հարց ուղղեց ջրանցիկությունը և ջրանցաթափանցիկությունը որոշելու նպատակով իրականացվող գէոլոգիական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Ջրամբարի պլանավորման պատասխանատու Հարուո Հիկին պատասխանեց, որ ստորգետնյա ջրերի և երկրաբանական հետազոտությունները սկսվել են հունիս ամսից: Հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ ջրաթափանցիկության գործակիցը մեծ է, որի պատճառով ջրակայուն շերտերի տեղադրման անհրաժեշտություն է առաջանում՝ ավելացնելով, որ ծրագրի ծախսերը մեծապես կախված են այդ շերտերի տեսակից և կառուցման եղանակից:

Եղվարդի փոխքաղաքապետ Կ. Հարությունյանը հարց բարձրացրեց բնապահպանական ազդեցության վերաբերյալ: ՃՄՀԳ –ի բնապահպանական հարցերի պատասխանատու Ռիե Կիտաոն պատասխանեց, որ բնապահպանական ազդեցությունների ուսումնասիրությունը դեռևս ընթացքի մեջ է. ուսումնասիրվում է տարածքի էկոհամակարգը, մասնավորապես ուսումնասիրվում է Քասախ և Հրազդան գետերի ձկնաշխարհի վրա հնարավոր ազդեցությունը, ինչպես նաև շահառու տարածքներում թունավոր քիմիկատների և պեստիցիդների օգտագործման պատճառով ջրի և հողերի վրա ազդեցությունը:

ՀՀ ԳՆ ՋՏՊԿ նախագահի տեղակալ Վ. Նարիմանյանը ճապոնական կողմի խորհրդատուին հարց ուղղեց ջրամբարաշինության ժամանակ բնապահպանական և սոցիալական ռիսկերի հետ կապված և, թե դրանք ինչքանով են բնորոշ Եղվարդի ջրամբարին:

Ռիե Կիտաոն նշեց, որ քանի որ ջրամբարի կառուցման շինարարակական աշխատանքների ընթացքում կիրառվելու են մեծ քանակությամբ տեխնիկաներ, ապա ենթադրվում է որոշակիորեն օդի աղտոտում, ինչպես նաև առկա է Հրազդան և Քասախ գետերի ջրերի միախառնվելու արդյունքում միախառնված էկոհամակարգի առաջացման հավականություն: Հավաստիացրեց, որ իրենց նպատակն է հնարավորինս նվազագույնի հասցնել բնապահպանական ազդեցությունը:

Ջրամբարի տարածքում հանգստյան գոտիների կառուցման վերաբերյալ Աշտարակի քաղաքապետ Ա. Անտոնյանի հարցին ի պատասխան նշվեց, որ դեռևս նման նախագիծ նախատեսված չէ:

Հանդիպման ընթացքում բարձրացվեցին ջրագծերի, հողերի կարգավիճակի, հնարավոր վերաբնակեցման/հողհատկացման, հողերի օտարման, հողաշերտի տեղափոխման, տեխնիկատնտեսական հիմնավորման, ջրամբարի հնարավոր տիղմակալման, ճահճակալման, սոցիալական և այլ հարցեր:

Վ. Նարիմանյանն, ամփոփելով քննարկումը, ներկաներին շնորհակալություն հայտնեց քննարկմանը մասնակցելու համար, կազմակերպիչներին՝ աջակցության համար, այդ թվում՝ Եղվարդի քաղաքապետարանին, Ճապոնիայի Միջազգային Համագործակցության գործակալությանը, Եղվարդի Օրհուս կնետրոնին: Այսօրվա հանդիպումը պատմական իրադարձության մեկնարկային օրը համարեց:

Հանդիպումից հետո ՋՏՊԿ և ՃՄՀԳ ներկայացուցիչները Օրհուս կենտրոնում քննարկեցին հետագա քայլերը և այլ հարցեր:

http://www.scws.am/am/information-center/releases/show/130/0

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Անուշ Բեյբության
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող

Հեռ. ` (+374) 224 22933, 94 331055, 91 41 14 35
Էլ-փոստ՝ ruzannamanyan@gmail.com , anush.beybutyan@mail.ru