2,230 view

Օրհուս կենտրոնի միջնորդությամբ ձևավորվել է համագործակցություն ՀԿ և ՏԻՄ միջև

29.09.2015
Ալավերդու Օրհուս կենտրոնում սեպտեմբերի 29-ին կազմակերպված կլոր սեղանի նպատակը բնապահպանական ոլորտում որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելն էր և տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Մասնակցում էին նորաստեղծ «Նոր Ալավերդի» ՀԿ անդամներն ու նախագահը, Ալավերդու քաղաքապետն ու փոխքաղաքապետը:
Օրհուս կենտրոնի համակարգողը ասաց, որ երիտասարդների ակտիվությունը, հասարակական կազմակերպության ակտիվ գործունեությունը և համագործակցությունների շրջանակը մեծ դեր ունեն
համայնքային խնդիրների լուծման և համայնքի զարգացման համար:

Ալավերդու նոր քաղաքապետը, թեև առաջին անգամ չէր հանդիպում «Նոր Ալավերդի» ՀԿ անդամներին, սակայն կրկին նշեց երիտասարդների դերի կարևորության, մասնակցային ու կառուցողական գործունեության մասին: Քաղաքապետը ներկայացրեց, որ իր համար առաջնային են բնապահպանական խնդիրները: Կոչ արեց մշտապես ակտիվ և հետևողական լինել, չսահմանափակվել ու հնարավորինս շատ թվով երիտասարդների ներգրավել, քննադատորեն և սրտացավորեն մոտենալ ցանկացած հարցի: Նա նշեց նաև, որ առողջ քննադատությունն ու պահանջատիրությունը միայն կհանգեցնեն արդյունավետ ու փոխշահավետ գործունեության:

Երիտասարդները քաղաքապետին խնդրեցին հիմնել երիտասարդական կենտրոն՝ պատճառաբանելով, որ միայն Օրհուս կենտրոնը բավարար չէ, քանի որ կան բնապահպանության հետ շղթայական՝ սեցիալական, տնտեսական, մշակութային, տուրիստական հարցեր: Առաջարկը ողջունվեց և ընդունվեց քաղաքապետի կողմից: Տեղում մի քանի հարցեր քննարկելուց հետո նա «Նոր Ալվերդի» ՀԿ-ին երիտասարդական կենտրնի հիմնման նպատակով տրամադրեց քաղաքի նախկին «Պիոներ տան» շենքը:

Քննարկվեցին համայնքի այն խնդիրները, որոնք վերաբերում են բնապահպանությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը: Խոսվեց 2016-ին բնապահպանական սուբվենցիաների զրոյացման մասին: ՀԿ անդամները տեղեկացրին, որ աշխատանքներ են տանում, որպեսզի դրամաշնորհային ծրագրերի միջոցով կարողանան համայնքում խնդիրների որոշակի լուծումների հասնել:

Միջոցառման ավարտին մասնակիցներին ներկայացվեց «Եկեղեցու և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացների վրա» ծրագրի մասին, որտեղ ներգրավված է նաև Ալավերդին:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 253 60 645 295 (ներքին՝ 191)
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am